Հայ առաքելական եկեղեցին դատում է՝ առանց վախենալու, որ կդատվի

Հայ առաքելական եկեղեցին դատում է՝ առանց վախենալու, որ կդատվի

Հայ առաքելական եկեղեցին մեզ հորդորում է հետեւել Աստծո պատվիրաններին։ Օրինակ՝ որ երբ մի այտիդ ապտակում են, մյուսն էլ դեմ տաս, կամ չդատես, որ չդատվես։ Բայց ինքը՝ եկեղեցին, հաճախ է խախտում պատվիրանները։ Հատկապես՝ «մի դատիր, որ չդատվես»-ի մասով։ Վերջին 10 տարում Սուրբ Էջմիածինը երեք տասնյակից ավելի դատական գործեր է հարուցել Հայաստանի դատարաններում։ Օրինակ՝ 2009 թվականին Մայր Աթոռը դատի էր տվել «Մեր տուն» սոցիալական ՀԿ-ին։ Մեր կաթողիկոսարանը Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմից 100 հազար ԱՄՆ դոլար գումար էր ստացել՝ այս ՀԿ-ի համար կալվածք գնելու համար։ Իսկ ՀԿ-ն, ըստ հայցի, իր անունով էր ձեւակերպել կալվածքը։ Մայր Աթոռն էլ դատի էր տվել ու իր սեփականության իրավունքն այս կալվածքի հանդեպ ճանաչել տվել։



Ամբողջ Թթուջուրը դատվում է կաթողիկոսի հետ



Այս պահին էլ մի քանի քաղաքացիական վեճեր ընթացքի մեջ են։ Օրինակ, բարերար ներկայացող Վոլոդյա Բորյանը, եկեղեցի է կառուցել գյուղի կենտրոնում եւ Մայր Աթոռի հովանավորությամբ փորձում է տիրանալ մյուս բնակիչների հողատարածքներին այն պատրվակով, որ ուզում է եկեղեցու շուրջ այլ օբյեկտներ կառուցել։ Հողի սեփականատերերից մեկը մեզ հայտնեց, որ Վովա Բորյանը բարերար է, Ռուսաստանում զավակներ ունի, որոնց օգնությամբ և Մայր Աթոռի «դաբրոյով» կառուցել է եկեղեցին։ Բայց բարձունքը մի քանի տեր ունի, եւ հիմա Մայր Աթոռը հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ թթուջուրցիների, համայնքապետարանի, նոտարական գրասենյակի, որպեսզի այդ տարածքները խլի տերերից։ Պատասխանողների թվում է նաեւ Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի տարածքային աշխատակից Մինաս Սարգսյանը, ում հայրն ապագա եկեղեցու տարածքում սեփական հողեր ունի։ Պատասխանողների թիվը կարող է ընդլայնվել։ Այդ գործով դեռ երկու դատական նիստ է անցկացվել, վերջինը՝ մայիսին։ «Եթե իմ ունեցվածքը խլում է Մայր Աթոռը, ես էլ կդառնամ աղանդավոր»,- ասում է Թթուջուր համայնքի բնակիչներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել։ «Ինձ դեռ դատի չեն տվել, բայց երեւի կտան, ես այնտեղ խանութ ունեմ փոքր։ Հենց ինձ էլ դատի տան, ես բացահայտ կխոսեմ»,- ասաց նա։



Չքավորների արդարացումները չեն անցնում



Ինչպե՞ս չդատվես, եթե ամեն կողմից մեր խեղճ եկեղեցուն ուզում են թալանած լինել։ Էջմիածնի բնակիչ Գառնիկ Աբրահամյանը, օրինակ, Էջմիածնի քաղաքային զբոսայգում մի 500 քմ տարածք էր վարձակալել քաղաքապետարանից՝ 99 տարով։ Քաղաքապետարանն այգին նվիրել է եկեղեցուն՝ հանգստի եւ հոգեւոր-մշակութային կյանքի կազմակերպման նպատակով։ Բայց այդ հանդուգն բնակիչը չէր ուզում հրաժարվել իր փոքրիկ տարածքից ու շարունակում էր այն վարձակալությամբ օգտագործել՝ փչացնելով Ծայրագույն պատրիարք եւ կաթողիկոս Գարեգին Բ-ի նյարդային համակարգը։ Սուրբ Էջմիածինն էլ դատի տվեց այն նոտարին, որը վավերացրել էր քաղաքացու ապօրինի գործարքը։ Դատարանները, իհարկե, Ծայրագույնի կողքին են եւ կատարում են նրա բոլոր հայցապահանջները։ Լավ է, որ գոնե նրանք չեն թալանում Ծայրագույնին։ Այս քաղաքացու պայմանագիրը երկու դատական ատյան անվավեր ճանաչեց, եւ հողը հետ տվեցին Մայր Աթոռին։ Էջմիածինն ամենատարբեր դատարաններ է դիմում, շինարարական կազմակերպությունների է դատի տալիս, որոնք իր պատվերները վատ են կատարել, մարդկանց, ովքեր փորձել են «քցել» եկեղեցուն։ Կաթողիկոսարանը մի անգամ նույնիսկ մի ամբողջ գյուղական համայնքի էր դատի տվել՝ Վայոց Ձորի Ռինդ գյուղի համայնքապետարանին։ Այն ոռոգելի ջրի խողովակաշարի վարձակալության պայմանագիր էր կնքել եկեղեցու հետ, որը, պարզվում է, ոչ միայն հողեր ու կալվածքներ, այլեւ սեփական խողովակաշարեր ունի։ Իր 13 հազար 526 մետր երկարությամբ «Նորավանք-Ռինդ» ինքնահոս ջրատարը 2008թ․ հանձնել էր Ռինդի գյուղապետարանին, որը պարտավորվել էր դրա դիմաց 1 մլն․ 200 հազար դրամ մուծել եկեղեցուն, բայց կարողացել էր ընդամենը 728 հազար 386 դրամ տալ՝ երկու տարվա համար պարտք մնալով մոտ կես միլիոն դրամ։ Գյուղի բնակիչները դատարանում արդարացել են, որ որքան ջուր ստացել են ու ինչքան գումար կարողացել են հավաքել, այդքան էլ փոխանցել են Սուրբ Էջմիածնին, ասել են, որ մի քանի տնտեսություն կա, որոնց ֆինանսատնտեսական վիճակը վատթարագույն է․ «Չեն վճարում, որոնց ոչինչ չեն կարող անել, քանզի շատ ընչազուրկ են»: Բայց գյուղացիները չեն կարողացել շարժել կաթողիկոսի գութը, եւ դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ընչազուրկների՝ սահմանելով բռնագանձել Ծայրագույնի ուզած գումարը։ Մայր Աթոռի դատական գործերով պատասխանողները հաճախ սովորական մարդիկ են, որոնց տունը եւ հողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահանջել է օտարել հասարակության եւ պետության կարիքների համար՝ փոխհատուցմամբ։ Նրանք են՝ Էջմիածնի բնակիչներ Հրաչյա Վարդապետյանը, Ադրինե Վարդանյանը, Գայանե Վարդապետյանը, կամ շինարարական կազմակերպություններ են, տարատեսակ մատակարարներ, որոնցից եկեղեցին ապրանքներ կամ ծառայություններ է գնել, բայց դրանցից դժգոհ է եղել։ Օրինակ, «ՅուԿաԳո» ՓԲ ընկերությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ 2013թ. կնքված պայմանագրով պարտավորվել էր Արամուսի բարձրորակ քարից պատրաստված մոտ 30 մլն․ դրամի եզրաքարեր մատակարարել եւ կանխավճար է վերցրել եկեղեցուց։ Սակայն ժամանակին մատակարարումը չի կատարել, ինչի համար դատական երկար քաշքշուկի մեջ է ընկել, բայց, ի վերջո, որոշել է հաշտվել եկեղեցու հետ՝ հետագա անախորժություններից խուսափելու համար։



«Դատարան դիմելը ցանկալի չէ»․ մամլո դիվանը պատասխանում է



Արդյո՞ք հակասություն չեք տեսնում այդքան հայցերով դատարաններ դիմելու ու «Մի դատիր» պատվիրանի միջեւ, ի վերջո, ձեր հոտին տեր կանգնելու փոխարեն դատարաններով եք քարշ տալիս։ Մեր հարցին կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ Մելիքյանը հարցով պատասխանեց․ «Իսկ դուք գտնում եք, որ ճի՞շտ է Մայր Աթոռ Սուրբ Եկեղեցու գույքը հափշտակություններով յուրացնելը կամ խաբեությամբ դրան տիրանալը, եւ եկեղեցին չպե՞տք է պաշտպանի իր ունեցվածքը, որն ազգին է ծառայում, թալանից։ Բոլոր այդ գործերում պարագաները հիմնականում այդպիսին են՝ երկար բանակցելուց հետո»։ Մամլո դիվանի պատասխանատուն նաեւ հայտնեց, որ այս պահին 7 դատական գործ է լսվում․ «Այն էլ՝ ոչ բոլորն են մեր կողմից բացված։ Կան այնպիսի գործեր, որտեղ մենք երրորդ կողմ ենք, կան՝ որ հայցվոր ենք, եւս երկու դատ, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատասխանող կողմ է»։ Նա շեշտեց, որ Մայր Աթոռը դիմում է դատական միջոցների միայն այն պարագայում, երբ սպառված են լինում մյուս բոլոր միջոցները, եւ հնարավոր չէ ընդհանուր հայտարարի գալ ու արդարացի լուծել խնդիրը։ Որոշ դեպքերում էլ դատարանի միջոցով հողհատկացումների հավելյալ ճշգրտումներ են կատարվում։ «Կան նաեւ դատեր, որոնք վերաբերում են ծառայությունների մատուցմանը։ Եկեղեցին ահռելի կազմակերպություն է, եւ, բնականաբար, լինում են դեպքեր, երբ ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված խնդիր է ծագում»։ Ամեն դեպքում, դատարան դիմելը մեր եկեղեցու համար անցանկալի է, ըստ տեր Վահրամ Մելիքյանի, բայց եկեղեցին չի կարող հանդուրժել, որ ազգային հարստությանն անօրինական ճանապարհով տիրանան ինչ-ինչ անհատներ։ Թեկուզեւ՝ շատ ընչազուրկ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ