Պետությունը չարեց, մարդիկ արեցին

Պետությունը չարեց, մարդիկ արեցին

Տարիներ շարունակ մասնագետները հարց էին բարձրացնում՝ մեզ պետք չեն այսքան բուհեր, որոնց պատրաստած մասնագետները համալրում են դիպլոմավորված գործազուրկների շարքերը։ Այն անձինք, ովքեր չէին սնվում ուսանողական վարձավճարներից, կարծում էին, որ քանակի փոխարեն որակ է հարկավոր, եւ պետությունը պետք է կարգավորի այս ոլորտը, ծրագրավորի բուհական կրթությունը, իր ռազմավարական պլանների հետ համապատասխանեցնի բուհերի ընդունելությունն ու մասնագետների պատրաստումը։ Նախեւառաջ պետք է ուսումնասիրի աշխատաշուկան, հասկանա, թե ինչ մասնագետների կարիք ունի մեր երկրի տնտեսությունը, եւ ըստ այդմ էլ պլանավորի գոնե պետական բուհերի ընդունելությունը։ Այս տեսակետին հակադրվողներն ասում էին՝ շուկան ինքը կկարգավորի, եթե ծնողն ու ուսանողն ուզում են կրթություն կամ դիպլոմ ստանալ որեւէ մասնագիտությունից, ապա նրանց ցանկությունը պետք է հարգվի։ Ծնողն ու ուսանողն են բուհի պատվիրատուն, եւ նրանք են որոշում՝ որտեղ, ինչքան ընդունելություն կազմակերպել, անգամ վարձավճարների չափն այդ պահանջարկով է պայմանավորված։ Արդյունքում՝ մենք ամեն տարի հարյուրավոր լրագրողներ, բանասերներ, միջազգայնագետներ, տնտեսագետներ էինք «արտադրում», որոնք աշխատանք չէին գտնում, հետո կամ վերապատրաստվում էին, կամ արտագաղթում երկրից։ Այս տարվա ընդունելության պատկերին ծանոթանալով՝ ուրախությամբ արձանագրեցի, որ այն, ինչ պարտավոր էր անել պետությունը՝ պլանավորել, հաշվարկել, կանոնակարգել, սկսել են անել իրենք՝ դիմորդները։ Այս տարի էականորեն նվազել է միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի ֆակուլտետների դիմորդների քանակը։ Եվ հակառակը՝ աճել են ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, անգամ արվեստի ճյուղերի պահանջարկը։