Համլետ Ամիրխանյանից տուժածները դեռ դատարաններում են

Համլետ Ամիրխանյանից տուժածները դեռ դատարաններում են

«Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի կառուցած էլիտար շենքերը, որոնք գտնվում են Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53, Խանջյան 29 հասցեներում, գրեթե պատրաստ էին, ամուր ու ճաշակով կառուցված: Հայտնի է, որ ընկերության տերը՝ Համլետ Ամիրխանյանը, գերադասում էր գեղեցիկ ֆասադներ կառուցել՝ քանդակներոով ու սյուներով զարդարված: Կարծիքներ կան նույնիսկ, որ եթե Ավանում կառուցվող Hotel Yerevan հյուրանոցը մի քիչ ավելի համեստ նախագծված լիներ, Համլետ Ամիրխանյանն ստիպված չէր լինի կենտրոնում կառուցված մյուս շենքերը գրավադրել բանկերում, չէր խրվի պարտքերի մեջ եւ գուցե ինքնասպան չլիներ: Այժմ նրա կառուցած շենքերն աստիճանաբար թալանվում են՝ պատուհաններ են անհետանում, քարերն են գողանում: Նրա մահից հետո մոտ 220 բնակարանատերեր, որոնք տներ էին գնել նրա նորակառույցներում, մնացին առանց սեփականության վկայագրերի: Նրանց մի մասը բնակվում էր ձեռք բերված տներում, մյուսներն սպասում էին իրենց բնակարաններին։ 



Սայաթ-Նովայի շենքի բնակիչներին, օրինակ, բանկերը դուրս գալու պահանջ էին ներկայացրել: Բնակիչները պայքարում էին: Իսկ դեռ կիսատ շենքերի բնակիչների մյուս մասն այդպես էլ մնաց անտուն, եւ այժմ իրենց պահանջները ներկայացնում են սնանկության կառավարչին: Իհարկե՝ նրանք, ովքեր հավատում են, որ այդ գումարների վերադարձը մեր իրականության պայմաններում հնարավոր է: Սնանկության գործընթացն սկսվել է 2015 թվականի մարտին, երբ ընկերությունը սնանկ ճանաչվեց, եւ մինչ օրս չի ավարտվել: Ըստ սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի, սա այնքան էլ երկար ժամկետ չէ, եթե հաշվի առնենք, որ 220-ից ավելի բնակիչներ կան գործընթացում, բանկեր, այլ ընկերություններ, որոնք պահանջներ են ներկայացրել: «Սա շատ բարդ, ճյուղավորված գործ է, յուրաքանչյուր բնակչի պահանջ մոտ 25-30 թերթից է բաղկացած, եւ դատարանը, եւ մենք ամեն մեկը մանրակրկիտ ուսումնասիրում ենք»,- ասում է սնանկության կառավարիչը: Ըստ նրա՝ պահանջատեր բնակիչները 220-ից ավելի են, ովքեր հիմա դատական ոդիսական են անցնում: Խոսքը երկու կիսակառույց եւ երկու ավարտուն շենքերի մասին է: Այժմ պահանջների նախնական ցուցակի վերաբերյալ ներկայացված է վերաքննիչ բողոք: «Ես չեմ զբաղվում այն բնակարաններով, որոնք պատկանել են բանկերին, ու քաղաքացիներն այդ բանկերի հետ պայմանավորվածություններ են ունեցել։ Դա ինձ վերաբերող հանգամանք չէ, իմ խոսքը վերաբերում է այն բնակարաններին, որոնք պատկանում էին «Լեւոն Ամիրխանյան» ընկերությանը: Մենք դրանք չենք վաճառել, նրանք այնտեղ բնակվում են, մինչեւ համապատասխան որոշումները կկայացվեն»: Սնանկության կառավարիչը չի բացառում, որ հնարավոր է ինքը կամ պարտատերերն առողջացման ծրագիր ներկայացնեն: «Մենք պետք է իմանանք ընդհանուր պարտատերերի ցանկը, մեր, կոպիտ ասած՝ մինուսը պետք է իմանանք, նոր կամ պարտատերերի, կամ իմ կողմից առողջացման ծրագիր ներկայացնենք»,- ասում է Արման Սարգսյանը: Կառավարիչը չբացառեց, որ ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելուց հետո շենքերը նոր գնորդ կունենան:
Մեր տեղեկություններով, «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի հիմնադրի մահանալուց հետո ընկերության գործերով զբաղվում են տնօրենն ու հաշվապահը, բայց զբաղվում են զուտ ձեւական, առանց շահագրգռվածության: Օրենքով առողջացման ծրագիր կարող է ներկայացնել նաեւ պարտապանը, այսինքն՝ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն, բայց քիչ հավանական է համարվում։ Մենք տեղեկացանք նաեւ, որ հերթական բողոքի ալիքից խուսափելու համար իշխանությունները փորձում են ներդրող գտնել, այս առիթով խորհրդակցություններ են արվում, սակայն բոլոր նրանք, ում առաջարկվում է շարունակել Ամիրխանյանի կիսատ թողածը, հասկանում են, որ դա հսկայական ծախսերի հետ կապված մեծ ներդրումային ծրագիր է, որի եկամտաբերության առումով էլ կասկածներ կան։ Ուստի առայժմ խնդրի լուծման ձեւը չեն գտնում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ