Ոգեւորության պակաս կա օդում

Ոգեւորության պակաս կա օդում

Մեզ բոլորիս մի քիչ ոգեւորություն է պակասում։ Առանց ոգեւորության ոչ մի բան չի լինում՝ ոչ լավ գործ, ոչ առողջ հարաբերություններ, ոչ բարեկեցություն։ Բայց մեզանում հոգնած, ավելի շուտ՝ բեզարած լինելն է մոդա, երբ ամեն ինչի վրա թքած ունես, ամեն ինչ մերժում ես, բոյկոտում ու ծաղրում։ Նմանների համար ոգեւորված լինելը միայն ծաղրի ու առնվազն զարմանքի տեղիք կարող է տալ։ Ասենք, վարչապետի ոգեւորությունը, որը նա օտար «դրայվ» բառով է որակում, կարող է մատի փաթաթան դառնալ, եւ նրա մասին գրված ոչ մի հոդվածում առանց այդ բառի հնարավոր չէ յոլա գնալ։ Իսկ նորաթուխ ընդդիմության՝ «Ելքի» ոգեւորությունը եւ բոլոր քննարկվող հարցերի շուրջ ելույթները կարող են արժանանալ «նոր ՕԵԿ է ծնվում» բնորոշմանը։ Մինչդեռ հենց ոգեւորությունն էր, որ 2016-ի ապրիլի 2-ին մեր տղամարդկանց մղում էր դեպի ռազմի դաշտ։ Մեր սահմանները պաշտպանող երիտասարդ տղաներն ու ազատամարտիկները հենց այդ զգացումով էին մարտնչում՝ պաշտպանելով հայրենիքի սահմաններն ու զոհելով ամենաթանկ բանը՝ կյանքը։ Այդ ոգեւորությունն էր երիտասարդներին ստիպել, որ 2015-ի ամռանը փակեն Բաղրամյան պողոտան ու պայքարեն հոսանքի չպատճառաբանված թանկացման դեմ։ Իսկ ավելի վաղ՝ օրեր լուսացնեն փոքրիկ պուրակում, որը միայն նրանց ջանքերով չվերածվեց հերթական «բազարի», այլ «Մաշտոցի պուրակ» անունն ստացավ ու դարձավ զբոսանքի համար շատ հաճելի վայր։ Միայն ոգեւորությունից են ծնվում բարձրարժեք արվեստի գործերը՝ պոեզիա, արձակ, երաժշտություն, գեղանկար, թատրոն, կինո։ Առանց ոգեւորության անգամ հետաքրքիր հոդված հնարավոր չէ գրել։ Հոգնած ու հազիվ օր մթնացնող մարդիկ, որ չգիտեն ոգեւորությունն ինչ է, ոչ սիրել գիտեն, ոչ արարել, ոչ ապրել։ Մեզ բոլորիս մի քիչ ոգեւորություն է պակասում։