Երեք փուլանոց խոշորացում․ ո՞ր համայնքներն են խոշորացվում

Երեք փուլանոց խոշորացում․ ո՞ր համայնքներն են խոշորացվում

Անցյալ շաբաթ «Մեդիախոհանոց»-ում տեղ գտած հրապարակումը, որը վերաբերում էր մեր հնչեցրած հարցերի առթիվ վարչապետի լռությանը, անմիջապես արձագանք գտավ կառավարությունում։ Նախ՝ զանգահարեցին տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եւ տեղեկացրին, որ իրենք հարցերը չեն ստացել, հետո էլ խնդրեցին նորից ուղարկել դրանք՝ խոստանալով պատասխանել։ Իսկ հարցերը, հիշեցնենք, վերաբերում էին գյուղական համայնքներին, դրանց խոշորացմանը։ Մեզ հետաքրքրում էր, թե համայնքների խոշորացման ծրագրով քանի գյուղական համայնք է միավորվել, որոնք են դրա արդյունքում ձեւավորված նոր համայնքները, որքան տնտեսում է արվել այդ միավորման արդյունքում, աճել է արդյոք գործազուրկների թիվը, քանի դպրոց է փակվել համայնքների միավորման արդյունքում եւ այլն։ Ի վերջո, մարզերի դերն ու կշիռը մեծացնելու, մարդկանց հոսքը մայրաքաղաքից դեպի մարզեր ուղղորդելու փոխարեն այսօր զբաղված են եղած համայնքներն էլ միմյանց միավորելով։ 



Եվ ահա ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար Մ․ Բաղդասարյանը փոստով ուղարկել է մեզ հուզող հարցերի պատասխանները։



Մեզ հիշեցրել են, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուց հետո շրջանառությունից հանվել են «գյուղական համայնք» եւ «քաղաքային համայնք» հասկացությունները։ Մինչեւ 09․06․2017թ․, երբ ԱԺ-ն փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, խոշորացվել է 140 համայնք, ինչի արդյունքում ձեւավորվել է 18 համայնք, իսկ վերոնշյալ նախագծով նախատեսվում է խոշորացնել 325 համայնք եւ դրանցից ձեւավորել 34 համայնք։



Խոշորացումն էլ, ըստ մեզ ուղարկված պատասխանի, ընթացել է երեք փուլով։ Առաջին փուլում խոշորացման ալիքը հասել է Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան համայնքներին։ Երկրորդ փուլի խոշորացումը վերաբերում է Արարատի մարզի Ուրցաձոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Գորայք, Տեղ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքներին։ Իսկ ահա երրորդ փուլով, 09․06․2017թ․ ԱԺ կողմից ընդունված օրենքով, խոշորացումը վերաբերում է Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար, Շողակաթ, Լոռու մարզի Տաշիր, Մեծավան, Սարչապետ, Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Օձուն, Ախթալա, Շնող, Ալավերդի, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքները։ Ինչ խոսք, բավականին հարուստ ցանկ է։ Նշված համայնքների մի մասի անունները երեւի շատերը հասցրել էին մոռանալ։ Համայնքների խոշորացման արդյունքում հասցրել են նաեւ հաստիքները վերաբաշխել․ կրկնվող հաստիքները՝ աշխատակազմի քարտուղար, ֆինանսիստ, հաշվապահ եւ այլն, փոխարինվել են ծառայություններ մատուցող հաստիքներով՝ սոցիալական աշխատող, դաստիարակ, գյուղատնտես, անասնաբույժ, վարորդ, մեխանիզատոր, կոմբայնավար եը այլն։



Ինչ վերաբերում է դպրոցների օպտիմալացմանը, այստեղ էլ են մեզ մխիթարել՝ օպտիմալացումը որեւէ կապ չունի վարչատարածքային բարեփոխումների ընթացքի եւ տրամաբանության հետ, եւ որ դրանք առանձին գործընթացներ են։



«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ առ այսօր ոչ մի դպրոց չի փակվել»,- վստահեցրել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից։ Ասել է թե՝ նշված նախարարությունում էլ են առաջնորդվում իրենց ունեցած տեղեկություններով։



Իսկ միգուցե փակվե՞լ են։



Թագուհի Հակոբյան