Չափ ու սահման կա

Չափ ու սահման կա

Հասկանալի է, որ մեզանում բարձր պաշտոնների համար բոլորովին այլ չափորոշիչներ են գործում, քան ընդունված է ողջ աշխարհում։ Ասենք՝ ՀՀԿ-ին եւ նրա ղեկավարությանն անհուն նվիրվածություն, ընտրությունների ժամանակ հլու-հնազանդ ծառայություն, «օբշագին» ժամանակին մուծվելու պատրաստակամություն, անաշխատ եկամուտների հարցում հստակ հաշվետվողականություն եւ այլն։ Այդ չափորոշիչների մեջ իսպառ բացակայում են հասարակությանը ծառայելու, տրված պաշտոնն ի չարս չգործածելու կանոնները։ Բայց կա մի սահման, որն անգամ մեր տիպի երկրներում պարտավոր են պահպանել։ Երբ պետական պաշտոնյան ակնհայտորեն չի համապատասխանում զբաղեցրած դիրքին, երբ նրանից տարիներ շարունակ դժգոհություն կա, երբ աչքի առաջ հարստանում է, լկտիանում եւ արհամարհում ՀՀ քաղաքացուն ու նրա շահը, նա պետք է հեռանա։ Այդպիսի օրինակներ մենք էլի ունենք․ Սյունիքի մարզպետի դեպքը, օրինակ, որի ընտանիքի անդամների արարքները լցրեցին հասարակության համբերության բաժակը եւ ստիպեցին իշխանություններին պաշտոնից ազատել նրան։ Նմանատիպ մի օրինակ էլ Հրազդանի քաղաքապետն է, որի վերընտրվելը 2016 թվականին արդեն նոնսենս էր, քանի որ ոչնչով չէր արժանացել կրկին այդ պաշտոնն զբաղեցնելու պատվին։ Նրանից բազում դժգոհություններ կային եւ հիմա էլ կան։ Իսկ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը եկավ ապացուցելու, որ ճիշտ էին 2016-ին ահազանգ հնչեցնողները։ Մի քաղաքապետ, որը թույլ է տալիս անչափահաս որդուն ծառայողական ավտոմեքենան վարել եւ իր աշխատանքային պարտականությունները կատարող մարդուն սպանել, չպետք է պաշտոնավարի։ Մանավանդ՝ փոխանակ կատարվածի համար զղջալու, քաղաքապետը ոստիկանություն էր ուղարկել սեփական վարորդին՝ նրան ստիպելով մոլորեցնել իրավապահներին եւ իր վրա վերցնել կատարվածի մեղքը։