Արտակ Շաբոյանին մեղադրում են, նա հերքում է

Արտակ Շաբոյանին մեղադրում են, նա հերքում է

ՏՄՊՊՀ-ում 2016 թ․ փետրվարին արհմիություն է հիմնվել, որը կոչված է լուծել հանձնաժողովի աշխատակիցների խնդիրները։ Սակայն ոչ բոլորն են գոհ նախագահի այս քայլից եւ արհմիության գործունեությունից։ Ոմանք կարծում են, որ սա արհմիության ֆոնդից մսխումներ կատարելու միջոց է։ Օրերս ՏՄՊՊՀ կոլեկտիվից մեկը նամակ էր ուղղել մեր թերթին, որտեղ հայտնում էր, որ արհմիության համար հավաքված գումարներն Արտակ Շաբոյանը եւ նրա մերձավորները մսխում են ռեստորաններում, քեֆեր են կազմակերպում, գործուղումների մեկնում։ 



«Այդ գումարները մինչեւ այժմ պահվում են աշխատակիցներից եւ անհայտ է, թե դրանք ինչի վրա են ծախսվում: Նշեմ նաեւ, որ գործընթացն իրականացվում է առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման, չկան հաշվետվություններ, արհմիությունը գործում է առանց որեւէ կանոնադրության եւ այլն: Դրանում կարող են համոզվել պատկան մարմինները՝ հանձնաժողովում կատարելով համապատասխան ուսումնասիրություններ։ Ի վերջո, պատկան մարմինները բազմիցս խոսում են չարաշահումներ թույլ չտալու մասին, բայց Շաբոյանը շարունակում է մսխել աշխատակիցների փողերը»,- գրում է անստորագիր նամակագիրը։ Նաեւ նշում է, որ ՏՄՊՊՀ-ում այլ չարաշահումներ եւս կատարվում են, օրինակ, աշխատավարձի ֆոնդից գումարներ են դուրս բերվում ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրերով։



Հանձնաժողովից հերքում են այս լուրերը։ «Հանձնաժողովում ընդամենը 60 հաստիք կա եւ 4 թափուր աշխատատեղ, որոնց համար մրցույթ է հայտարարված։ Այդ գումարները ծառայությունների մատուցման համար չեն կարող օգտագործվել։ Վերահսկիչ պալատը վերջերս է ավարտել իր ստուգումները ՏՄՊՊՀ-ում եւ ինչպես բյուջեի, այնպես էլ մնացած մասերով որեւէ խնդիր չի հայտնաբերել»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Շաբոյանի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը։ Նա նաեւ մեզ տրամադրեց արհմիության վերաբերյալ իր ղեկավարի պարզաբանումը, որից հետեւում է, որ այն կամավոր մարմին է, հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են ցանկություն հայտնել անդամագրվելու դրան, ունի կանոնադրություն եւ գրանցված է պետռեգիստրում։ «Քանի որ հանձնաժողովն արտաբյուջետային միջոցներ չունի, ապա աշխատակիցների կամքով որոշվել է ստեղծել արհմիություն՝ անդամների սոցիալական իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, աշխատողների աշխատանքային պայմանների բարելավումը, հիվանդության կամ դժբախտ դեպքերի ժամանակ նրանց ֆինանսական օգնության տրամադրումը, մշակութային, մարզական եւ այլ ծրագրերի իրականացումը կազմակերպելու նպատակով: Անդամների կողմից հավաքագրված գումարները տնօրինվում են նախագահության որոշմամբ՝ կանոնադրական պահանջներին համապատասխան: Նախագահության կազմը եւս ընտրվել է հիմնադիր ժողովի կողմից: Նշենք նաեւ, որ ընտրվել է նաեւ վերահսկողություն իրականացնող մարմին՝ վերստուգիչ հանձնաժողով՝ բաղկացած 3 անդամից: Վերստուգիչ հանձնաժողովն իրականացնում է արհմիության ֆինանսատնտեսական գործունեության, բյուջեի կատարման եւ նախագահության որոշումների կատարման վերահսկողությունը: Անհրաժեշտ է ընդգծել այն հանգամանքը, որ հանձնաժողովի նախագահը եւ աշխատակազմի ղեկավարը չեն կարող լինել եւ չկան արհմիության ղեկավար կազմում՝ հիմնադիր ժողովում, նախագահությունում, վերստուգիչ հանձնաժողովում եւ չունեն ձայնի իրավունք կամ որեւէ լծակ՝ ազդելու վերոնշյալ մարմինների որոշումների կայացման վրա»: ՏՄՊՊՀ արհմիությունը մեկ տարում դրամական օգնություն է տվել աշխատողներին հիվանդության ու դժբախտ դեպքերի ժամանակ, աշխատակիցների համար կազմակերպվել է ամանորյա միջոցառում, մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ՝ ծաղիկներ կանանց համար։ «Բացի այդ, հանձնաժողովի աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպվել են մարզական միջոցառումներ, մասնավորապես, յուրաքանչյուր ամիս վճարվել եւ վճարվում է աշխատակազմի ֆուտբոլային թիմի մարզադահլիճի վարձը, ինչպես նաեւ՝ թիմն ապահովվել է սպորտային հանդերձանքով: Կազմակերպվել են նաեւ մշակութային միջոցառումներ, գնվել են թատրոնի տոմսեր եւ այլն: Միաժամանակ, հանձնաժողովի արհմիության անդամների համատեղ որոշմամբ, անդամավճարների մի մասը բարեգործական նպատակներով տրամադրվել է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում բնակվող մի շարք անապահով ընտանիքների, որը լինելու է շարունակական: Այս պահին նախատեսում ենք արհմիության գումարներից որոշակի մաս հատկացնել հանձնաժողովի պաշտոնական կայք-էջի վերազինմանը, քանի որ պետբյուջեով նման նպատակի համար գումար նախատեսված չէ: Այն չափազանց կարեւորվում է հանձնաժողովի գործունեության առավել թափանցիկ եւ հրապարակային գործունեության տեսանկյունից: Կարծում ենք, որ վերոնշյալ պարզաբանումն առավել քան ակնառու է դարձնում այն, որ արհմիության գումարները ոչ նպատակային ծախսելու վերաբերյալ լուրերն անհիմն զրպարտանքներ են»,- գրված է հանձնաժողովի պատասխանում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ