Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ նույնիսկ գենսեկի տեսքով՝ ՀՀԿ նախագահ եւ ինչ-որ մի պաշտոն․ Արամ Մայիլյան

Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ նույնիսկ գենսեկի տեսքով՝ ՀՀԿ նախագահ եւ ինչ-որ մի պաշտոն․ Արամ Մայիլյան

1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը, հետեւելով ԱԺ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, մեզ հետ զրույցում փորձում է հասկանալ, թե ինչու քաղաքականությունը դուրս մղվեց մեր իրականությունից։



-ԱԺ ընտրություններից անցել է երկու ամիս, Երեւանի ավագանու ընտրություններից էլ՝ մեկ ամիս, սակայն Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջացել է վակուում։ Ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքի, ընդվզման ցույցեր չեղան, նույնիսկ ՍԴ-ում միայն ՀԱԿ-ը բավարարվեց բողոքարկելով դրանք։
-Այդ ապատիան նոր չի առաջացել։ Վերջին 4-5 տարվա ընթացքում այդ պրոցեսն է ընթանում։ Երբ սկսվում է գերիշխել ապատիան, ապա սկսում են ծավալվել փոքր ապստամբություններ։ «Սասնա ծռեր»-ի գործողությունները հենց դրա նշանն էին, որ տիրում է ապատիա, որ այլ կերպ հնարավոր չէ արթանացնել ժողովրդին, բացի ապստամբելը։ Այսինքն՝ նրանք զենքի դիմելու կոչ էին անում, որն, ըստ էության, աշխարհի բոլոր սահմանադրություններում նշված է։ Եթե ժողովուրդն ընդհանուր անբավարարվածություն է զգում, ապա իրավունք ունի դիմելու զենքի։ Այդ ապատիան ծնեց «Սասնա ծռերը»։ Իսկ տիրող ապատիան ավելի մեծացրեց նոր «Սասնա ծռեր»-ի հավանականությունը, որովհետեւ ապատիայի հետեւանքով են ծնվում վրիժառուական քայլերը։



-Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում էլ է նշված, որ՝ «անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության եւ ճնշման դեմ»։ Մեր քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը, սակայն, դատապարտել եւ շարունակում է դատապարտել «Սասնա ծռեր»-ի գործողությունները՝ համարելով, որ նրանք զենքի ուժով են ցանկացել իշխանություն փոխել։
-Եթե այդպես դատենք, ապա ԱՄՆ-ի անկախության շարժումը կարող ենք համարել հանցագործների շարժում, որովհետեւ նրանք իրենց պետության դեմ էին գնում։ Դա պրիմիտիվ դատողություն է։ Նույն կերպ կարելի է մեր ֆիդայիններին համարել հանցագործ։ Լեռնային Ղարաբաղի անկախության համար զենքով պայքարողներին էլ կարելի է անվանել հանցագործ։ Պետք է հարց տալ՝ ի՞նչը հասցրեց նրան, որ մարդը զենք վերցրեց հանուն իր ազատության։ Մարդը երբեք չի ուզում արյամբ ինչ-որ բանի հասնել, զենք վերցնում է այն ժամանակ, երբ այլ հնարավորություն չկա։ Քաղաքական ուժերի արտահայտությունները կարելի է քննարկել, սակայն դրանք չեն կարող լինել ուղենիշ, որովհետեւ նրանք Հայաստանում ունեն զրո արժեք։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ հայ իրականության մեջ քաղաքական մշակույթի հոգեհանգիստն էր։ Դրա համար էլ տիրում է դատարկություն։ Հիմա պետք է գա նոր սերունդ։ Երբ կգա, ոնց կգա՝ չգիտեմ։ Բայց որպեսզի նոր սերունդը նորից կարճ ժամանակում չկազմակերպի հոգեհանգիստ, ապա պետք է անցնի ինքնավերափոխման էտապ։ Հայ ժողովուրդը պետք է անցնի այդ էտապը։ Նոր քաղաքական մշակույթը պետք է ստեղծվի նոր ներուժով։



-Սակայն խորհրդարանում էլ, խորհրդարանից դուրս մնացած ուժերի մեջ էլ կան երիտասարդ, նոր սերնդի քաղաքական գործիչներ, կան մարդիկ, որոնք անցել են 88-ի զարթոնքի, արցախյան ազատամարտի միջով։
-Քաղաքական գործիչ լինելը մի բան է, արցախյան ազատամարտի առաջամարտիկ լինելը՝ մեկ այլ բան։ Երբեմն դրանք կարող են համընկնել։ Օրինակ՝ Սեյրան Սարոյանը, որքան տեղյակ եմ, արցախյան ազատամարտում եղել է առաջամարտիկներից մեկը։ Բայց նա քաղաքական գործիչ չէ։ Կային նաեւ ազատամարտիկներ, որոնք քաղաքական գործիչ էին, բայց այսօր նրանք այդ շարքերում չեն։ Խնդիրն այն է, որ նրանցից շատերն անցել են պաշտոն, դիրք, սեփականություն պոկելու դպրոց։ Վերջին 20 տարվա ընթացքում նրանք, ովքեր զբաղեցրել են պաշտոն, դիրք, գերագույն խնդիր են համարել հենց դրանք։ Այսօր շատ քաղաքական գործիչներ հենց այդ դպրոցն են անցել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ շատ երիտասարդ քաղաքական գործիչներ ԱԺ են մուտք գործել իշխանությունների հետ համագործակցության արդյունքում։ Եթե համակարգը քաղաքական չէ, ապա այդտեղ լինելու են հաշվեհարդարներ, ինչին մենք ականատես ենք։ Լինելու են ներիշխանական հակասություններ, թեեւ համակարգը կմնա իր տեղում։



-Մինչեւ ԱԺ ընտրություններն էլ Սերժ Սարգսյանը հասցրեց նեղացնել որոշ օլիգարխիկ շրջանակների եւ նրանց անկյուն քշել։ Հնարավո՞ր է, որ դա ցնցում առաջացնի իշխանական բուրգում։
-Ոչ, նրանք վախկոտ մարդիկ են, նրանք բուրգը ցնցելու համար քայլեր չեն անի։ Այլ բան է, որ բուրգի ներսում լինի փոփոխություն, որովհետեւ լծակների պայքար է ընթանում։
Օրինակ՝ Բավրայի մաքսատան ղեկավարի ձերբակալությունը։ Ակնհայտ է, որ այնտեղ տեղի է ունեցել շահերի ուղիղ բախում։ Այստեղ «գլխավոր հրամանատարի» կամքից է կախված, թե ինչ աստիճանի կսրվեն այդ բախումները։ Կա նաեւ մյուս գործոնը՝ Ռուսաստանը։ Ակնհայտ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջադրանք է ստացել ՌԴ-ից՝ Հայաստանում փափկացնելու հասարակական մթնոլորտը։ Եվ հիմա պայքար է ընթանում, թե ով որքան կվայելի ռուսական կողմի աջակցությունը։ Փորձեք այսօր տեղ գտնել Ռուսաստան գնացող որեւէ ավտոբուսում առաջիկա երեք օրվա համար։ Չեք գտնի։ Արտագաղթում են սուսուփուս, եւ ասում են, որ վերադարձողներ չեն լինում։



-2018թ․ Սերժ Սարգսյանը հեռանալու է երկրի նախագահի պաշտոնից։ Ի՞նչ վերադասավորումներ կարող ենք ակնկալել իշխանության բուրգում։
-Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ով ում կկարողանա «ֆռռցնել»՝ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանի՞ն։ Նրանք երկուսն էլ ուժ են հավաքում, իսկ մնացածը կախված է այն բանից, թե Մոսկվան ում կտա իր հավանությունը։ Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ նույնիսկ գենսեկի տեսքով՝ ՀՀԿ նախագահ եւ ինչ-որ մի պաշտոն։ Իսկ դա հիշեցնում է ԽՍՀՄ իշխանության տարիները։



-Խորհրդարան մուտք չգործած ուժերը, որոնց մի մասը ղեկավարում էին նախկին պաշտոնյաներ, կարո՞ղ են «վերցնել» փողոցը եւ ուղղորդել ընդդիմադիր ընտրազանգվածի տրամադրությունները։
-Վերցնող լինեին՝ ընտրությունների նախաշեմին կվերցնեին։ Նրանք այն մարդիկ չեն, որոնք վայելեն հանրային վստահություն եւ հարգանք։ Հասարակությունն ուզում է տեսնել անբիծ, վստահություն վայելող մարդկանց, որոնցից վախենում են իշխանությունները։ Դրա համար էլ հեռուստաընկերությունները, հատկապես Հ1-ը փակ են նրանց առջեւ։ Կան այդպիսի մարդիկ, բայց նրանց գիտելիքները, ներուժն ի հայտ բերելու հնարավորությունը չկա։ Տպագիր մամուլը քիչ է ընթերցվում, ինտերնետային մամուլն այդքան ազդեցիկ չէ, իսկ Ֆեյսբուքյան գայթակղիչ բաները փակում են։ Ֆեյսբուքն աշխատում է իշխանությունների օգտին․ մարդը չի գնում հանրահավաքի, տանն է միտինգ անում եւ բավարարված է զգում տեղեկատվություն ստանալիս։ Իսկ ԱԺ ընտրությունները ցատկ էին մեկ դար հետ։ ԱԺ ընտրություններով եզրափակվեց ցատկը մեկ դար հետ, քաղաքացիական հասարակություն չի ձեւավորվում։ Սա 20-րդ դարասկզբի հասարակություն է, վերջնականապես ձեւավորվեց այն կարծիքը, որ ՀՀ-ն ՌԴ-ի մասն է։ Գոնե դիվանագիտական շրջանակներում այդպես են խոսում, անկախության վերջին փշրանքներն էլ չկան։



Թագուհի Հակոբյան