Կառավարությունը բնությունը թունավորելու ծրագիր է բերել

Կառավարությունը բնությունը թունավորելու ծրագիր է բերել

Կառավարության երեկվա նիստի ամենաթեժ պահը վարչապետի նկատողությունն էր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Վերջինս երկու օր խնդրեց Սեւանա լճի վերաբերյալ նախագծի քննարկման համար, բայց վարչապետը կտրեց։ «Ոչ, մենք ասել ենք, որ այդ պրակտիկան դադարեցրեք: Մենք դա մի օր պետք է դադարեցնենք, պարոն Մինասյան: Մեկ օր Ձեզ ժամանակ: Բոլոր պրոցեդուրաներն անցնում ենք, հետո գալիս եք, էլի մեկ օր, երկու օր խնդրում»,- ասաց վարչապետը: Արծվիկ Մինասյանի մտահոգությունը պատահական չէր: Կառավարության նիստին հաստատված Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման մասին որոշման վերնագիրը չի համապատասխանում դրա բովանդակությանը: Իրականում սա ոչ թե լճի պահպանման, այլ դրան վնասելուն, ջրառն ավելացնելուն միտված իրավական ակտ է:



Հիմնավորման մեջ ասվում է, որ այն պայմանավորված էր «հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու, ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ»:



Եղել են տարիներ, երբ լճից 170 մլն․ խմ ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, խորքային հորերի պոմպերով ջրարտադրության միջոցով: Քանի որ 2017 թվականին գրանցվել է գետերի շուրջ 20% սակավ ջրատվություն, որոշվել է ավելացնել Սեւանից ջրառը, օրենքով սահմանված 170 մլն․ խմ-ն դարձնել 270 մլն․: Կառավարությունը որոշել է, որ լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ 2001 թվականից մինչ օրս լճի մակարդակը փաստացի բարձրացել է չորսուկես մետրով, իսկ լրացուցիչ 100 մլն․ խմ ջրի բացթողումն ընդամենը 8 սմ-ով է իջեցնելու Սեւանի մակարդակը: Բնապահպաններին այս որոշումը եւ երեկվա նիստն առհասարակ զայրացրել են: Մեկ այլ նախագծով գերակա ոլորտում ներդրում կատարելու համար Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ազատվեց սարքավորումների ներմուծման մաքսատուրքից:



Երեկվա նիստի որոշումները խնդրեցինք մեկնաբանել Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին: Նա վրդովված էր եւ այսօր պատրաստվում է ասուլիս հրավիրել ու խոսել Վայոց Ձորի ջրերը ծանր մետաղներով թունավորելու վտանգի մասին: «Լիդիան Արմենիանին» մաքսատուրքից ազատելը Հակոբ Սանասարյանը համարում է կեղտոտ գործարք: «Մի կողմից ասում են՝ 400 մլն․ դոլարի ներդրում պետք է անի «Լիդիանը», մյուս կողմից արտոնություն են տալիս, քանի որ միջոցներ չունի: Որովհետեւ հանքատերերը հենց իրենք են: Կառավարությունում հանքատերեր կան՝ իրենց կատարածուներով: Հանքատերեր կան նրա գլխավոր խորհրդականների շրջանում:



Կառավարությունը բացահայտորեն տանում է Հայաստանի բնության հիմնարար ավերման ու թունավորման ծրագիր»,- ասում է Հակոբ Սանասարյանը:



- Սեւանի ջրառն օրենքով որոշել են զգալի չափով ավելացնել: Արդյոք լճի էկոհամակարգը չի՞ տուժի սրանից:



- Նրանք միշտ հայտարարել են, որ ուզում են Սեւանա լճի մակարդակը բարձրանա: Ռոբերտ Քոչարյանը հենց իշխանության գլուխ եկավ, կազմակերպեց այդ հարցը՝ որ Սեւանի մակարդակը չբարձրանա, բայց իրենք ժողովրդին ասեն՝ Սեւանը մեր կարեւորագույն ռազմավարական օբյեկտն է՝ որպես ջրային խոշոր պաշար: Դրա համար Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի չափաբաժինները փոխեցին, ջրամբարները լցնելուց, դատարկում էին, ձմռանն էլեկտրաէներգիա էին արտադրում, որ հետո ասեն՝ տեսեք, այսինչ, այսինչ ջրամբարները դատարկ են, որ Սեւանից ջուր վերցնեն:



- Բայց Սեւանի մակարդակը բարձրացավ, չէ՞: Եվ վարչապետն էլ ասում է՝ մենք այնտեղ «լյուֆտ» ունենք, եկեք ոռոգումն ավելացնենք:



- Նայեք, թե ինչ են արել: Սանձել են Սեւանը, ասել են՝ դու արագ բարձրանալու իրավունք չունես: Էս պատրվակով են ջրառն ավելացնում, իրականում պետք է խստորեն հետեւեն Համաշխարհային բանկի ցուցումներին: Այսօրվա վարչապետը շարունակում է մյուս վարչապետերի գործելակերպը: Իրականում այնտեղ ոչ տնտեսական հաշվարկ կա, ոչ ջրի արդյունավետ օգտագործման խնդիր: Ո՞նց եղավ, որ ժամանակին ընդամենը 50-70 մլն․ խմ ջուր էին բաց թողնում, ու ոռոգմանը բավարարում էր, հիմա ի՞նչ եղավ: Սուտ են ասում: Տարիներ առաջ, երբ որ ձնհալը կար, հեղեղատներ էին լինում, նրանք Սեւանա լճից էլի ջուր էին բաց թողնում, այն ժամանակ, երբ Հրազդանը կար եւ դրա համակարգը: Նույնը շարունակվում է հիմա: 



- Եթե Սեւանը բարձրանա, ափամերձ օբյեկտները կգնան ջրի տակ: Դրա՞ համար են ուզում իջեցնել լճի մակարդակը:



- Նաեւ խոսք կար, որ իրենք հատուկ կատերներ ունեն, որոնց համար բունկերներ են կառուցել, եւ եթե ջրի մակարդակը բարձրանա, նրանք լրացուցիչ ծախսեր պետք է կատարեն, որ այդ բունկերների մակարդակը բարձրացնեն: Իրենք գործում են Համաշխարհային բանկի հրահանգներով: Նրանք պետք է գոնե այս հարցում սուտ չխոսեն: Պետք է ասեն՝ ժողովուրդ, մենք այսօր համապատասխան ֆինանսներ չունենք, որ Սեւանա լճի մակարդակը բարձրացնենք եւս 3,5 մետր, քանի որ այնտեղ ճանապարհների եւ այլ խնդիրներ կան: Ինչո՞ւ եք խաբում: Սուտը դարձրել եք քաղաքականություն:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ