Ալավերդու սպանության նոր մանրամասներ՝ փաստաբանները հակասական վարկածներ են առաջ քաշում

Ալավերդու սպանության նոր մանրամասներ՝ փաստաբանները հակասական վարկածներ են առաջ քաշում

«Կատա» սուպերմարկետի մոտ կատարված սպանությունը մեծ աղմուկ բարձրացրեց Ալավերդիում։ Անմիջապես տարածվեց վենդետայի՝ արյան վրեժի վարկածը, որի համաձայն, զոհի՝ Կամո Փիրուզյանի վրա կրակել էր 2016 թվականի մայիսին սպանված Էդուարդ Պողոսյանի ընկերը՝ Վլադիմիր Դավթյանը։ Բանն է, որ Էդուարդ Պողոսյանին եւ նրա հետ սպանված եւս մեկ անձի՝ Վարդան Ավագյանին, սպանել է Կամո Փիրուզյանի եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը, որը մինչ օրս հետախուզման մեջ է։ ԶԼՄ-ներն անմիջապես հիշեցին 2016 թվականի այս դեպքը եւ ենթադրեցին, որ երկու սպանությունները կապ ունեն իրար հետ, որ Վլադիմիրը, սպանելով Կամոյին, վրեժ է լուծել ընկերոջ մահվան համար։ Վլադիմիր Դավթյանի փաստաբան Հովիկ Արսենյանը հերքում է այս վարկածը․ «Այն ոչ մի ապացույց, փաստական հիմք չունի եւ զուտ մամուլի հորինվածքն է»։ Ըստ Հովիկ Արսենյանի, իր պաշտպանյալն սպառնալիքներ է ստացել Կամո Փիրուզյանից, վախ է ունեցել նրանից, ահա ինչու որոշել է, որ առաջինն ինքն է կրակելու։ Տուժողի իրավահաջորդի պաշտպան Լուսինե Սահակյանը հակառակ կարծիքի է։ Գտնում է, որ սպանողը պատվիրատուներ է ունեցել։



«Լավ եմ արել, որ Կամոյին սպանել եմ»



Սպանությունը տեղի է ունեցել հունիսի 13-ին։ Վլադիմիր Դավթյանը, ըստ մեր տեղեկությունների, այդ օրը պատրաստվելիս է եղել այցելել իր տատիկին եւ մտել է ծաղկի խանութ՝ վարդեր գնելու նրա համար։ Դրսում նա նկատել է Կամո Փիրուզյանին եւ մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ։ Դեպքը տեղի է ունեցել ցերեկը, մոտ 12։00-ին, մարդաշատ վայրում։ Տվյալներ ունենք, որ տարածքում ոստիկաններ են եղել։ Հենց նրանք են լսել կրակոցի ձայնը եւ, մոտենալով, տեսել են Կամո Փիրուզյանի դիակը։ Վլադիմիր Դավթյանը, որը Սանահին Սարահարթ թաղի բնակիչ է, անմիջապես խոստովանել է, որ «Մակարով» տեսակի ատրճանակով մեջքի կողմից կրակել է Փիրուզյանի վրա ու սպանել նրան։ Ձերբակալությունից հետո նա նշել է, որ կրակել է Կամոյի վրա։ «Լավ եմ արել, որ Կամոյին սպանել եմ»,- ասել է նա ոստիկաններին։ Նա կալանավորված է եւ մեղադրվում է սպանության համար՝ Քրօր․ 104 հոդվածի 1-ին մասով։ Դավթյանի մոտ ծալովի դանակ է եղել, էլեկտրաէներգիայի վճարման օրդեր եւ մոտ 2 հազար դրամ գումար։ Նա չէր աշխատում, ծնողները եւ քույրը վաղուց Լեհաստանում են՝ Կատովիցե քաղաքում։ Ինքն էլ որպես զբաղմունք գրել է՝ արտագնա աշխատանք։



Եթե կա զենք, ապա այն մի օր անպայման պիտի կրակի



Ըստ Վլադիմիրի ցուցմունքների, նա Կամո Փիրուզյանին չի ճանաչել։ Էդուարդ Պողոսյանի մասին նա նշել է, որ իր ընկերն էր, սակայն սա, հավանաբար, այն ընկերությունը չէր, որի համար մարդը գնում է արյան վրեժի։ Նրանք ընկերակցել են միմյանց օգտակար լինելու հողի վրա։ Մեր տեղեկություններով, ծանոթացել են Առինջ գյուղում, որտեղ հանգուցյալ Էդուարդ Պողոսյանն ավտոսպասարկման արհեստանոց է ունցել։ Վլադիմիրն այնտեղ նորոգել է իր ավտոմեքենան։ Այդպես էլ ծանոթացել են։ Երբ Պողոսյանը տեղափոխվել է Ալավերդի, որտեղ հյուրանոցում տնօրեն էր աշխատում, Վլադիմիրն առաջարկել է Պողոսյանին մնալ իր տանը։ Ինքն այդ ժամանակ դրսում է եղել՝ արտագնա աշխատանքի։ Իր ցուցմունքներում նա նշել է, որ Պողոսյանի հետ մի քանի անգամ խոսել է հեռախոսով, իսկ սպանության մասին իմացել է ինտերնետով, եկել է Ալավերդի, տնից հավաքել հանգուցյալի իրերը՝ նրա հարազատներին ուղարկելու նպատակով, եւ ներքնակի տակից գտել է նրա «Մակարովն» ու փամփուշտները։ «Չհանձնեցի, որ չդատվեմ»,- ցուցմունք է տվել Դավթյանը։ Բայց, ինչպես հայտնի է, եթե կա զենք, ապա այն մի օր անպայման պիտի կրակի։ Եվ այդ օրը եկել է։



Կամո Փիրուզյանը վաստակել է «Բենզինիստ» մականունը



Այնուամենայնիվ, ինչո՞ւ 26 տարեկան տղան որոշեց սպանել հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի մոտ 40 տարեկան եղբորը՝ Կամոյին։ Ըստ Ալավերդու բնակիչների, Կամո Փիրուզյանը քրեական անցյալ ուներ, եւ այդ մասին քաղաքում գիտեն բոլորը։ Նա երկու անգամ դատապարտվել է թմրամիջոցների պատրաստման եւ ապօրինի շրջանառության համար։ Ըստ «Դատալեքս» համակարգի՝ 2015 թվականին, օրինակ, նա նույն «Կատա» հանրախանութում գտնվող դեղատնից գնել է «պիրալգին» տեսակի դեղահաբեր, ներարկիչներ, յոդ, կիտրոնաթթու, սոդա, լուցկի ու դրանցից պատրաստել «կոդեին» տեսակի թմրամիջոց եւ այլ հոգեմետ դեղեր։ Այս քիմիական «փորձերի» համար Կամո Փիրուզյանը վաստակել է «Բենզինիստ» մականունը։ Նրան ճանաչում էր ողջ Ալավերդին։ Վլադիմիրը Կամո Փիրուզյանի հետ շփում չի ունեցել, թեեւ նույնպես ճանաչել է նրան։ Թշնամանք կամ լարված հարաբերություններ չի ունեցել, ընտանիքի անդամներին չի ճանաչել։ Լարումն սկսվել է այն ժամանակ, երբ մի օր Էնգելսի թաղամասում հանդիպել է Կամո Փիրուզյանին՝ մի քանի մարդու հետ։ Վիճել են։ Հայհոյել է Կամոն երիտասարդին։ Էլ ինչեր է ասել կամ արել նա իր ընկերների հետ, ոչ ոք չգիտի։ Այլ հայհոյանքներ էլ են եղել ծնողների հասցեին, որոնք Վլադիմիրը թաքցնում է՝ ասելով, որ չի ցանկանում հայտնել։ Ինքնասիրության նման դրսեւորումը 26 տարեկանում բնական է։ Որպես սպանության դրդապատճառ, նա նշել է իր հասցեին հնչած սպառնալիքները։ Դրանից հետո նա քաղաքում մշտապես զենքով է շրջել՝ մտադրություն ունենալով կանխել հնարավոր հարձակումը։



Սպանության օրը նա տեսել է Կամո Փիրուզյանին եւ մտածել, թե նա իրեն հետապնդում է։ Գտնվելով ծաղկի խանութում՝ ինչ-որ ժամանակ մնացել է խանութում, հետեւել Փիրուզյանին, որը դրսում է եղել եւ նույնպես հետեւել է իրեն։ Տեսարանն ավարտվել է կրակոցներով։ Ապա մարդասպանը մոտեցել է տղամարդու անկենդան մարմնին։ «Ո՞ւմ էիր քրֆում, տեսա՞ր ով ում սպանեց»,- Վլադիմիրի այս բառերը լսել են ականատեսները։ «Իմ պաշտպանյալը հայտնել է ինձ, որ այդ դեպքի հետ կապ չունի, ինքը ոչ մեկից չի փորձել վրեժխնդիր լինել։ Ոչ ոք չի ասում, որ անձնավորությունն անմեղ է։ Բայց վախից մարդն ընդունակ է ամեն ինչի»,- ասում է Հովիկ Արսենյանը։



Ալավերդին «եռում» է, հնարավոր են նոր զարգացումներ



Փիրուզյանների շահերը ներկայացնող փաստաբան Լուսինե Սահակյանին հարցրինք, թե որքանով է հիմնավորված, որ Ալավերդու սպանությունն արյան վրեժ է եղել եւ կապ ունի 2016 թվականի սպանության հետ։ Մեր հարցին նա պատասխանեց․ «Կամո Փիրուզյանը եւ այդ տղան որեւէ առնչություն չեն ունեցել, մամուլում խայտառակ տեղեկություններ են տարածվում։ Բայց մի բան ակնհայտ է, որ նախկինում՝ 2016 թվականին կատարված հանցագործության համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այն անձինք, ովքեր ոտնձգություններ են կատարել՝ Վարդան Անտոնյանը, մինչ այժմ կալանքի տակ է, մյուսը՝ Վարդան Փիրուզյանը, մինչեւ հիմա հետախուզվում է, եւ պարզ է, որ այս ամենը պետք է ունենար շարունակություն»։



- Այսինքն՝ Դուք կարծում եք, որ սա վրեժ էր, բայց Վլադիմիրը կապ չունե՞ր սպանվածի հետ։



- Պարտադիր չէ, որ հանցագործություն կատարողներն ու պատվիրատուները միեւնույն անձինք լինեն։



Այսօր ամբողջ Ալավերդին քննարկում է Կամոյի սպանությունը։ Կրքերը լարված են, եւ արյան վրեժի մասին խոսակցություններն ավելի են թեժացնում մթնոլորտը։



 Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ