Ինչպե՞ս մեղադրես

Ինչպե՞ս մեղադրես

Աղքատ ու պարապ երկրներում մարդիկ չարացած են՝ օրվա հացի փնտրտուքից հոգնած եւ իրենց կողքին ապրողների կյանքով ու ինչքով հետաքրքրված։ Հաճախ այդ հետաքրքրասիրությունը դժվար է առողջ անվանել։ Բայց մի՞թե կարելի է մեղադրել հազիվ հացի փող վաստակող մարդուն, երբ նա հետաքրքրվում է, թե ինչ միջոցներով է պատգամավորը 3 բնակարան ձեռք բերել։ Կամ՝ երբ հաշվում է նախարարի կնոջ եկամուտները։ Այն նախարարի, ով իր առաջին գործը համարեց բոլոր աշխատող քաղաքացիներից հազարական դրամ բանակի կարիքների համար գանձելը։ Հարուստ եւ բարեկեցիկ հասարակության մեջ մարդիկ բարի են, ժպտադեմ, կամեցող։ Մեզանում դժվար է այդ որակները պահանջել։ Անգամ բժիշկներից եւ անգամ էթիկայի կանոնագրքով ժպտալու պարտադրանք սահմանելու պարագայում։ Իսկ կարելի՞ է արդյոք 12-18 ժամ ղեկին գտնվող տաքսիստից, որն իր աշխատածի 50-60 տոկոսը տալիս է գծատիրոջը եւ հազիվ ընտանիքը պահում, պահանջել կոկիկ արտաքին, խնամված տեսք, բարեկիրթ պահվածք։ Կամ՝ կարելի՞ է մի քանի ոչխար պահող գյուղացուն պարտադրել, որ նա իր անասունը մորթելու համար տանի 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող սպանդանոց եւ դրա համար մի բան էլ վճարի մորթն անողին։ Ինչպե՞ս մեղադրես այն այգեգործին, որը ողջ տարին մութուլույսին բանել է, իսկ բերքն ստանալու նախօրեին կարկուտի պատճառով զրկվել եկամտից ու ստիպված դուրս եկել մայրուղին փակելու՝ խանգարելով մարդկանց երթեւեկը։ Չէ՞ որ նրա հույսն աղմուկով ու պայքարով կառավարությունից մի քանի դրամ պոկելն է մնացել։ Վերջապես՝ ի՞նչ ասես ֆիրդուսնոցում 12-14 ժամ կանգնող չարքաշ կանանց, որոնք կյանքի գնով փորձում են պահպանել իրենց աշխատատեղն ու այս շուկան՝ դիմադրելով ու խոչընդոտելով մայրաքաղաքը քաղաքակիրթ տեսքի բերելու ծրագրերին։