Զոհվողը զոհվում է, ապրողը՝ ապրում

Զոհվողը զոհվում է, ապրողը՝ ապրում

Վերջին օրերին Ղարաբաղից ստացվող գույժերը՝ հայ երիտասարդների զոհվելու մասին, կրկին ցավի, ցասումի, դժգոհության ալիք են բարձրացրել։ Չնայած, ինչպես ղարաբաղցի բարեկամս է ասում՝ «պետք է լռեինք, քանզի պատերազմից 23 տարի հետո էլ պատերազմ է, եւ զոհվողը դարձյալ զոհվում է, ապրողը՝ ապրում...»։ Բայց եթե տարբեր ողբասացներ, ուրիշի սգի վրա շոու սարքողներ, ֆեյսբուքյան հայրենասերներ պետք է լռեին ու հեռու մնային Ղարաբաղից էլ, հասարակությունը պետք է խոսեր, քննարկեր, վրդովվեր։ Հասարակությունը չի կարող չնկատել, որ զոհերի մասին լուրերն ստանում է ՀՀ ԱԺ նախագահի՝ Ղարաբաղ կատարած առաջին «պաշտոնական» այցից ու կամուֆլյաժը հագին սահման այցելելուց ընդամենը ժամեր անց։ Հասարակությունը չի կարող չնկատել, որ երբ հայկական ընտանիքներում սուգ ու շիվան է, շոուբիզնեսի մի հսկայական հատված հարսանիքի է, որին մասնակցում է նաեւ ՀՀ առաջին տիկինը։ Իսկ ՀՀ նախագահն այցելում է խաղային բիզնես-ընկերություններից մեկի գրասենյակը, որը պաշտոնական հաղորդագրությունների մեջ «համեստորեն» ՏՏ ոլորտի աշխատատեղ ստեղծող ընկերություն են անվանում։ Հասարակությունը չի կարող չնկատել, որ մինչ երիտասարդ տղաներ են զոհվում սահմանին, Ղարաբաղում «Արցախ Էյր Ֆեստ» անունը կրող փառատոնն են անցկացնում, եւ քաղաքական մեծ խումբ գործիչներ գլամուր զրույցներ են վարում քաղաքական կուսակցությունների ճակատագրի մասին։ Իսկ Արցախից տագնապեցնող լուրեր են հասնում։ «Ադրբեջանը շատ ռեալ պատրաստվում է պատերազմի, ավելի ռեալ, քան մինչեւ 2016-ի ապրիլը», ասում են պաշտոնական շրջանակներից։ Եվ եթե հասարակ ժողովուրդը պետք է պատրաստ լինի զոհեր տալուն, ապա էլիտա կոչվող խմբակն էլ պետք է գոնե հրաժեշտ տա զվարճանքներին, դատարկ ջուրծեծոցիներին ու շոուներին։