Ապօրինության պատասխանատուն դատավորներն են

Ապօրինության պատասխանատուն դատավորներն են

Միաժամանակ երկու քաղաքական դատավարություն է մեկնարկել այս օրերին։ Մեկը՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով, որը մեղադրվում է բոլոր հնարավոր եւ անհնար մեղքերի համար՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, շենքերի զավթման մտադրություն եւ այլն, եւ որով, որպես զանգվածային անկարգությունների կազմակերպիչ, անցնում է նաեւ Գեւորգ Սաֆարյանը։ Երկրորդը «Սասնա ծռերի» ապստամբության գործն է՝ 18 ամբաստանյալներով, որոնց թվում խմբի անդամներն ու աջակիցներն են։ Երկուսի ժամանակ էլ հենց առաջին օրվանից բախումներ տեղի ունեցան, սանկցիաներ ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների նկատմամբ։ Էրեբունու դատարանի շենքում ոստիկանները հատուկ օպերացիա իրականացրին՝ խոշտանգելով Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Գագիկ Եղիազարյանին եւ Մխիթար Ավետիսյանին։ Նախագահող դատավորները, մի դեպքում՝ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, երկրորդում՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ԸԻ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, կամ նպաստում են իրենց տարածքում կատարվող ապօրինություններին, կամ ուղղակի տեղյակ չեն, թե ինչ է կատարվում դատարանի շենքում։ Մինչդեռ դատավորն անմիջական պատասխանատվություն է կրում դատարանի շենք բերված կալանավորների պահման համար։



«Ինչպե՞ս է պատրաստվում նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախագահել այդտեղ, եթե իր դատարանում անմարդկային վերաբերմունքի դեպքեր են տեղի ունենում», - ասում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի շահերի պաշտպան Լուսինե Հակոբյանը։ Նա կարծում է, որ անհրաժեշտ է նաեւ դատավորների պատասխանատվության հարցը դնել դատարանի շենքում տեղի ունեցող խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի համար։



Հետաքրքիր է, որ Սեֆիլյանի դատավոր Գրիգորյանը փաստաբաններին կարգապահական տույժերի ենթարկելու որոշումներ է ընդունում դատական կարգադրիչների զեկուցագրերի հիման վրա, մյուս դեպքում՝ Էրեբունի եւ Նուբարաշեն դատարանում, կարգադրիչները չեն տեսնում, թե ինչպես են ամբաստանյալներին ոստիկանները ծեծում, ու ոչ մի զեկուցագիր դատավորին չեն գրում։ «Արդարադատության, արդար դատաքննության իրավունքի ապահովման համար այլ անձ, քան դատավորը, չի կարող պատասխանատու լինել,- գտնում է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։- Մինչդեռ դատավորին ասում են, որ հանցագործություն է տեղի ունենում դատարանում, ու դատավորը հրահանգներ չի տալիս, չի կանխում նման դեպքերը։ Հենց դատավորը պետք է դիմեր քրեական գործ հարուցելու համար, եթե հանցագործության դեպք է արձանագրվել, եթե անգամ ուղղակի հայհոյել են մեկին»։ Տիգրան Հայրապետյանը հիշեցրեց հունիսի 30-ի միջադեպը։ Տեղեկություն կար, որ Գեւորգ Սաֆարյանին, որը նիստին ներկա չէր նրա նկատմամբ սանկցիա կիրառվելու պատճառով, բռնության սպառնալիք են տվել ու հայհոյել, ասելով՝ գլուխդ կջարդեմ։ Սա չհերքվեց, բայց դատավորը որեւէ բան չի ձեռնարկում միջադեպի հետ կապված։ Բավարարվեցին նրանով, որ ՄԻՊ Թաթոյանը մտավ ու հայտարարեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ «Նախագահող դատավորը շատ հանգիստ է տանում այն վիճակը, որ դատավարության մասնակցի նկատմամբ պետական մարմինը կարող է բռնություն գործադրել, կամ բռնության սպառնալիքներ տան»։



Սեֆիլյանի եւ մյուսների գործով նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կրկին ծանուցագրեր է ուղարկել Տիգրան Հայրապետյանին եւ գործով ներգրավված մյուս փաստաբաններին, այն դեպքում, երբ վերջիններս հայտարարել են, որ իրավունք չունեն ներկայանալ նիստերին, քանի որ իրենց պաշտպանյալները հեռացվել են նիստերից, եւ արգելվել է նրանց բացակայությամբ պաշտպանել ամբաստանյալներին։ Ըստ Տիգրան Հայրապետյանի, դատավորի սցենարը հետեւյալն է․ նա երեք անգամ անընդմեջ պատասխանատվության է ենթարկելու փաստաբաններին՝ նիստերին չներկայանալու համար, ապա նրանց հեռացնելու է վարույթից։ «Այնուհետեւ հանրային պաշտպաններ են նշանակելու»,- ասում է Սեֆիլյանի փաստաբանը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ