Ան, ինչ մեզի տրված է, պիտի պահպանենք

Ան, ինչ մեզի տրված է, պիտի պահպանենք

Հոգեշնորհ Տեր Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանը Երուսաղեմի Հայոց Սուրբ Յակոբեանց միաբանության մեծավաստակ հոգեւորականներից է: Հայոց պատրիարքարանում նրան է վստահված քրիստոնեության սրբություն սրբոցի` Սուրբ Հարության տաճարի տեսուչի պաշտոնը: Լուսանկարում ձախից աջ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արք. Մանուկյանն է, Երուսաղեմում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության արարողակարգի պետը եւ Սամվել Ծ. Վրդ. Աղոյանը: Ամերիկացի դիվանագետն այցելել է Հայոց պատրիարքություն մայիսի վերջին, նախագահ Դոնալդ Թրամփի` Սուրբ Երկիր կատարած այցի առթիվ կազմակերպված արարողություններին Հայոց Պատրիարքության մասնակցության համար Շնորհակալագիր հանձնելու Նուրհան Պատրիարքին եւ նախագահի կողմից նվերներ փոխանցելու: Նախագահ Թրամփի կողմից նվեր է հանձնվել նաեւ Սուրբ Հարության տաճարի տեսուչ Հոգշ. Տ. Սամուել Ծ. Վրդ. Աղոյանին: 



Իսկ անցյալ շաբաթ Սամուել Ծ. Վարդապետը Հայաստանում էր` Էջմիածնում գումարված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի առիթով:



- Հոգեշնորհ Տեր, խորապես շնորհակալ եմ, որ այսքան զբաղվածության մեջ պահ գտաք զրուցելու: Ես Երուսաղեմի եւ Պոլսո մեր պատրիարքությունները շատ եմ սիրում, հետեւաբար, չէի կարող այս զրույցը չխնդրել: Եկեղեցական ժողովից սկսեմ, մանավանդ որ այդ առիթով եք էջմիածնում, այս Կանոնագրքի, թե կանոնադրության քննարկումներն ո՞ւր հասան:



- Ժողովի ընթացքում շարք մը հարցեր քննության առնվեցան, բայց կեդրոնականն Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության լրամշակ նախագիծն էր, որ պատվիրակներուս ներկայացվեց: Ան քննության առինք, կարգ մը նկատառումներ հայտնվեցան ժողովականներու կողմե, դրանց քննումով, որոշները ներառելով՝ նախագիծը վերջնական տեսքի բերվեցավ, խմբագրական-սրբագրական շտկումներ կատարվեցան եւ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կողմե հավանության արժանացավ: Հաջորդիվ նախագիծը պետք է փոխանցվի Ազգային-եկեղեցական ժողովի հաստատման:



Ազգային-եկեղեցական ժողովի ներկայիս կանոնադրությունը հնացած է, 1940-ականներուն ընդունված փաստաթուղթ է, եւ դրանով այլեւս առաջ շարժիլ չէր ըլլա: Նոր կանոնադրության կարիքը մեծապես կա, եւ կարծեմ, երկու տարի վերջը Ազգային-եկեղեցական ժողով որ գումարվե, ան սա նոր կանոնադրությունը կհաստատէ:



- Իսկ այս նոր կանոնադրությունը Երուսաղեմի եւ Պոլսո պատրիարքությունների հետ Մայր Աթոռի հարաբերություններն ինչպե՞ս է կարգավորում, խնդիրներ չի՞ ստեղծում։



- Ոչ, խնդիր չի ծագեր, որովհետեւ ընդունված դրվածքները կշարունակվին: Ան կարգավորումները, կանոնները, որ ընդհանրական հայ եկեղեցուն կվերաբերին, մենք, անշուշտ, կընդունինք, բայց պատրիարքարանը, Սուրբ Յակոբեանց ուխտը մեր ներքին միաբանության կանոնադրությամբ կկառավարվի:



Պատրիարքին ալ միաբանությունն իր կազմեն կընտրե, Վեհափառն ընտրվածին շնորհավորանք կհղե: Առարկայորեն այլ կերպ չի կրնար ըլլալ, որովհետեւ Երուսաղեմի հայոց պատրիարքը, որպեսզի իրավազոր ըլլա գործելու, պիտի ճանաչվի երեք պետություններու կողմե` Իսրայիլ, Պաղեստին, Հորդանան: Սա բոլոր ուժերու միջեւ հավասարակշռելու պայմանը եւ աղբյուրը պատրիարքության, միաբանության ինքնավարությունն է:



Օրթոդոքս եկեղեցու` Հունաց պատրիարքության պարագան, օրինակ, ավելի բարդ է. որպեսզի Հունաց պատրիարք ընտրվի, նախ հինգ թեկնածուներու ցուցակ կկազմվի եւ կներկայացվի Հորդանանի արքայի հաստատման: Արքայի կողմե հավանություն տրված ցուցակեն միայն անձը մը կրնա ընտրվիլ պատրիարք: Այս դրվածքը քիչ մը նման է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության համար գործող կանոններուն, որովհետեւ ան տեղ ալ, կարծեմ, Հայոց պատրիարքարանի կողմե թեկնածուներու ցուցակ պետք է կազմվի եւ Թուրքիո կառավարություն հաստատման ներկայացվե: Թեկնածուներու ցուցակ հաստատելու պարագան կրնա կերպով մը թելադրիլ, որ որոշ թեկածուներ ցուցակում ըլլան:



- Օ, չգիտեի, որ թեկնածուների հաստատվելու ընթացակարգ կա: Հայր Սուրբ, իսկ Լատին պատրիարքության պարագային ինչպե՞ս է:



- Անոնք չեն ընտրեր, Հռոմի պապը կնշանակե:



- Այսինքն՝ Երուսաղեմում միակ ազատն ու ինքնուրույնը մեր Սբ. Յակոբեանց միաբանությունն է, որ իր կազմից ում ուզի, կընտրի, մեկի համաձայնության կամ հրամանի կարիքը չունի: Անգամ աշխարհականները խոսք կամ մասնակցություն չունեն:



- Այո, մեզ մոտ միաբանությունն իր կազմից թեկնածուները կառաջադրե եւ ինքն ալ Պատրիարք կընտրե, որեւէ մեկը չի միջամտիր:



- Դա արդար է. եթե Աստծո բնակատեղին երկրագնդի վրա Սիոն լեռան գագաթն է, եւ այդտեղ դարեր ի վեր Երուսաղեմի Հայոց միաբանությունն է, ապա Աստծուց բացի ո՞վ կարող է այդ միաբանության գործերին ներկա եւ մասնակից լինել` ոչ ոք… Հոգշ. Տեր, իսկ այս տարի Քրիստոսի գերեզմանի նորոգման հաջող իրականացումից հետո հնարավո՞ր է հայոց, հունաց, լատին պատրիարքությունների գործակցությունը շարունակվի, եւ այլ նորոգումները ձեռնարկվեն:



- Այո, Տիրոջ Սբ. Գերեզմանի նորոգումից հետո, որ հաջող եղավ, այժմ կքննարկվի Սուրբ Հարության տաճարի հատակի հիմնանորոգումի հարցը` ոչ միայն մուտքին, գերեզմանին հարակից հատվածները, այլ տաճարի ամբողջ հատակը: Պատրիարքությունների միջեւ համաձայնությունները վերջնական դառնալեն ետք մրցույթ պիտի հայտարարվի, ընկերություններու հայտերը գնահատվեն: Հավանական է, որ Հունաստանի համալսարանի ճարտարապետներու խումբը, որ Սբ. Գերեզմանի նորոգումն իրականացրեց, հայտ ներկայացնե նաեւ հատակի նորոգման համար, բայց հաղթողը մրցույթով կորոշվի:



- Գիտեմ, որ Սուրբ Հարության տաճարում հատակի ամեն կտորը կռվախնձոր է: 2011-ին, երբ Երուսաղեմում էի, քրիստոնեական սրբավայրերի գլխավոր ոստիկանը` Սալիբան պատմեց…



- Սալիբան նախկին ոստիկանապետն էր, իրեն կճանչնա՞ս…



-Այո, նույնիսկ մի երեկո Հայր Գուսանի ու իր հետ մեր թաղամասի ռեստորանում երկար զրուցել ենք: Ոստիկանապետի մի պատմածը երբեք չեմ մոռանում. մի օր իրեն ահազանգել են, որ Սուրբ Հարության տաճարում աղմուկ է, բախում, թող արագ հասնի: Հենց հասնում է տաճար, Հունաց պատրիարքը, Ղպտիների արքեպիսկոպոսին ցույց տալով, գոչում է. «Ձերբակալեք այս մարդուն»: Սալիբան հարցնում է` ինչո՞ւ: Պատասխանը` որովհետեւ գող է: «Ի՞նչ է գողացել»: «Իրավունքներ…»: 



- Այո, Սուրբ Հարության տաճարում իրավունքներու, իրավատիրության սահմաններու շուրջ վեճեր կպատահին… Ատոր համար ալ վերահսկողությունը կարեւոր է նաեւ նորոգումների ժամանակ, բայց վերջնահաշվում 1853-ի Status quo-ով հաստատված համաձայնությունները բոլորի կողմե կճանաչվին` թե հոգեւոր իշխանություններու կողմե, թե պետություններու:



1810-ին, երբ Տիրոջ գերեզմանը եւ վրայի կառուցվածքը (Edicule) վերանորոգվել են (դրանից երկու տարի առաջ հրդեհ եւ երկրաշարժ եղել էր, եւ տաճարին ահագին վնաս պատճառված էր), նորոգումը մեծ մասամբ Հունաց պատրիարքարանը կատարել է, եւ այդ ժամանակ Ռուսիո արքունիքը, որ օրթոդոքս ըլլալով, Հունաց Օրթոդոքս եկեղեցին կհովանավորեր, ըստ խոսակցություններու, մեկուկես միլիոն ոսկի տված է Օսմանյան սուլթանին, որ արտոնություն առնվի Տիրոջ գերեզմանաքարի վրա հունարենով գրություն դրոշմելու: Ետքը 1853 Status quo-ով բոլորն ալ համաձայնած են, որ այդպես մնա: Տրանսհորդանանում անգլիական մանդատի շրջանին, Անգլիո իշխանությունները Տիրոջ Գերեզմանը, վրայի շինվածքը երկաթե ձողերով, փայտերով ամրապնդած էին, բայց բան մը փոխած չեն:



Այժմ, երկու հարյուր տարի ետքը, երբ նորոգում պիտի արվեր, որոշվեցավ, որ ամեն կարգավորում, գրություն նորեն պահպանվի: Ատոր համար ալ վերնորոգելիս քարերը վեր առնվեցան, ատոնց տակ եղած քարեղեն կոտրտանքը, ավազը մաքրվեցավ, հիմքը ամրացվեց, վերջը երեսի քարերը նորեն բերվեցին, նույնությամբ իրենց տեղը դրվեցին: Այս է. Սուրբ Հարության տաճարին մեջ ամեն հատված իրավունքներու խնդիր է:



- Իսկ Սուրբ Հարության տաճարից դուրս, նորոգման կարոտ այլ եկեղեցինե՞ր էլ ունինք…



- Գրիգոր Լուսավորիչ կոչվող եկեղեցի ունենք, որ Երուսաղեմի մեջ է, բայց նոր թողամասին մեջ կգտնվի, Հին Քաղաքի պարիսպներից դուրս: Ան պիտի նորոգենք: Իրականության մեջ աս եկեղեցին գերմանացիների կառուցածն է…



- Խաչակիրների շրջանի՞ց…



- Ոչ, այդչափ հին չէ, 19-րդ դարի կառույց է: Գերմանացի հոգեւորականները հեռանալիս այդ եկեղեցին մեր միաբանության հոգածությանը հանձնած են, որպեսզի երբ գան, նորեն իրենց վերադարձնենք, բայց չեն գար: Եկեղեցին մեզի թողնված է, մեր հոգատարության կգտնվի, մենք ալ հետագային մեջը խորան կառուցած ենք եւ այժմ պիտի վերանորոգենք:



- Մի կողմից՝ մեծագույն պատիվ եւ հպարտություն է, որ մեր Սբ. Հակոբյանց միաբանությունն այդքան եկեղեցիներ, կալվածքներ, ժառանգություն ու հարստություն ունի Սուրբ հողում, երբ հարյուրավոր ուրիշ ազգեր մի քար անգամ չունեն: Բայց մյուս կողմից` առօրյա կյանքում այդքան սրբավայրերի հոգատարությունը… Երուսաղեմում ես գիտակցեցի, թե դա ինչ նվիրում, ջանք եւ հերոսություն պահանջող աշխատանք է, որ մեր Միաբանության հայրերը կատարում են ամեն օր:



- Հոգատարության իմաստը դա է` ան, ինչ մեզ կպատկանի, մեզ է տրված, պետք է հոգ տանինք, պահպանինք, չկորսնցնենք եւ հաջորդ սերունդին փոխանցենք: Ատ ալ կանենք: Նոր սերունդն ալ կմեծանա` Ժառանգավորացի սաները: Իմիջիայլոց, անոնց մեծ մասը Հայաստանեն եկեր է: Հիմա արաբական երկրներից հայ պատանիների բերել չենք կարող, քանի որ Իսրայելի հետ ատ երկրներու հարաբերությունները լարված են կամ կբացակային: Մի ժամանակ ալ Հայաստանեն չէինք կրնար սաներ տանել, որովհետեւ հոս համայնավար իշխանություն էր, բայց այդ ժամանակ ալ արաբական երկրներից էր հոսքը բաց: Ինքս, օրինակ, Սուրիա ծնած եմ: Ասել է թե՝ եթե Աստված դուռ մը կգոցե, մյուսը կբացի։



- Լավ կլինի մեր Միաբանության համար Աստված բոլոր դռները բաց պահի: Եվ վերջինը հարցնեմ՝ պատրիարքարանի առօրյայից, մանավանդ իսկապես կարոտել եմ մեր թաղամասը, պատրիարքարանը, բոլորին: 2014-ի վերջին Նուրհան պատրիարքի` Գարեգին Երկրորդ Վեհափառին ուղղված նամակն աղմուկ ստեղծեց, բայց, փառք Աստծո, կարծես նոր աղմուկ չեղավ:



- Այո, աղմուկը դադարեց, կյանքը պատրիարքարանում կարգավորված է, իր հունով կընթանա: Ի՞նչ խնդիր ունինք. եպիսկոպոսներու խնդիրն ունինք: Միաբանության միայն երեք եպիսկոպոս է, որ Երուսաղեմում ծառայության մեջ կգտնվին, մյուսներ Ամերիկաներ, Եվրոպա, այլուր ծառայություն կկատարին: Հետեւապես, Երուսաղեմի մեջ նոր եպիսկոպոսներու կարիք ունինք եւ մենք երկու Հայր Սուրբերու երաշխավորած ենք, որ Վեհափառը եպիսկոպոս ձեռնադրե: Բայց Վեհափառը մեկուն կհամաձայնե ձեռնադրիլ, մյուսին չի համաձայներ: Այս հարցն է որոշ առկախ դրություն ստեղծել:



- Մաղթենք, որ եպիսկոպոսներն օր առաջ ձեռնադրվեն, եւ հուսանք` ներկա Վեհափառի ձեռամբ, ո՛չ հաջորդ: Հոգեշնորհ Տեր, հարցազրույցի համար էլ մեկ անգամ եւս շնորհակալություն:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ