Որ չհասցնեն ուշքի գալ

Որ չհասցնեն ուշքի գալ

Բոլորի՝ անգամ պաշտոնից հեռացվող-նշանակվողների համար անսպասելի ու արագընթաց կադրային փոփոխությունները գործող իշխանությունների ոճն են։ Հենց այդ ոճով երկու օրվա մեջ աշխատանքից հեռացվեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, որն 8 տարի զբաղեցրել էր այդ կարեւոր պաշտոնը եւ վատ չէր աշխատել։ Ոչ մեզ, գուցե անգամ ոչ էլ իրեն հստակ չբացատրվեց այս կայծակնային պաշտոնաթողության բուն պատճառը։ 24 ժամ անց Երեւանը կրթության վարչության նոր պետ ուներ՝ Սիամանթոյի անվան դպրոցի 9 տարվա տնօրեն Աննա Ստեփանյանը, որի մասին կարծիքները ծայրահեղ հակասական են։ Մի մասը նրան հիշում է դպրոցի տնօրեն նշանակվելու շրջանի սկանդալներից, երբ մոտ 45 հոգի ազատվեցին դպրոցից, քանի որ նորանշանակն ուզում էր իր «թիմն» ունենալ։ 2008-2009 թվերի մամուլը հեղեղված է գործազուրկ դարձածների սրտաճմլիկ նամակներով ու հոդվածներով։ Բայց, ինչպես տեսնում ենք, հաղթողը եղել է ինքը՝ այն ժամանակ դեռ անփորձ ու երիտասարդ տնօրենը։ Այս պատմությանը ծանոթ անձինք նրա «հաղթանակի» բուն պատճառը տեսնում են երիտասարդ կնոջ ամուր «թիկունքի» մեջ՝ նրա ամուսնու եղբայրը երկար տարիներ աշխատում է ՀՀ նախագահի թիկնազորի կազմում։ Անունը՝ Հայրապետով Գրիշա, մեզ թերեւս քիչ բան կարող է ասել, բայց ՀՀ վերջին նախագահների մասնակցությամբ գրեթե բոլոր միջոցառումների տեսանյութերում ու լուսանկարներում նա ներկա է երկրորդ պլանում։ Իսկ եթե նախագահի անվտանգության հարցերում դերակատարում ունի, ի՞նչ մեծ բան է սիրելի հարսիկի համար մի «փոքրիկ» պաշտոն խնդրելը։ Ստեփանյանի մասին դրական կարծիքներ էլ կան՝ գրագետ է, գործը գիտի։ Ի դեպ, Սիամանթոյի անվան դպրոցում նաեւ մասնավոր հատված կա, եւ ծրագիր են իրականացնում Բաբլոյանի «Արաբկիրի» հետ։