Մանկական հիվանդություններ

Մանկական հիվանդություններ

Վլադիմիր Իլյիչ Լենինը, այնուամենայնիվ, խելացի մարդ էր, չնայած երկրագնդի պատմությունն անցանկալի հունով շրջած գործիչներից է համարվում։ Նրա շատ աշխատություններ ու թեւավոր խոսքեր այսօր էլ կիրառելի են ու անմահ։ Մեր ընդդիմության գործողություններին հետեւելիս հնարավոր չէ չհիշել նրա գործերից մեկը՝ «Ձախության մանկական հիվանդությունը»։ Լենինն ասում էր՝ ձախությունը մանկական հիվանդություն է, հասունացման հետ անցնող։ Մեր երիտասարդ ընդդիմադիրների որոշ քայլերն ու խոսքերն էլ, թերեւս, հասունացման հետ կփոխվեն։ Ինչ-որ ժամանակ հետո Գեւորգ Գորգիսյանը, հավանաբար, կհասկանա (գուցե արդե՞ն հասկացել է), որ չի կարելի մեկ այլ ընդդիմադիր գործչի եւ նրա անցած ուղին ձեռքի մեկ հարվածով հողին հավասարեցնել եւ նրան անվանել «քաղաքական դիակ»։ Դա, եթե չասենք անհեռատես քաղաքականության, ապա գոնե վատ տոնի դրսեւորում է։ Գուցե գա ժամանակը, երբ Զարուհի Փոստանջյանը եւս ընդունի, որ իր «հանձնարարած» 1-2 հարցը չտալու եւ լռելու համար չարժե գործընկերներին՝ ավագանու անդամներին, հեռացնել խմբակցությունից, մանավանդ՝ երբ ընդամենը հազիվ մեկ ամիս է անցել ընտրվելու պահից, ու դավաճանության մասին խոսելն առնվազն վաղ է։ Հնարավոր է, որ գա մի օր, եւ նա հրաժարվի տաք-տաք որոշումներ կայացնելու ու լրագրողներին էլ հաղորդագրություններ ուղարկելու գայթակղությունից, թե՝ «Երկիր ծիրանի» անվանումն ինչպես գրեն՝ մեծատառո՞վ, թե՞ փոքրատառով, հապավում օգտագործե՞ն, թե՞ ոչ։ Կհասկանա, որ դա չէ կարեւորը, եւ դրանով չի որոշվում իր ղեկավարած կուսակցության կշիռը։ Թերեւս կգա նաեւ այն օրը, երբ «Ելքի» առաջնորդները կհասկանան, որ իշխանական «պրոյեկտ» լինելու մեղադրանքներից ազատվելու ուղին ամեն օր ամբիոնից Սերժ Սարգսյանին ու մյուս իշխանավորներին հայհոյելը չէ։