Տաթեւիկ Գրիգորյանը կոմերցիոն բուհ է ավարտել, որը վաղուց փակվել է

Տաթեւիկ Գրիգորյանը կոմերցիոն բուհ է ավարտել, որը վաղուց փակվել է

Այս օրերին հանրային ուշադրության կենտրոնում են երկու աղմկոտ դատավարություններ՝ Ժիրայր Սեֆիլյանի ու ընկերների եւ «Սասնա ծռերի»։ Ըստ այդմ՝ հանրային ուշադրության կենտրոնում են նաեւ այդ նիստերը վարող դատավորները՝ Արտուշ Գաբրիելյանն ու Տաթեւիկ Գրիգորյանը։



Մենք փորփրեցինք Աջափնյակ-Դավթաշենի ԸԻ դատարանի 30-ամյա դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի կենսագրությունը եւ պարզեցինք, որ նա ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի երեւանյան մասնաճյուղը։ Սա ոչ պետական բուհ էր, որը հաճախորդներ էր հավաքում ռուսական բուհի տիպի դիպլոմներ բաժանելու հաշվին։ 2007 թվականին այն փակվել է։ Բուհական համակարգի մեր աղբյուրը պնդում է, որ պատճառը Մոսկվայի ղեկավարության հետ անհամաձայնություններն էին։ Այս կոմերցիոն բուհի ռեկտորը «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանն էր, որը մինչ այդ ՀՀ ազգային անվտանգության նախարարության պայմանագրա-իրավական վարչության պետն էր։ Մոսկովյան բուհի մասնաճյուղը ղեկավարելու տարիներին նրա դեմ բողոքներ էին գրում այն բանի համար, որ իր չինովնիկական կապերն ու ԱԱԾ գնդապետի դիրքը ծառայեցնում է սեփական բիզնեսին։ Բանն այն է, որ 2002 թվականից նա «Մանց» համալսարանի ռեկտորն էր։ Նոր իրավաբանական համալսարանի երեւանյան մասնաճյուղի փակվելուց հետո այն շարունակել է գործել «Մանց» անվան տակ։ «Մանց» համալսարանը, մեր տեղեկություններով, այսօր էլ գոյություն ունի, բայց ուսանողների խիստ սահմանափակ քանակություն է կարողանում ունենալ։ 2015 թվականին, երբ Տաթեւիկ Գրիգորյանն ընդամենը 28 տարեկան էր ու դատավոր նշանակվեց, այս կոմերցիոն բուհը, որը նա ավարտել էր, վաղուց չկար։



2014 թվականին Ռուսաստանի կրթության գերատեսչությունն ուսումնասիրություններ էր կատարել իր համակարգում եւ կես տարով փակել այն ու մյուս կոմերցիոն բուհերը՝ թեզերի ցածր որակի պատճառով։ Եվ, ահա, այսպիսի կասկածելի կրթության տեր, անփորձ աղջկան մեզանում կարող են ոչ միայն դատավոր նշանակել, այլեւ բարդ ու կարեւոր դատաքննություն վստահել։ 



Ժամանակին ոչ պետական բուհեր ավարտածներին դատավոր չէին նշանակում։ Նույնանման ներքին արգելք էր գործում նաեւ դատախազության համակարգում, քննչական մարմիններում։ Դատախազը, քննիչը պարտադիր պետք է պետական համալսարան ավարտած լինեին։ Սերժ Սարգսյանը վերջ տվեց այդ կարգին եւս։ Նա դատարանների դռները լայն բացեց կոմերցիոն բուհ ավարտած թերուս ջահելների առաջ։ Առաջիններից մեկը Կիմ Բալայանի որդին էր՝ Դավիթ Բալայանը, «Գրիգոր Զոհրապ համալսարանի» շրջանավարտը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը մասնագիտությամբ պատմաբան է, իսկ իրավագետի դիպլոմ ստացել է «Գալիք» համալսարանում եւ 5 տարի դատավորի օգնական աշխատելուց հետո մանտիա է հագել։ Այնպես որ՝ ոչ մի արտասովոր բան չկա նրանում, որ թերի բուհում ուսում առած անձը 28 տարեկանում դատավոր է նշանակվում, եւ նրան կարեւոր քաղաքական դատեր են հանձնարարվում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ