Թրամփը ստախոս է, Թերեզա Մեյը` ինքնասպան

Թրամփը ստախոս է, Թերեզա Մեյը` ինքնասպան

Հունիսի 8-ին երկու միջազգային ռեզոնանսային իրադարձություններ էին սպասվում, երկուսն էլ արդյունքներով գերազանցեցին սպասումները: Դա նախ ՄԹ խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում վարչապետ Թերեզա Մեյը ոչ թե հարյուր նոր մանդատ ձեռք բերեց, ինչի հույսն ուներ, այլ ունեցած մանդատներից 12-ն էլ կորցրեց՝ կորցնելով նաեւ խորհրդարանական մեծամասնությունը: Այժմ, իր ստեղծած քաոսում Մեյը փորձում է Հյուսիսային Իռլանդիայի DUP կուսակցության հետ համագործակցությամբ խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել եւ կառավարություն կազմել:



Իսկ երկրորդ իրադարձությունն ԱՄՆ Սենատի Հետախուզության հարցերով հանձնաժողովում FBI (Կենտրոնական հետախուզական վարչության) նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի 3 ժամ տեւած հարցուպատասխանն էին: Հունիսի 7-ին, Քոմին արդեն հրապարակայնացրել էր իր գրավոր վկայությունները, որոնցով հաստատվում էին մամուլի տեղեկությունները նախագահ Թրամփի հետ Քոմիի հանդիպումների մանրամասների մասին, ներառյալ Թրամփի պնդումները, որ ռուս-թուրքական գործակալ Մայքլ Ֆիլինի դեմ FBI-ի քրեական հետաքննությունը դադարեցվի, եւ Քոմիից հավատարմություն պահանջելը, ինչին FBI-ի ղեկավարը, ինչպեսեւ վայել է, պատասխանել էր, որ ինքը կարող է խոստանալ միայն ազնվություն:



Հատկանշական էր, որ հարցուպատասխանի ընթացքում ոչ մի սենատոր կասկածի տակ չառավ Քոմիի որեւէ վկայությունը, ներառյալ գնահատականը, որ Սպիտակ տունն ու Թրամփը բացահայտ ստախոսությամբ են զբաղվում: Թեեւ, սենատոր Սանդերսի բնորոշմամբ, Թրամփի «պաթոլոգիական ստախոսությունն» ո՞ւմ հայտնի չէ, որ կասկածող գտնվի: Ի դեպ, սենատորներից մեկի հարցին, թե ինչու է Թրամփի հետ խոսակցությունների մասին անմիջապես զեկուցագրեր կազմել, երբեմն ուղղակի ավտոմեքենայի մեջ, դեռ FBI-ի իր աշխատասենյակ չհասած, Քոմին պատասխանեց. «Այդպես եմ վարվել՝ ի տես հանգամանքների, եւ թե ինչ մարդու հետ գործ ունեի»:



Քոմիի վկայությունների էֆեկտը հանրապետականները փորձում էին թուլացնել՝ մեկնաբանելով, թե Թրամփն անուղեղի մեկն է, չգիտի, թե ինչ է խոսում: Իսկ դեմոկրատներն ակնհայտ հակված էին Թրամփի միջամտություններն ու խոսքերը գնահատելու որպես միջամտություն արդարադատությանը, որի համար նա պետք է առնվազն իմփիչմենթի ենթարկվի: Անձամբ Քոմիին առավել մտահոգողն այն էր, որ Ռուսաստանի հետ Թրամփի շրջապատի առնչությունները եւ ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու Ռուսաստանի փորձերը կարող են կապակցված լինել, ինչը խոշոր քրեական հանցագործություն կլինի եւ սկանդալ: Քոմին վստահ էր, որ եթե դա իրականություն է, հարցը հետաքննող դատախազ Ռոբերտ Մյուլլերը, անկասկած, այն կբացահայտի:



Իսկ Ռոբերտ Մյուլլերը Ջեյմս Քոմիի կոլեգան է, ով FBI-ի ղեկավարի պաշտոնում նախորդել է նրան եւ պաշտոնավարել 12 տարի, ըստ մամուլի՝ նրանք մտերիմ ընկերներ են, եւ ինչ-որ առումով Քոմին ինքն է իրադարձություններն այնպես տնօրինել, որ հատուկ դատախազ նշանակվի: Քոմին FBI-ից հեռացվելուց հետո Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր իր ընկերոջն է փոխանցել Թրամփի հետ հանդիպումների մասին իր զեկուցագրերը: Ընկերն էլ իր հերթին, Թրամփի հերթական ստահոդ Tweet-ից հետո, զեկուցագրերի հետ ծանոթացրել է New York Times-ի թղթակցին: New York Times-ի հրապարակումն քաղաքական այն պայթյունն էր, որ հարկադրեց ԱՄՆ արդարադատության քարտուղարի տեղակալ Ռոդ Ռոզենշտայնին՝ 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի առնչության հարցով հատուկ դատախազ նշանակել: Դա էլ Թրամփի առանց այն էլ սեւ օրերը Սպիտակ տանն ավելի մթնեցրեց:



Քոմիի վկայությունից հետո Թրամփն իր անձնական փաստաբանին ուղարկեց լրագրողների առջեւ հանդես գալու, որը ճամարտակեց, թե Թրամփը Քոմիից հավատարմություն չի պահանջել եւ ոչինչ չի ասել Ֆլինի դեմ հետաքննությունը փակելու առնչությամբ: Թրամփը նորից, սովորության համաձայն, ստեց, թերեւս որովհետեւ գիտակցությանը հասել է, որ այդ երկու քայլերն էլ պոտենցիալ միջամտություն են արդարադատությանը, որոնք եթե դատախազ Մյուլլերի կողմից վարվող հետաքննության արդյունքով հաստատվեն, ինքը դուրս կթռչի Սպիտակ տնից:



Վերջապես, Սպիտակ տան ճգնաժամի մեջ կա հիացնող մի հանգամանք` ամերիկյան պետականության ամրությունը եւ ամերիկյան պետծառայողների կերպարը։ Նույնիսկ երբ Թրամփի կարգի մի խեղկատակ հայտնվում է պետության ղեկին, միեւնույն է՝ պետական ինստիտուտների կենսունակությունը եւ բարձրաստիճան պաշտոնյաների լրջությունը, ուժն ու պատվախնդրությունը պաշտպանում են երկիրը՝ ի հակադրություն Հայաստանի:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ