Ազդարարը լրագրողներն են

Ազդարարը լրագրողներն են

Բրիտանական մամուլն սկսել է քննադատել վարչապետ Թերեզա Մեյին՝ նրան մեղադրելով ստի, կեղծիքի, թուլության, խոստումները չկատարելու մեջ։ Մեր մամուլը շատ ավելի համեստ է իր որակումների մեջ։ Անգամ եթե պետական բարձր պաշտոնյաներին «բռնացնում» ենք ստի մեջ, մեղմ որակումներ ենք տալիս։ Ասենք՝ գրում ենք․ հասարակությանը մոլորեցնում էին, երբ պնդում էին, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում ընդդիմության դերակատարությունը մեծանալու է։ Իսկ մեր մամուլն ավելի վատը չէ, քան բրիտանականը։ Մեզ հաճախ մեղադրում են անանուն «աղբյուրներ» վկայակոչելու համար։ Երբ գրում ենք կոռուպցիայի, չարաշահումների, թալանի մասին, մեզ մեղադրում են՝ ապատեղեկատվություն եք տարածում, փաստեր չունեք։ Իսկ իրենք Ազգային ժողովում մի քանի օր է՝ քննարկում են «անանուն ազդարարի» մասին օրինագիծը, որտեղ, ըստ էության, խոստովանում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը հենց դա է պահանջում՝ անանուն աղբյուրներից հաղորդումներ ստանալ, գնահատել, հետաքննել, ինչը տասնամյակներ շարունակ անում է հայկական մամուլը։ Ի վերջո, երբ մարդը կրիմինալի մասին որոշել է բարձրաձայնել, իսկ լրատվամիջոցն այդքան համարձակություն է ունեցել այն հրապարակելու, ոչ թե պետք է քարկոծել բարձրաձայնողին ու լրագրողին, այլ օգնել, որ նրանք շարունակեն դա անել՝ պատռելով կոռումպացվածների դիմակը։ Հենց դա է հանրօգուտ աշխատանքը, որն ամեն օր, վտանգելով իրենց կյանքը, իրականացնում են լրագրողները՝ հայտնվելով հանցագործների թիրախում, մեղադրվելով ու քննադատվելով, դատական հայցեր ու հայհոյանքներ վաստակելով։ Եթե իշխանությունն իրոք որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ, առաջին բանը, որ պետք է աներ՝ պաշտպանել լրագրողներին, ապահովել նրանց անկախությունը, աջակցելով նրանց աշխատանքին։