Կործանվող խալիֆներ, լրտեսական կրքեր, թագաժառանգներ

Կործանվող խալիֆներ, լրտեսական կրքեր, թագաժառանգներ

Մեր օրերում յուրաքանչյուր օրը այնքան նորություն է բերում միջազգային հարաբերություններում, որ այն, ինչ այլ ժամանակերում դարակազմիկ նորություն կգնահատվեր, ընթացիկ նորությունների հոսքում հաղորդվում է, անցնում:



Հնարավո՞ր է դարակազմիկ չկոչել ISIS-ի վերջնական պարտությունը եւ ոչնչացումը Իրաքում, ինչի մասին հայտարարեց Իրաքի վարչապետը` արձագանքելով ISIS-ի գրոհայինների կողմից ութ հարյուրամյա մզկիթ ու մինարեթ պայթեցնելուն: Դա այն մզկիթն էր, որտեղից երեք տարի առաջ ISIS-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, (ով, ի դեպ, իրեն Մուհամեդ առաքյալից սերող չգիտես որերորդ սերնդի ուղիղ ժառանգ էր հայտարարում) հռչակել էր իր խալիֆայության ստեղծումը: Երեք տարի անց, երբ խալիֆայությունը կործանված է, հետեւորդները` ոչնչացված, Մոսուլում մարտնչող ISIS-ի վերջին բեկորները պայթեցրել են մինարեթը, երեւի որովհետեւ համարել են, որ դրա վրա բարձրացող Իրաքի դրոշը անտանելի նվաստացում կլինի իրենց համար: Իրաքի վարչապետը ճիշտ է գնահատել, որ այդ քայլով ISIS-ի հանցագործները իրենց հուսալքությունն են խոստովանել եւ վեր են բարձրացրել ձեռքերը: Ըստ վարչապետի` Իրաքում ISIS-ի վերջին զինյալների ձեռքերը վեր բարձրացնելը հաշված օրերի հարց է:



Թեեւ, իհարկե, ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի համար ISIS-ի ոչնչացումը նույնացվում է ոչ այնքան իրաքյան Մուսուլի, որքան Սիրիայի տարածքում գտնվող Ռաքքայի ազատագրման հետ: Ռաքքան կատարյալ շրջափակման մեջ է. հարձակողկան մարտերը սկսվեցին հունիսին, եւ հավանաբար մի քանի ամսում Ռաքքան էլ կազատագրվի:



Նվազ նշանակալից նորություն չէր Սաուդյան Արաբիայի, Արաբական Էմիրությունների, Եգիպտոսի եւ Բահրեյնի կողմից Քաթարին ներկայացված 10 կետանոց պահանջագիրը, որով Քաթարից ի թիվս այլնի պահանջվել է 10-օրյա ժամկետում փակել Al Jazeera հեռուստակայանը՝ իր բոլոր պլատֆորմերով, Իրանի հետ դիվանագիտական բոլոր հարաբերությունները առկախել, Թուրքիայի ռազմաբազան, անկախ հանգամանքից, որ այդտեղ ընդամենը մի քանի հարյուր զինվոր է, Քաթարի տարածքից դուրս հանել: Այս վերջին պահանջը միանգամայն դուրեկան զարգացում է: Եթե Քաթարը հրաժարվի պահանջները կատարել, ինչը հավանաբար այդպես էլ կլինի, այդ դեպքում հող կստեղծվի, որ արաբական աշխարհի երկու ամենազորեղ երկրները` Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը սկսեն հարաբերություններ պարզել Թուրքիայի հետ: Նման ձայներ արդեն հնչում են, եւ ուղղակի հրաշալի կլինի, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից գրողի ծոցն ուղարկված Թուրքիան հիմա էլ արաբական աշխարհում մեկուսացման ենթարկվի:



Թուրքական մի ասույթ կա. «Թուրքիան երեք կողմից շրջապատված է ջրով, չորս կողմից թշնամիներով»: Եթե արաբական աշխարհն էլ բացահայտ հարաբերությունները վատացնի Թուրքիայի հետ, տա Աստված` մինչեւ դիվանագիտական հարաբերություններ խզելու աստիճան, ասույթը լիովին ի կատար ածված կլինի:



Երրորդ դարակազմիկ նորությունը երեկ Washaington Post-ի գաղտանազերծած տեղեկություն էր, որ դեռ 2016-ի օգոստոսին նախագահ Օբամային փոխանցվել է ԱՄՆ հետախուզական վարչության` CIA-ի գերգաղտնի զեկույցը, համաձայն որի՝ ՌԴ նախագահ Պուտինը անձամբ է կարգադրել կիբեռ-հարձակումները ԱՄՆ ընտրական հաստատությունների հանդեպ, եւ Պուտինի կարգադրություններից զեկույցում եղել են մեջբերումներ, ինչը ակնհայտորեն նշանակում է, որ Կրեմլի ամենաբարձր էշելոններում կան CIA-ի գործակալներ: Երեկվա դրությամբ Կրեմլից ոչինչ չէին մեկնաբանում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Օբաման գերադաել է ռուսներին նախազգուշացնել, որ ձեռնպահ մնան ԱՄՆ-ի դեմ կիբեռ-հանցագործություններ կատարելուց, իսկ ամերիկյան անվտանգության կառույցներին հանձնարարել է կիբեռ-հարթությունում Ռուսաստանին արժանիորեն պատժելու ծրագիր նախապատրաստել:



Տա Աստված՝ կարգին ծրագիր լինի եւ Ռուսաստանին խստորեն պատժի, բայց առանց այդ պատժի էլ Ռուսաստանը վատթարագույն վիճակում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների առումով: Ոչ միայն նախկին պատժամիջոցների ներքո հայտնված անձանց ու կազմակերպությունների ցանկը օրերս մի քանի տասնյակով ընդլայնվեց, այլեւ ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանի դեմ նոր եւ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծ է շրջանառվում: Իսկ հարաբերությունները վատթարացման գագաթնակետը կլինի այն պահին, երբ հաստատվի, որ գործող նախագահ Դոնալդ Թարմփը միջնորդավորված շփումներ եւ պայմանավորվածություններ է ունեցել Կրեմլի հետ: Այդ ուղղությամբ յուրաքանչյուր օրը նոր բացահայտումներ է բերում, հաճախ հանցագործություններ հիշեցնող, եւ մնում է միայն տեսնել, թե FBI-ի նախկին տնօրեն եւ այժմ Թրամփի հանդեպ քրեական հետապնդում իրականացնող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը ինչ եզրայացությունների կհանգի: Ամեն դեպքում, քրեական հանցագործության ամպերը կուտակվում են Թարմփի գլխին: Մնում է այդ ամպերը Թրամփի նախագահությանը, գուցե նաեւ ազատությանը վերջակետ դնեն:



Սակայն բոլոր թվարկված իրադարձություններից անհամեմատ կարեւոր տեղաշարժ էր Սաուդյան Արաբիայում թագաժառանգ արքայազնի փոփոխությունը: Այժմ Սաուդյան Արաբիայի ղեկը երիտասարդ, փառատենչ, ինքնավստահ եւ արկածախնդիր Մուհամեդ բին Սալմանի ձեռքում է, ինչը անխուսափելիորեն էլ ավելի է խառնելու Մերձավոր Արեւելքի դրությունը: Բայց բեդվիններից սերող այդ արքայազնի մասին երկու տողով չես գրի: Այժմ երբ նա կանգնել է առաջնաբեմում, նրա մասին ամբողջ մի հոդված կարելի է գրել, ինչը մոտ ապագայում կանենք:



Եվ վերջապես, մինչ Էր-Ռիադում արքայազն բին-Սալմանը աջուձախ բոլորին հեռացնելով ձգտում էր եւ գրեթե հասավ գահին, այս շաբաթ Newsweek պարբերականին տված հարցազրուցում արքայազն Չարլզի եւ Լեդի Դիաննայի կրտսեր որդին` արքայազն Հարրին ասել էր, որ չի կարծում, որ իրենց ընտանիքում կա մեկը, ով կցանկանար գահին բարձրանալ եւ արքա կամ թագուհի լինել, հետո իհարկե հավելելով, որ եթե ժամը հնչի, պատասխանատվությունը պետք է կստանձնել: Ինչպես տեսնում ենք, թագաժառանգների ձգտումներն ու արժեքներն էլ նույնքան տարբեր են, որքան այս բազմագույն, բազմաձեւ ու բազմաիմաստ աշխարհը:

Լուսինե Պետրոսյան