Վահրիճի քառակուսիները

Վահրիճի քառակուսիները

Ամերիկաբնակ ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու «Վահրիճը և Սև քառակուսին» ֆիլմը թողարկվեց 2015 թվականին ու մինչ օրս աշխարհի ամենատարբեր քաղաքներում (Երևանն այստեղ, ցավոք, բացառություն է) հանդիպում-քննարկումնէրի նյութ է դառնում: Այսպես, բոլորովին վերջերս ֆիլմը ցուցադրվեց Լվովի ազգային թանգարանում՝ հատուկ զեկուցումից հետո:



Վահրիճ Բախչանյանը համարվում է «ռուսական Ամերիկայի» կերպարվեստի առաջին դեմքը, անվավել է «խորհրդային ավանգարդի հայրապետ», «վերջին ֆուտուրիստ» (Անդրեյ Սինյավսկու բնորոշումն է): Նա մի յուրօրինակ նկարիչ է, ով մեծ ազդեցություն ու մտերիմ հարաբերություններ է ունեցել Սերգեյ Դովլաթովի, Ալեքսանդր Գենիսի, Էդուարդ Լիմոնովի (Լիմոնով մականունն իսկ Բախչանյանն է հորինել), Յուրի Շևչուկի և այլոց հետ: Ինչպես գրում է Դովլաթովը՝ Բախչանյանն իրեն 150 տոկոսանոց հայ էր համարում: Նկարչի գործերը պահվում են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Ցիմերլիի արվեստի թանգարանում և Տրետյակովյան պատկերասրահում:



Ֆիլմ-կոլաժը նկարահանվում էր երկար տարիների ընթացքում` ֆինանսական խնդիրների հաղթահարմանը զուգընթաց: 81-րոպեանոց ֆիլմի բյուջեն արդյունքում կազմեց մոտ 450 հազար ԱՄՆ դոլար: Ֆիլմը ներառում է Բախչանյանի՝ հատուկ ֆիլմի համար արված նկարահանումները, նկարչի աշխատանքները` անիմացված տարբերակով ու նրա աֆորիզմների ուղեկցությամբ, ժամանակակիցների խոսքը: Հատուկ ֆիլմի համար Զագդանսկին Կիևի ակադեմիական թատրոնում առաջին անգամ բեմադրեց Բախչանյանի «Ճայ-Մրրկահավը» պիեսը, որտեղ չեխովյան կերպարները արտասանում են Գորկու պոեմի տողերը:



Ֆիլմի մի կարևոր մասը նկարված է Գեղամա լեռներում, որտեղ էլ ցրվեց Հայաստանում երբևէ չեղած Բախչանյանի աճյունի մեկ երրորդը: Էկրանին հանկարծ հայտնվում են նախնադարյան ժայռապատկերներ, հեռվում հովիվը ոչխարների հոտն է արածեցնում… Նկարչի այրին ու ռեժիսորը հասկանում են, որ այստեղ էլ պիտի լինի Բախչանյանի վերջին կայանը…



Համաշխարհային մամուլը ֆիլմի մասին դրականորեն անդրադարձավ՝ «հետաքրքիր և սադրիչ» (The New York Times), «ֆրեյդիզմի ու պատմության ցնցող միաձուլում»(Boston Globe), «տպավորիչ ֆիլմ» (Wall Street Journal), "Բախչանյանի արվեստի լավագույն հուշարձան» (Նովայա գազետա), «բազմաշերտ ֆիլմ» (Սվոբոդա ռադիոկայան),«մտքով հստակ ու ձևով պոլիֆոնիկ» (Դեն թերթ): Ֆիլմի պրեմիերան կայացել է Կիևում ու Խարկովում, ապա՝ Վրոցլավում, ԱՄՆ-ում՝ Ցիմերլիի արվեստի թանգարանում և Բրուքլինի գրադարանում: Այն ներկայացվել է անիմացիոն ֆիլմերի «Կրոկ» միջազգային փառատոնին (Ռուսաստան, 2015)՝ «Հատուկ իրադարձություն» անվանակարգով, մոսկովյան Արտդոկֆեստին, Օդեսայի միջազգային կինոփառատոնին, արժանացել ֆրանս-իսպանական Սերբեր-Պորտբոուի կինեմատոգրաֆիական փառատոնի Պատվավոր հիշատակմանը (2016):



Ֆիլմով տարված՝ առաջարկեցի ռեժիսորին անպայման ուղարկել այն «Ոսկե ծիրան» փառատոնին՝ Հայաստանում ցուցադրության համար: Պարզվեց` 2015 թ. ուղարկել ու մերժում է ստացել... Թերևս ժյուրիի անդամները չեն էլ լսել Բախչանյանի թևավոր արտահայտությունը, թե “արվեստը պատկանում է ժողովրդին և զոհեր է պահանջում”…



Աշոտ Գրիգորյան