Ափսոս էր երկիրը

Ափսոս էր երկիրը

Սեփական ժողովրդին խաբելուց վատ բան չկա։ Այն իշխանությունը, որն ընտրում է հասարակությանը խաբելու, մոլորեցնելու ճանապարհը դատապարտված է կործանման։ Բայց մեզանում հենց այդ ոճն է ամենահարգին եւ նրանք, ովքեր ավելի շատ ու ավելի հմուտ են խաբում, խելացի ու ճարպիկ մարդկանց համարում ունեն, երկարակյաց իշխանություն լինելու հավակնություններ։ Ինչե՜ր ասես չենք լսել այս տարիներին՝ էլ 50-60 հազար աշխատատեղ ստեղծելու, էլ նախկին խորհրդային երկրների 180 միլիոնանոց շուկան գրավելու, էլ հրաշագործ դեղամիջոցով աշխարհի բոլոր հիվանդներին բուժելու խոստումներ։ 2013-ին ԵԱՏՄ մտնելիս մեզ խոստացան անվտանգության հզոր համակարգ, ընդամենը 2 տարի անց մենք ստացանք ծանր պատերազմ ու անդառնալի կորուստներ։ Հայտարարեցին, որ Հայաստանը կվերականգնի պատմական Մետաքսի ուղին, կդառնա խաչմերուկ Եւրոպայի ու Արեւելքի միջեւ եւ թանկ վարկերի հաշվին նախաձեռնվեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցումը, բայց շուտով պարզվեց, որ այդ ճանապարհն անգամ մեր թոռները կարող է չտեսնեն։ Լոռվա անտառների հատման «գրանդիոզ» ծրագիր մեկնարկեց եւ բնության ապականումը խոստացան փոխհատուցել մեծ ֆինանսական մուտքերով, աշխատատեղերով, Լոռվա մարզը ծաղկեցնելու ծրագրերով, պարզվեց՝ այդ ամենը բլեֆ է։



Համայնքների խոշորացման ծրագիրը եթե անգամ վնաս չի տվել, ապա որեւէ օգուտ էլ չի բերել։ Ավագ դպրոցների համակարգն, արդեն խոստովանում են, չի արդարացրել իրեն։ Ընտրությունները վերածել են կոռուպցիոն գործընթացի, մրցույթները՝ նախապես հայտնի արդյունքներով ֆորմալ միջոցառումների։ Ընտրովի տնօրեններն ու ռեկտորները նշանակվում են։ Անցանկալիները, եթե դիմում չեն գրում, ապա հեռացվում են ատեստացիաների, ռոտացիաների, օպտիմիզացիաների ճանապարհով։ Պարզապես՝ ափսոս էր երկիրը։



Արմինե ՕՀԱՆՅԱՆ