Խաղողագործության հիմնադրամը «քամի է անում» մարզերում

Խաղողագործության հիմնադրամը «քամի է անում» մարզերում

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գոհ է Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աշխատանքից։ Նա կառավարության նիստի ժամանակ առաջարկեց 144 մլն․ դրամ հատկացնել այս կառույցին։ Հատկացումը սահմանված է 2017թ․ բյուջեով։ 108 մլն․ դրամը հիմնադրամն այս տարի արդեն ստացել է։ Արտասահմանյան գործուղումներ եւ տարատեսակ «պրեզենտացիաներ» կազմակերպող այս հիմնադրամի առաքելությունն ի սկզբանե հայկական գինիների շուկայի զարգացումն էր, դրանց գովազդն աշխարհի տարբեր երկրներում, ինչը կբերի արտահանման աճի։ 2015 թվականին հայ խաղողագործները լուրջ դժվարություններ ունեին արտահանման հետ կապված, եւ Հովիկ Աբրահամյանը, ստեղծելով այն, հույս ուներ խթանել ոլորտը։ Նա ոչինչ չէր խնայում հիմնադրամի աշխատողների համար, բարձր աշխատավարձեր էր նշանակել դրա ղեկավարին՝ ամսական մոտ 750 հազար դրամ։ Քանի որ մեր սնդուսափայլ վարչապետ Կարեն Կարապետյանը ցուցադրությունների սիրահար է, մեծ տեղ է տալիս արտաքին էֆեկտին, գովազդային «բումերին», հիմնադրամն այժմ էլ շարունակում է վայելել իշխանության համակրանքը։ 



«Մենք շատ լավ ծրագրեր ունենք նախատեսված անելու եւ անելու ենք, օրենսդրական դաշտում ենք փոփոխություն մտցնելու, հստակեցնելու ենք հայկական գինիները՝ պիտակավորումը եւ տեղայնացումը,- երեկ ասաց նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով «Հրապարակի» հարցին։- Երկրորդ՝ այգիներն ենք հիմա ռեեստրավորում, որ մենք բոլոր այգիները հաշվառված ունենանք՝ ըստ սորտերի եւ տարածքների»։ Այս ամենի համար պետք է կառույց, որն էլ լինելու է այս հիմնադրամը։ Նախարարը հաստատեց, որ Հայաստանում մինչեւ հիմա խաղողագործության տարածքների հաշվառում չի արվել։ Նա հույս ունի նաեւ, որ խաղողագործության հիմնադրամի միջոցով կկարողանա հայկական գինեգործության հարուստ պատմությունը եւ մեծ փորձը ծառայեցնել այս ճյուղի զարգացմանը։ Այդ ամենը՝ ապագայում, իսկ հիմա, այս պահին արվածը նախարարն ինչպե՞ս է գնահատում։ «Գնացել են ցուցահանդեսների եւ ունեն մեդալներ միջազգային ցուցահանդեսներում ստացած, մենք ունենք հանրահայտ անուններ գինեգործների, որոնք Հայաստանում իրենք են գինեգործություն դնում, որովհետեւ իրենք գտնում են, որ Հայաստանն ունի այն խաղողի տեսականին, որը չկա ամբողջ աշխարհում, եւ կարող է ստանալ այն համը, որն ամբողջ աշխարհը չունի»։
Մենք զանգեցինք խաղողագործության ավանդույթ ունեցող մի քանի համայնք եւ նույն հարցը տվեցինք, թե արդյո՞ք երբեւէ առնչվել են խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ․ նրանք եկել են ձեր գյուղ, ծանոթացել են խաղողագործների հետ։ Աչաջրի խաղողագործներից մեկը մեզ պատասխանեց, որ այս հիմնադրամի մասին իմացել է վերջերս, քանի որ ինքը գյուղապետարանում է աշխատում ու կարդացել է մարզպետարանից եկած գրությունն այն մասին, որ այդ հիմնադրամը տեղեկանք է պահանջում։ «Կառավարությունում երեւի ուսումնասիրում են խաղողագործների վիճակը, մեզնից էլ հաշվառման համար թղթեր են երեւի ուզում»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա չցանկացավ ներկայանալ․ «Էս պոակ-մոակների կրճատման շրջանում մեզնից հարցում եք տանում, ֆինանսական հարցեր կան, պետք չէ, էլի»։ Նաեւ հայտնեց, որ Աչաջրում խաղողի այգիների 1/5 մասն է մնացել, սեփականաշնորհման տարվա համեմատ «սկի էդքան էլ չկա»։ «Խաղողը լավագույն դեպքում 100 դրամով են տանում, ձեռք չի տալիս, տնկիներ չկան, աջակցություն չկա։ Եթե էդ հիմնադրամը նման բաներ ձեռնարկեր, կարող է եւ զարգանանք նորից, բայց առանց աջակցության մեզ ձեռք չի տալիս»,- ասաց նա։ Իսկ հարցին, թե որ զբաղմունքն է ձեռք տալիս, պատասխանեց․ «Խոպանը, արտագնա աշխատանքն է ձեռք տալիս։ Համ էլ խաղողագործները մաշվել են, տարիքի հետ մեզ մոտ այգիները վերանում են։ Մեր գյուղում ամենաերիտասարդ գինեգործը 60 տարեկան է»։



Գյուղերի բնակիչների հետ զրույցից պարզ է դառնում, որ խաղողագործները ռեալ օգնություն են սպասում իրենցով զբաղվող կառույցներից, ոչ թե ցուցադրական գործողություններ։ Արարատի մարզի Վերին Արտաշատը եւս խաղողագործական համայնք է։ Գյուղապետ Աշոտ Ղազարյանն ասում է, որ այս տարի բերքն ավելի քիչ է եղել՝ խանգարել են ձմռան ցուրտն ու գարնան մի քանի օրվա ցրտահարումը։ «Սեղանի սորտեր այս տարի շատ կլինեն, բայց դրանք դժվար են մթերվում», Խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի մասին նա առաջին անգամ այս տարի է լսել։ «Գիտեմ, որ եկել էին, մարզպետարանում քննարկում էին արել, բացատրում էին իրենց աշխատանքների էությունը, ընթացքը»,- ասաց գյուղապետը։ Նա կարծում է, որ աշխատել պետք է ոչ թե խաղողագործների, այլ մթերողների հետ։ «Թե չէ մենք ամեն ինչ արեցինք, բերքն ստացանք, հասավ էն պահը, որ պետք է մթերվի, բայց մթերողը նորից իր պայմանները դրեց, որոնք մեզ ձեռք չեն տալու։ Ի՞նչ պետք է անենք։ Թե չէ խորհրդատվություններ անելը, բուժել սովորեցնելը՝ դա մեզ պետք չէ, գյուղացիները դա իրենք էլ գիտեն, միշտ խաղող են աճեցրել»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ