Դա ինչպե՞ս է հնարավոր. Դուք Բեթհովե՞ն եք…

Դա ինչպե՞ս է հնարավոր. Դուք Բեթհովե՞ն եք…

Նման սրամիտ մի ասույթ կա, թե Անգլիայում մարդու մասին դատում են ազգանունով։ Գուցե փոքր-ինչ չափազանցված է, բայց եթե այդ կանոնը գործեր մերօրյա Գերմանիայում, ապա անձը, ում հետ կայացել է իմ այս հարցազրույցը, ամեն կարգի մեծարանքի կարժանանար նույնիսկ ոչինչ չարած, միայն իր ազգանվան համար, որ ներառում է «գրաֆ» եւ «ֆոն» մասնիկները: Ազգանվան «ֆոն» մասնիկն արդեն ցույց է տալիս ազնվական ծագում եւ պատկանելություն, մինչդեռ նրա ազգանվան մեջ կա նաեւ տիտղոսը` կոմս: Այդուհանդերձ, ոչ թե ազգանունը եւ արիստոկրատական պատկանելությունն է Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերին դարձրել հանրաճանաչ եւ մեծարանքի արժանի, այլ երաժշտի իր տաղանդը: 



Շտեֆանը վիրտուոզ դաշնակահար է, ով ավարտել է Բեռլինի Արվեստների համալսարանը, բայց ավելի էականը` նա բացառիկ եւ անպատկերացնելի կոմպոզիտոր է, ով վերակենդանացնում է համր կինեմատոգրաֆիան: Շտեֆանի համր-ֆիլմ-համերգին ներկա լինելուց հետո բարդ է հավատալ, թե ցուցադրվող ֆիլմը երբեւէ գոյություն է ունեցել առանց նրա երաժշտության: Մայիսի կեսերին, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան հրավերով, Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը Երեւանում էր եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ներկայացրեց «Լյութեր» համր-ֆիլմ-համերգը: Երեկոն նվիրված էր Մարթին Լյութերի կյանքին, գործունեությանը եւ 1517-ին հրապարակած «Իննսունհինգ թեզերի» 500-ամյա հոբելյանին․ այդ թեզերը սկիզբ դրեցին գերմանական Ռեֆորմացիային եւ ծնունդ տվեցին բողոքական եկեղեցուն:



Այդուհանդերձ, չնայած պատմական անհատների եւ իրադարձությունների հանդեպ իմ ողջ հարգանքին, ինչն այդ երեկո իսկապես տպավորություն գործեց եւ հիացրեց ինձ, Շտեֆանի հոյակապ երաժշտությունն էր` գրված 120 րոպե տեւողությամբ «Լյութեր» ֆիլմի (1928թ.) համար, եւ իր կենդանի դաշնամուրային նվագակցությունը, որ ուղեկցեց ֆիլմն առաջին կադրից մինչեւ վերջին ենթագիրը` առանց մեկ վայրկյան իսկ ընդհատվելու:



- Շտեֆան, անչափ շնորհակալություն Ձեզ հետ զրուցելու հնարավորության եւ բավականության համար: Ես դեռ Ձեր համր- ֆիլմ-համերգի տպավորության ներքո եմ. դա ինձ ուղղակի 1928-ի «Լյութեր» ֆիլմի վերածնունդ կամ վերհառնում է թվացել: Հետեւաբար, այդտեղից էլ սկսեմ. ե՞րբ, ինչպե՞ս առաջին անգամ Ձեր մտքով անցավ երաժշտություն գրել համր ֆիլմերի համար:



- Անկեղծորեն, դա պատահաբար է եղել: Այդ ժամանակ դեռ ուսանող էի, եւ ընկերներիցս մեկը մի օր խնդրեց, որ փորձեմ կարճ երաժշտություն գրել մի համր ֆիլմի համար: Ընկերս մտադրվել էր համր ֆիլմ ցուցադրել մի ակումբում եւ ցանկանում էր, որ ցուցադրությունն ուղեկցվի երաժշտական գործի (ավելի լավ՝ եթե նոր ստեղծագործության) կենդանի դաշնամուրային կատարմամբ` ժամանցը նորարար եւ աշխույժ դարձնելու համար: Դա 1998 թվականին էր, եւ այդ ժամանակ կենդանի դաշնամուրային նվագակցությամբ համր ֆիլմ ցուցադրելը թվում էր խենթություն:
Կինոնկարը, որ ընկերս մտադիր էր ցուցադրել, մի հին խորհրդային համր ֆիլմ էր, կոչվում էր «Նոր Բաբելոն»: Այն նկարահանվել է Ռուսաստանում, 1929-ին, եւ այդ ֆիլմի համար բազմաթիվ երաժշտություններից մեկն ստեղծել է Դմիտրի Շոստակովիչը: Ֆիլմի իրադարձությունները կատարվում են 1870-ականների Փարիզյան կոմունայի օրերին: Հավանաբար, խորհրդային իշխանությունները մտածել էին, որ 19-րդ դարավերջի Փարիզյան կոմունան կարելի է շաղկապել Ռուսաստանում կառուցվող կոմունիզմի հետ, դրա համար էլ ֆիլմը գաղափարախոսություն է կրում: Բայց Շոստակովիչը հարվածել է գաղափարական շեշտադրումներին, նրա երաժշտական մեկնաբանությունը քննադատական է եղել, օրինակ՝ հատելով «Մարսելյեզի» դիսոնանսները:



Սակայն մեր համերգը կայանում էր 20-րդ դարավերջի Գերմանիայում: Եվ կոմունիզմի մասին գեղարվեստական բանավեճն իմ առաջին մտահոգությունը չէր: Իսկ ֆիլմը մի ընկերությունում աշխատող աղջկա մասին է, որը սիրում է մի զինվորի: Աղջիկը եւ իր ընկերները հարում են հեղափոխական շարժմանը, ձգտում են կերտել նոր` արդարության եւ հավասարության աշխարհ: Բայց արքան զորք է ուղարկում հեղափոխականներին ճնշելու, եւ այդ զինվորն այժմ հարկադրվում է մարտնչել իր սիրած աղջկա դեմ: Արքայի զորքը հաղթում է (պատմականորեն այդպես էլ եղել է), եւ հեղափոխականներին դատապարտում են մահվան: Ֆիլմի վերջում զինվորական տղան գերեզմանափոս է փորում սիրած աղջկա համար: Այսինքն՝ ֆիլմը ողբերգական սիրո պատմություն էր` ամենախիտ գույներով: Իմ երաժշտությունն այդ ողբերգությանը շաղկապվեց, ի տարբերություն Շոստակովիչի ստեղծագործության, որ հավասարության եւ եղբայրության գաղափարներին էր նվիրված:



- Ահա թե ինչպես է համր ֆիլմերի համար երաժշտություն ստեղծելու գաղափարը ծնվել… հետաքրքիր է: Ենթադրում եմ՝ «Նոր Բաբելոնի» փորձը հաջողությամբ է պսակվել:



- Այո, այդպես է: Ընդսմին, առաջին ֆիլմ-համերգը կայացավ դրսում, բացօթյա, եւ ես չեմ մոռանում դաշնամուրը, որով առաջին անգամ ներկայացրի «Նոր Բաբելոն» ֆիլմի համար գրած իմ երաժշտությունը: Դա ոչ թե լավ դաշնամուր էր, ոչ թե վատ դաշնամուր էր, դա ուղղակի դաշնամուր չէր: Գործիքն ահավոր էր, համերգը բացօթյա էր, թույլ անձրեւում էր, բայց, չնայած այդքան աննպաստ պայմաններին, մարդկանց դուր էր եկել էքսպերիմենտը, բազմաթիվ մարդիկ ինձ մոտեցան, շնորհավորեցին եւ ասում էին, որ իմ երաժշտության տարբերակն իրենց ավելի է դուր եկել, քան նույն ֆիլմի համար Շոստակովիչի երաժշտությունը: Ահա, այդ ժամանակ իմ մտքով անցավ, որ համր ֆիլմերին հնարավոր է նոր մեկնաբանություն տալ, երբեմն նոր կյանք եւ իմաստ հաղորդել` դրանց համար նոր երաժշտություն գրելով:



- Այդպիսով Դուք ստեղծեցիք համերգային նոր ոճ, որը ես ժամանց չէի կոչի, այլ՝ արվեստ։ Էկրանին ցուցադրվող կինոնկարը եւ դաշնամուրային նվագակցությունը, որ մեկնաբանում է այն` ընդգծելով ամեն շարժումը, զգացումը, հայանցքն էկրանին, ուղղակի համր կինեմատոգրաֆիայի վերածնունդ է:



- Շնորհակալություն: Բազմաթիվ մարդիկ ողջ աշխարհում սիրեցին իմ համր-ֆիլմ-համերգները, ինչպես ես եմ դրանք կոչում: Ժամանակի ընթացքում ընտրելով համր ֆիլմեր եւ դրանց համար գրելով նոր երաժշտություն՝ ես ռեպերտուար ձեւավորեցի եւ 2004-ին դահլիճ վարձակալեցի Բեռլինում ու սկսեցի ներկայացնել իմ համր-ֆիլմ-համերգները: Հետաքրքիրն այն է, որ առաջին՝ բացման համերգի նախօրեին զանգեցի մի հեղինակավոր հանդեսի խմբագրություն, որոնք լուսաբանում են գեղարվեստին եւ երաժշտությանն առնչվող իրադարձություններ, միանգամայն ազդեցիկ են այդ ասպարեզում, եւ իրենց հրավիրեցի այդ առաջին համերգին, բայց իրենք առանձնապես չխանդավառվեցին հրավերից. «Օ՜, համր ֆիլմ, ախր, դա ո՞ւմ կարող է հետաքրքրել…»:



Ես համերգը տվեցի, եւ հենց այդ բացմանը սովորականից հինգ անգամ շատ հանդիսատես կար, հաջորդ համերգին էլ ավելի շատ հանդիսատես եկավ, այդպես երրորդը, չորրորդը, համերգները դարձան պարբերական, վերածվեցին սիրված ժամանցի, լայն լսարան ձեւավորեցին եւ անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում: Այդպես շարունակվեց ողջ 2004-05-ին: Դրանից հետո մինչ այսօր այդ նշածս պարբերականն իմ մասին արդեն երեւի երեսուն անգամ հոդված է գրել: Մի անգամ էլ իրենց հանդեսի շապիկին ես էի:



- Որքան ես գիտեմ դասական երաժշտության պատմությունը, երաժիշտների կյանքը, հազվադեպ է պատահել, որ քննադատները, լրագրողները գնահատեն, ընդունեն երաժշտական նորարարությունները: Բավական է հիշել, թե ինչպես Վագներին վերաբերվեցին, երբ նա առաջադրեց օպերայի կառուցվածքը վերափոխելու իր թեզը: Այնպես որ՝ դա հին եւ հաճախ կրկնվող պատմություն է: Շտեֆան, բայց դա ճի՞շտ է, որ Դուք երաժշտություն եք գրել համարյա ութ հարյուր համր ֆիլմի համար:



- Այո, ճիշտ է… համարյա 850 ֆիլմի համար:



- Դա ինչպե՞ս է հնարավոր. Դուք Բեթհովե՞ն եք…



- Օ, ոչ, դա կինոերաժշտություն է, դա այդքան խորը եւ լուրջ չէ:



- Ես Ձեր միայն մի ստեղծագործությունն եմ լսել` «Լյութեր» ֆիլմի երաժշտությունը, եւ կարող եմ վստահեցնել, որ այն ոչ միայն խորն է, այլեւ սքանչելիորեն գեղեցիկ, նաեւ՝ հզոր: Դուք կարծես հարություն եք տվել 1928-ին ստեղծված այդ ֆիլմին: Ես կինեմատոգրաֆիայի մեծ երկրպագու չեմ եւ, մանավանդ՝ համր ֆիլմերը սովորաբար ընկալել եմ կարճ, զվարճալի, կոմերցիոն բնույթի մի բան: Բայց Ձեր համերգի շնորհիվ բացահայտեցի, որ համր կինեմատոգրաֆիան էլ տպավորիչ լրջություն եւ արժեք ունեցող արվեստի գործեր է ստեղծել: Դուք ինչպե՞ս եք հանգել «Լյութեր» ֆիլմի համար երաժշտություն ստեղծելուն:



- Իրականում, «Լյութեր» ֆիլմը ես առաջին անգամ տեսել էի 10-15 տարի առաջ, բայց այն ժամանակ դա ինձ չգրավեց, որովհետեւ կինոժապավենը շատ վատ վիճակում էր: Բոլորը մութ կադրեր էին, ժապավենը շատ անմաքուր էր, բազմաթիվ տեսարաններ բացակայում էին կամ սխալ հերթագայությամբ էին դրված: Հետո, սակայն, այս Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի կապակցությամբ Գերմանիայի ազգային կինոարխիվում նախաձեռնեցին այդ ֆիլմի 1928-ին ստեղծված բնօրինակի վերականգնումը:



Բայց խնդիրն այն է, որ Գերմանիայում կինեմատոգրաֆիան բարձր արվեստ չի համարվում, կամ առնվազն կառավարությունը բարձր արվեստ չի համարում: Դրա համար էլ շուտով «Լյութերի» վերականգնման համար միջոցներն սպառվեցին, եւ աջակցությունն էլ դադարեց: Քանի որ դեռ չվերականգնված էլ ես այս ֆիլմն արդեն գիտեի՝ պատկերացնում էի դրա ահռելի գեղարվեստական ներուժը: Այնպես որ ասացի․ «Ես վերականգնված ֆիլմի մեծ շնորհանդեսը կկազմակերպեմ հունվարի 14-ին: Ես ֆիլմի համար կգրեմ երաժշտություն եւ կհոգամ շնորհանդեսի բոլոր ծախսերը, բայց Դուք պետք է ավարտեք ֆիլմի վերականգնումը»: Եվ նրանք դա արեցին՝ ֆիլմը վերականգնվեց, վերականգնման աշխատանքներն ավարտվեցին պրեմիերայից բառացիորեն երեք օր առաջ: «Լյութեր» ֆիլմի վրա ութ ամիս տեւած աշխատանքը երեւի եղել է իմ կյանքում ամենադժվար ութ ամիսը, եւ շնորհանդեսն ինձնից մոտ տասը հազար եվրոյի ներդրում պահանջեց: Բայց այն մեծ հաջողություն ունեցավ: Որպես արդյունք, հիմա ունենք այս հրաշալի վերականգնված ֆիլմը, եւ յուրաքանչյուրը կարող է այն ցուցադրել կամ դիտել։



«Լյութեր» ֆիլմի վերականգնումն ամենաիսկական պայքար էր, եւ միայն այդ աշխատանքում ընդգրկված մարդկանց, հատկապես Գերմանիայի ազգային կինոարխիվի աշխատակիցների նվիրումն ու էնտուզիազմը դա հնարավոր դարձրին:



- Ամեն դեպքում, բարեբախտաբար, «Լյութերը» վերականգնվել է, եւ ֆիլմն էլ, Ձեր երաժշտությունն էլ հոյակապ են: Շտեֆան, շնորհակալություն հարցազրույցի համար եւ հատկապես Ձեր երաժշտության համար: Մաղթում եմ Ձեզ իրական ներշնչանքներ ու դեռ բազմաթիվ մեծ ստեղծագործություններ ապագայում:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ