Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ Ֆիրդուսն աղբանոց է քաղաքի կենտրոնում

Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ Ֆիրդուսն աղբանոց է քաղաքի կենտրոնում

Քաղաքապետարանը որոշել է սեղանիկ առ սեղանիկ գրավել Ֆիրդուսի փողոցը։ Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը, առանց մարդկանց զգուշացնելու, Կենտրոն թաղապետարանի առեւտրի բաժնի աշխատակից Արամ Հովհաննիսյանը 4-5 ոստիկանների հետ ներկայացել է Ֆիրդուսի փողոց։ Ոստիկանները փորձել են ապամոնտաժել սկզբնամասի տաղավարները, բայց բնակիչները նկատել են, դուրս են եկել տներից, զանգել «Հրապարակին» ու կանխել գիշերային դիվերսիան։ «Եթե մենք չտեսնեինք, չհավաքվեինք, կքանդեին»,- ասում էին մեզ բնակիչները։ Տեղեկացանք, որ մեր հեռանալուց հետո նրանց հետ խոսել է Կենտրոն վարչական շրջանի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժնի պետ Հարություն Հակոբյանը։ 



«Ասում էր՝ մեկ է, կամաց-կամաց հանելու են դրսի առեւտուրը, միշտ էլ ասում են դա, բայց մենք չենք ուզում գնալ»,- ասաց գիշերային զրույցի մասնակիցներից մեկը։ Բնակիչներից Աշոտ Քոչարյանը ներկայացրեց Ֆիրդուսի բնակիչների առաջարկը քաղաքապետարանին։ «Մենք նրանց ասում ենք այն, ինչ գրել ենք նաեւ քաղաքապետին։ Եթե ուզում եք, որ մենք գնանք, նախ ավարտեք Ֆիրդուսի փողոցում սկսված եւ կիսատ մնացած շինարարությունը, իրացրեք այն տարածքը, որը բնակիչներն ազատել են, մյուսներին համարժեք փոխհատուցումներ տվեք, եւ շուկայի հարցը կկարգավորվի ինքն իրեն։ Մարդիկ կհեռանան տարածքից, ու առեւտուրը կմարի, շուկան կվերանա։ Բայց մեր առաջարկը չի ընդունվում։ Ավելի հեշտ է գիշերով գողեգող գալ, քանդել շուկան»,- եզրակացնում է Աշոտ Քոչարյանը։ Ֆիրդուսու բնակիչները չեն նեղանում Կենտրոնի թաղապետարանի բաժնի աշխատողներից եւ ոստիկաններից, քանի որ «նրանք հարց որոշող չեն, նրանց ասում են՝ գալիս են»։ Բայց մինչ օրս չգիտեն, թե ով է զբաղվում Ֆիրդուսի «ապամոնտաժման» հարցով, ով է կանգնած դրա հետեւում։ «Մենք գնում ենք կառավարություն, մեզ տշում են քաղաքապետարան, այնտեղից՝ կրկին կառավարություն, բայց ոչ ոք կոնկրետ չի ներկայանում։ Մեզ հետ էլ առեւտրի բաժինն է խոսում, որը կոմպետենտ չէ»,- ասաց կանանցից մեկը։ Բնակիչների հետ զրույցից տեղեկացանք, որ «Հզոր հայրենիք» կուսակցության նախկին նախագահ, ներկայում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը շուկայում բազմաթիվ առեւտրային կետեր ունի, բնակիչներին առաջարկել է կատարել քաղաքապետարանի պահանջը եւ մեկ օրով աշխատանքի դուրս չգալ։ Բնակիչները կատարել են նրա խնդրանքը, սակայն հենց այդ օրը թաղապետարանից եկել ու փորձել են տաղավարներն ապամոնտաժել։ Այս միջադեպից հետո առեւտրականները որոշել են, որ Թորոսյանն իշխանության «ագենտն» է Ֆիրդուսի տոնավաճառում։



«Ինքն անձամբ չի եկել, բայց նրա անունից մի օր եկան, խնդրեցին, որ 4 սեղաններ չդնենք մուտքի մոտ»,- պատմեց Ֆիրդուսի բնակիչներից մի կին։ Շիրակ Թորոսյանը կտրականապես հերքեց այս լուրերը։ «Ես դասախոս մարդ եմ, օրը 6 ժամ դաս եմ տալիս, ես ի՞նչ կապ ունեմ շուկաների, առեւտրականների եւ նման բաների հետ։ Ես տաղավար չունեմ այնտեղ, բայց եթե ձեզ պետք է, որ ունենամ, ինչ ուզում եք, գրեք»,- ասաց նա։ Մենք հիշեցրինք, որ այս տարածքում «Հզոր հայրենիք» կուսակցությունը գրասենյակ ուներ, եւ մամուլում շատ է գրվել, որ «Հզոր հայրենիքը» մասամբ սնվում է Ֆիրդուսի առեւտրից։ «Չկա նման բան, մենք 7 տարի առաջ ենք դուրս եկել այդ տարածքից։ Ես կապ չունեմ այդ ամենի հետ»։ Այդ դեպքում ինչո՞ւ են բնակիչները մինչ օրս Ձեր անունը տալիս։ Շիրակ Թորոսյանը հայտնեց, որ գրասենյակի տարածքը կուսակցությունը վաճառել է «իրեն մոտ մարդկանց»։ Նրանց անունները պատգամավորը չհայտնեց։ «Նրանք գործարար մարդիկ են, մոտ մարդիկ են ինձ, Մոսկվայում են, տարին մի անգամ գան, թե չգան։ Գերմանիայում էլ բիզնես ունեն։ Քանի որ ինձ հետ կապ կա, միանգամից մտածում են, թե իմ մատը խառն է»։ Պատգամավորը հայտնեց նաեւ, որ խորհրդավոր այս բիզնեսմենները, գնելով «Հզոր հայրենիքի» տարածքը, ներդրում են արել ու հիմա ցանկանում են մաքրել տարածքը, հանել շուկան։ «Դա աղբանոց է քաղաքի կենտրոնում, մի օր պետք է մաքրվի՞, թե՞ ոչ»,- ասաց նա։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ