Ոլորտները կարող է ասել, անունները՝ ոչ

Ոլորտները կարող է ասել, անունները՝ ոչ

ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ են Հայաստանում 8 միլիարդ դոլարի ներդրում կատարել, միայն թե Հայաստանում ապահովվեն ազատ մրցակցային պայմաններ։



Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեսպանի այս հայտարարությունը չմեկնաբանեց՝ խնդրելով դիմել իր մյուս գործընկերոջը, ով հենց ներդրումների ոլորտով է զբաղվում, որ ավելի հստակ պատասխանի։ Միայն նշեց, որ ազատ մրցակցային պայմանների ստեղծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։



Hraparak.am-ի հարցին, թե վարչապետի խոստացած մոտ 850 միլոն ներդրումների ո՞ր մանս էմինչ այժմ կատարվել, պարոն Կարայանն ասաց․ «Մոտավորապես 37-40 տոկոս ներդրումների ծավալն արդեն իսկ իրականացվել է»։



-Ո՞ր երկրների կողմից, ի՞նչ ներդրումներ են դրանք։



-Ես անուններ, միշտ ասել եմ, որ դա առևտրային գաղտնիք է, մենք իրավասու չենք հրապարակել, ես կարող եմ հրապարակել ոլորտները, թե որ ոլորտներում են դրանք իրականացել։



-Օրինակ՝ վերջերս Տաջիկստանի Ձեր գործընկերն էր այցելել Հայաստան, հանդիպումներ ունեցաք, իրենցից ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ։



-Իրենցից ակնկալիք ունենք համագործակցության, որպեսզի մեր ապրանքաշրջաբնառությունն աճեցնենք, կոնկրետ ոլորտներում արդեն ունենք պայմանավորվածություններ, մոտ ժամանակներս՝ օգոստոսի վերջ, սեպտեմբերին նորից այց կլինի տաջիկական կողմից, նաև մենք այց կունենանք, միաժամանակ բիզնես-ֆորում իրականացրինք, որի արդյունքում 8-9 պայմանագրեր ստորագրվեցին կազմակերպությունների կողմից։ Խոսքը գյուղմթերթքի վերամշակման՝ հիմնականում տաջիկական կողմից, նաև Հայաստանի Հանրապետությունից որոշակի ապրանքների մասին է։ Համագործակցության լուրջ հեռանկար ունենք նաև ոսկեգործության և ադամանդագորության բնագավառում։



-Իսկ ավելի զարգացած երկրների՞ց ինչ ակնկալիքներ կան, կառավարությանը քննադատում են, որ ԵԱՏՄ երկրներից դուրս՝ ավելի զարգացած երկրներից ներդրումներ չկան, այցեր չեն լինում եվրոպական երկրներ։



-Դա դեռ ոչ մի բան չի նշանակում, չէ՞ որ մենք ձեզ լուսաբանել ենք, որ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել և բազմաթիվ գործընկերներ հենց եվրոպական երկրներից այցելել են հայաստանի Հանրապետություն։ Մի քանի օր առաջ ֆրանսիացի մեր գործընկերներն էին, որ ներդրումներ կիրականացնեն թեթև արդյունաբերության ոլորտում, պատվերներ կիջեցնեն։ Երկուշաբթի օրը կժամանեն Դանիայի մեր գործընկերները, այնպես որ, այդ լուրերը հիմնավորված չեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ