Դատական ֆարս

Դատական ֆարս

Մեծ ջանասիրությամբ «մակիյաժ» արած ու դեմքին լուրջ արտահայտություն տված, բայց մանկական ձայնով երիտասարդ կինը փորձում է պատժիչ սանկցիաներով «հավաքել» դահլիճը, սակայն ակնհայտորեն չի ստացվում։ Մեր օրերի ամենաբարդ քաղաքական դատավարություններից մեկը վստահվել է 30-ամյա Տաթեւիկ Գրիգորյանին, որն ընդամենը 2 տարի առաջ է դատավոր նշանակվել։ Կարդում եմ կենսագրությունը՝ 2009-ին ինչ-որ կասկածելի ոչ պետական բուհ է ավարտել, ապա դատարանի նիստերի քարտուղար եւ դատավորի օգնական աշխատել եւ Արդարադատության ակադեմիան ավարտելուն պես նշանակվել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր։ Այո, նման «հրաշքներ» մեզանում երբեմն պատահում են՝ չխորանանք մանրամասների մեջ։ Բայց էականը դա չէ, այլ այն, որ նրան վստահվել է նման դատավարություն՝ հաշվի չառնելով ոչ փորձի պակասը, ոչ գործի ծանրությունը, ոչ հանրային ընդգծված հետաքրքրությունը, ոչ փորձառու «հակառակորդների»՝ փաստաբանների մասնակցությունը։ Հասկանալի է, որ կուլիսների ետեւում աչալուրջ հետեւում են նրա գործողություններին՝ հրահանգներ իջեցնում, պատժամիջոցներ կիրառելու խորհուրդներ տալիս։ Եվ աղջիկն ավելի ու ավելի է խճճվում՝ ամբաստանյալներին հեռացնում է դահլիճից, փաստաբաններին պատժելու միջնորդություններ է ուղարկում Փաստաբանների պալատ, նիստն ընդմիջում է մեկ օրվա ընթացքում 6-7 անգամ։ Հասկանալի է, որ խնդիրների մի մասը հենց նրա անձով է պայմանավորված։ Նման «դատավորի» ներկայությունն արդեն հումորի, ծաղրի, դատը քաղաքականացնելու ցանկություն է առաջացնում ներկաների մոտ։ Կարելի է ենթադրել, որ հին «գայլերը» հասկացել են եւ հրաժարվել այս գործի քննությունն ստանձնելուց՝ այն թողնելով երիտասարդ կնոջ փխրուն ուսերին։