Արդարություն եւ հավասարություն

Արդարություն եւ հավասարություն

Այնպիսի տպավորություն է, ասես մեր իշխանությունը հանկարծ արթնացել է խորը քնից եւ հայտնաբերել է, որ երկրում կոռուպցիա կա, ոմանք հարկերն են թաքցնում, մյուսները չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը, երրորդներն ապօրինի ներկրումներ են կատարում, եւ այդ տեսարանից սարսափած՝ փորձում է արագությամբ օրինականություն հաստատել երկրում։ Բայց քանի որ, ասենք, երեւանյան, վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների դատավորներին «ձեռքը» չի հասնում, բռնում է մարզային դատավոր-դատախազներին, որ մեծ «շնաձկները» հետեւություններ անեն։ Խոշոր ներկրողներին չի կարողանում կանգնեցնել, բռնում է 40-50 կիլոգրամով Հայաստան խնձոր բերողներին։ Ամուր թիկունք ունեցողներին չի կարողանում գործից ազատել, ազատում է անպաշտպաններին։ Մինչդեռ, եթե, իրոք, պայքարն անողոք է, եւ նպատակները՝ ազնիվ, ապա անպայման գոնե աշխատանքից պետք է ազատվի Հրազդանի քաղաքապետը, որն անչափահաս որդու ձեռքն է տվել պետական ավտոմեքենան, ապա, երբ նա վրաերթի ենթարկելով մարդ է սպանել, սեփական վարորդին ուղարկել է մեղքն իր վրա վերցնելու եւ որդու փոխարեն նստելու։ Եթե, իրոք, մենաշնորհների ու հարկերը թաքցնողների դեմ արդար պայքար է գնում, ապա ստուգողները չպետք է բավարարվեն մանր ու միջին օբյեկտներ մտնելով եւ պետք է ստուգեն ու սահմանափակեն սիթի-ների ու սաս-երի ախորժակը։ Եթե իսկապես որոշել են, որ եկել է դատական համակարգը մաքրելու ժամանակը, ապա նախեւառաջ պետք է ձեռնպահ մնան դատական գործերի ընթացքին միջամտելուց եւ նախագահականից հրահանգներ իջեցնելուց։ Եթե իսկապես հավասար մրցակցային դաշտ ու բիզնեսի արդար պայմաններ են ուզում երկրում ձեւավորել, ապա պետք է մոռանան իշխանական սիրելիներին հարկային արտոնություններ տալը, հատուկ նրանց քիմքին օրենքները համապատասխանեցնելը։