Բարի գալուստ, Հայաստան

Բարի գալուստ, Հայաստան

Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների փոքրիկ խմբի քառօրյա այցին հետեւելով կարելի էր բացահայտել, թե ինչն է խանգարում զբոսաշրջությունը խթանելուն, եւ ինչպես անել, որ այդ եկամտաբեր ոլորտը մեզանում զարգանա։ Չէ՞ որ զբոսաշրջությունը շատ երկրներում հսկայական եկամտի աղբյուր է եւ, այսպես կոչված, ամենադեմոկրատական բիզնեսն է, որից օգտվում են ոչ թե հատուկենտ օլիգարխները, այլ մանր ու միջին բիզնես անողները, հասարակ մարդիկ՝ Վերնիսաժում առեւտուր անողներից մինչեւ տաքսիստներ ու կարկանդակավաճառներ։ Եվ այսպես, Ամերիկա հայտնագործած չեմ լինի, եթե ասեմ, որ գլխավոր գործոնը ճանապարհներն են։ Երբ ընդամենն իր տրամադրության տակ 4 օր ունեցող տուրիստն ուզում է Զվարթնոցն ու Գեղարդը տեսնել, իսկ ճանապարհի դարուփոսերն այնքան շատ են, որ յուրաքանչյուր ուղեւորությունից հետո մեքենայում տարուբերված մարմինը խելքի բերելու համար առնվազն մեկ օր է հարկավոր, մարդը կամ կհրաժարվի Հայաստան գալուց, կամ Գեղարդ գնալուց։ Երկրորդ պարագայում ի՞նչ ունենք նրան առաջարկելու Երեւանում՝ շոփինգ ու ռեստորանային զվարճանքներ։ Փառք աստծո՝ սպասարկման որակը բավականին բարձրացել է այս տարիներին։ Այնուամենայնիվ, ասենք, խայտառակություն է, երբ զբոսաշրջիկը մտնում է խանութ, որոշում է հայ դիզայներների կարած հագուստ գնել եւ պարզում է, որ քարտով առեւտուր չեն անում՝ առաջարկում են 4 հարկ իջնել, փող մանրել եւ կանխիկ վճարել։ Մի բան էլ էին նկատել մեր ռուս հյուրերը՝ եթե սրճարան-ռեստորաններում քիչ թե շատ լավ են սպասարկում, ապա խանութների վաճառողները զբոսաշրջիկներին սպասարկելու քաղաքակիրթ կանոններին չեն տիրապետում։ Նրանք օտար լեզուներով վատ են խոսում եւ ապրանքներն առաջարկելիս էլ ավելի շատ մանրավաճառներ են հիշեցնում, քան վաճառողներ։