Արժանի եղիր աթոռիդ

Արժանի եղիր աթոռիդ

Մամուլի ուշադրության կենտրոնում կրկին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է: Ըստ էության, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանին եւ ապա` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին: Ու այս մասին շատ լուրջ հայտարարություններ են տարածվել Մայր Աթոռի կողմից: Երկու դեպքում էլ կողմերը զրուցել են տվյալ համակարգերում առկա խնդիրների մասին։ Պարզ չէ, անշուշտ, թե կալանքը կամ ազատազրկումն ինչով է գրավել Վեհափառի ուշադրությունը, կամ Ջրային ազգային ծրագիրը որքանով է համահունչ եկեղեցու առաքելության հետ, սակայն լրահոսին հետեւողներն օրինական հարց են բարձրացնում՝ իսկ, օրինակ, ե՞րբ է Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունելու սեւազգեստ մայրերին, Հաց բերողի հարազատներին (հիշեցնենք, որ Հաց բերողը սարկավագ էր), մարտի 1-ի զոհերի հարազատներին կամ ՊՊԾ–ի հետ կապված դեպքերի առնչությամբ դատավարության փուլում գտնվող անձանց հարազատներին ու ընտանիքների անդամներին, որոնք պատեպատ են խփվում արդարության հասնելու համար, որոնց հարազատները խոշտանգվում են հենց դատարանի շենքում: Գարեգին Բ-ն մի՞թե հովվական պարտքի զգացում չունի Արայիկ Խանդոյանի տարեց մոր կամ ընտանիքի անդամների հանդեպ, գոնե հաշվի առնելով նրա եւ մյուսների վաստակն արցախյան ազատամարտի տարիներին: Նույնիսկ ամենավատ երազում անկարելի է պատկերացնել, որ, ասենք, Ֆրանցիսկոս պապը կարող է ընդունել Հռոմ քաղաքի արտաքին լուսավորության վարչության պետին կամ Իտալիայի ինչ-որ նախարարության ինչ-որ ստորաբաժանման ղեկավարին: Այսինքն՝ կարգավիճակից բխող վեհության պահանջ կա, որը պարտավոր է կարգավիճակը կրողը պահպանել։