Եվս մի մարտիկ

Եվս մի մարտիկ

Երեկ բանտից ազատ արձակվեց գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը 2013 թվականին էր կալանավորվել եւ խարդախության համար դատապարտվել 6 տարի ազատազրկման։ Բանտից ազատվելով, նա ոչ թե տուն գնաց՝ իր վեց զավակներին տեսնելու, այլ ուղիղ Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ իր բողոքը հայտնելու։ Բացի այն, որ նա հայտարարել էր, թե պետք է պայքարել հանուն արդարության, հանուն իշխանափոխության, մի կարեւոր հարց էլ է երեկ բարձրացրել՝ վաղաժամկետ ազատման ինստիտուտի չգործելու հարցը։ «Ես երկու տարի եղել եմ գերի, որովհետեւ ես 2 տարի առաջ կարող էի վաղաժամկետով կամ բաց ռեժիմ դուրս գալ, կամ հանրային աշխատանքի։ Ամեն ինչ արեցին, որ մինչեւ վերջին օրը պահեն, ու մենակ ես չեմ։ Իմ պահանջները լինելու են, որպեսզի վաղաժամկետը դատապարտյալների համար գործի»,- ասել է նա։ 3 տարի 8 ամիս նա անցկացրել է կալանավայրում, մինչդեռ միայն 6 զավակի հայր լինելու հանգամանքը բավարար էր, որ նրա նկատմամբ ներողամիտ լինեին եւ վաղաժամկետ ազատ արձակեին։ Ի վերջո, տարիներ շարունակ խոսվում է այդ մասին, որ վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը չի գործում՝ նման հնարավորությունը միայն թղթի վրա է, շատ քիչ երջանիկների է հաջողվում օգտվել օրենքի այդ կետից, եւ ոչինչ՝ ոչ մի հետեւանք դա չի ունենում։ Ոչ խեղճացած ու հնազանդ դատական համակարգն է ընդվզում, ոչ հասարակությունը, ոչ էլ իշխանությունն է բարի կամք դրսեւորում՝ այս հարցը կարգավորելով։ Հրապարակից Ավետիսյանն ընկերների հետ գնացել է Արարատ Խանդոյանի դատական նիստին, ում համար մեղադրողը միջնորդել է 4 տարվա ազատազրկում։ Եվ այստեղ հայտարարել է․ «Թող սպանեն, չեմ վախենում ոչ մի բանից, թող տանեն 20 տարի էլ դատեն, խնդիր չունեմ։ Հայ ժողովրդի համար ես պատրաստ եմ ամեն ինչի»։