«Ոսկե ծիրանի» երկնագույն ստվերը

«Ոսկե ծիրանի» երկնագույն ստվերը

«Ոսկե ծիրանի» արտամրցութային ցանկի շուրջ սկանդալը պայթեց հուլիսի 6-ին, երբ հայտնի դարձավ, որ Կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվել է տրամադրել Մալյանի անվան թատրոնի դահլիճը սեքսուալ փոքրամասնությունների մասին պատմող «Լսիր ինձ» եւ «Ծիրանի այգիներ» ֆիլմերը ցուցադրելու համար։ Առաջինը «Փինք Արմենիա» ՀԿ-ի պատվերով նկարել է ռեժիսոր Գագիկ Ղազարեն, մյուսը հայ-իրանական արտադրության է, ռեժիսոր Փուրիա Հեյդարիի գործն է, որը նկարահանվել է Կինոկենտրոնի ֆինանսավորմամբ։ Հանդիսատեսը պետք է դրանք դիտեր հուլիսի 13-ին, բայց փառատոնի գործընկեր Կինեմատոգրաֆիստների միությունը, օգտվելով դահլիճ տրամադրողի իր դիրքից, վերջնագիր է ներկայացրել «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին՝ կամ հանել այս ֆիլմերը փառատոնի արտամրցութային ցանկից, կամ չեղարկել 37 ֆիլմերից բաղկացած ողջ արտամրցութային ծրագիրը։ Փառատոնի կազմակերպիչները որոշել են չեղարկել ողջ ցանկը։



Սովորական ֆաշիզմ



Միության վարքը՝ ֆիլմերի դեմ պայքարը սկսվել է ավելի վաղ, երբ երեւանյան հոմոֆոբների մի ոհմակ՝ ակտիվիստ Արման Ղուկասյանը, «Իրավունք» թերթը, այլք, պախարակման արշավ սկսեցին դրանց դեմ եւ ակամայից հաստատեցին «Լսիր ինձ» ֆիլմի հերոսներին, որոնք բարձրաձայնում են իրենց հանդեպ չպատճառաբանված ատելության մասին։ Ատելության քարոզը հանցագործություն է ծնում։ Համոզվելու համար կարդացեք հոմոֆոբներից մեկի մեկնաբանությունն «Ինքնագիր» հանդեսի ՖԲ էջում․ «10 օր առաջ մի հատ գոմիկի տղերքով սատկացրինք, նենց արյունլվա արինք, որ կանաչ աչքերից մեկն արդեն չկար։ Նկարը պահել եմ, ով կուզի՝ գրեք, ղրգեմ, տեսեք ոնց ենք աչքերը գդալով հանել։ Կարճ ասած՝ ինվալիդ ենք սարքել, սկի չէր կարում լացի․․․»։ Կինեմատոգրաֆիստների միության մի քանի անդամներ էլ կիսում են այս տրամադրությունը՝ հրաժարվելով ցուցադրել ֆիլմերը։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը հուլիսի 7-ին հայտարարեց, որ ցանկը համաձայնեցված էր հանգուցյալ Ռուբեն Գեւորգյանցի հետ։ «Ծրագիրը պետք է ցուցադրվեր, եւ հանկարծ պարզվեց, որ բավականին մեծ աղմուկ կա ծրագրի շուրջ՝ հասարակության կողմից: Նոր ղեկավարներն էլ հայտնեցին, որ իրենք այսպիսի սգի պայմաններում չեն կարող նման ծրագիր ցուցադրել»։ Սուգ ասելով՝ նրանք նկատի ունեն հունիսի 26-ին Ռուբեն Գեւորգյանցի մահվան առիթով սուգը։ Հասկանալի չէ, թե ինչու հենց այս երկու ֆիլմերն էին խաթարում Գեւորգյանցի մահվան սուգը։ Ավելի հայեցի կլիներ ընդհանրապես փակել փառատոնն ու գնալ տուն, որովհետեւ Գեւորգյանցը վերջերս է մահացել։ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչներն աղմկոտ ակցիաներ կամ գեյ-շքերթ չարեցին։ Նրանք փառատոնի բացմանը ծանուցագրեր բաժանեցին հանդիսատեսին տեղեկացնելով կատարվածի մասին։



Բայց աղմուկն ավելի է բարձրանում



Արտամրցութային ցանկը չեղարկելու որոշման շուրջ վրդովմունք արտահայտեցին դերասանուհի Արսինե Խանջյանն ու ռեժիսոր Ատոմ Էգոյանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Կինեմատոգրաֆիստների միության կողմից գրաքննության եւ դրան հաջորդած՝ «Ոսկե ծիրան»-ի ամբողջ ծրագիրը չեղարկելու որոշման առիթով: Ատոմը փառատոնի նախագահն է եղել շուրջ տասը տարի, եւ մտահոգիչ է տեսնել, որ փառատոնը, որը մենք երկուսս էլ հպարտորեն ջատագովել ենք միջազգային կինոյի շրջանակներում՝ հանուն ֆիլմերի ու ֆիլմարտադրողների, որոնք բարձրաձայնում են մարդու իրավունքների կարեւոր խնդիրների մասին, կարող է ճնշումների ենթարկվել, հատկապես երբ այդ գաղափարները պետք է քննարկվեն եւ երեւան բերվեն: Չկա, իհարկե, ավելի լավ ձեւ՝ հարգելու հայ կարեւոր կինոգործիչ Ռուբեն Գեւորգյանցի հիշատակը, քան համոզվելով, որ հայկական ձայներից նոր ֆիլմեր կարող են ցուցադրվել եւ տարածվել: Մենք երբեւէ չենք լսել, որ նոր ֆիլմերի ծրագիր չեղարկվի՝ հարգանքի տուրք մատուցելու կինոգործչի մահվան կապակցությամբ՝ ի նշան սգի եւ հարգանքի: Այս պնդումը, հետեւաբար, բավականին անհեթեթ է թվում»,- հայտարարեցին սոցցանցում Արսինեն ու Ատոմը՝ կոչ անելով վերանայել այս տարօրինակ որոշումը:



Գագիկ Ղազարե․ սուգը չէ արգելքի պատճառը



«Երկու ֆիլմերի պատճառով կինոկենտրոնն արգելանք է դրել ամբողջ ծրագրի վրա։ Բայց ուրիշ տարածքներ կան Երեւան քաղաքում, այլ դահլիճներ, չի կարելի այդպես վերցնել եւ ողջ ծրագիրը փակել։ Ֆիլմերը դուրս են եկել «Ոսկե ծիրանի» հատուկ ծրագրից, իրենք են միայն լիազորված, պետք է իրենք ասեն՝ ցույց տալո՞ւ են, թե՞ ոչ,- ասում է «Լսիր ինձ» ֆիլմի ռեժիսոր Գագիկ Ղազարեն։- Փաստորեն, շենքային իրավունքները կինոմիությանն են պատկանում, բայց դա էլ է վիճելի: Քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը պետք է հարգանք ունենան Մալյանի հանդեպ ու նրա նվիրած թատրոնի բացառիկ տեսակն ազատեն էդ ծերակույտի ենթակայությունից: Կինոմիությունը ԽՍՀՄ ժառանգություն է ու մինչեւ հիմա մնացել է նույնը»։ Նա վստահ է, որ սուգը չէ արգելքի պատճառը․ «Եթե իրենք հարգանք ունենային Ռուբեն Գեւորգյանցի նկատմամբ, պետք է որ հարգեին նրա հետ ձեռք բերած պայմանավորվածությունները։ Այս դեպքում իրենք ոչ պրոֆեսիոնալ վարք են ցուցաբերում»։



«Մեզ էլի չլսեցին»



«Փինք Արմենիա» կազմակերպության համակարգողներից Հովհաննես Իշխանյանը հայտնեց, որ ԼԳՏԲ համայնքը ծանր է տարել որոշումը։ Մարդիկ նախ ոգեւորվել են՝ լսելով, որ փառատոնի ցանկում իրենց մասին ֆիլմեր են ներգրավվել։ «Անսպասելի էր, որ ընդգրկվել է փառատոնում այդ ծրագիրը։ Մտածեցինք, որ ինչ-որ փոփոխություններ կան, հետաքրքիր է՝ «Ոսկե ծիրանի» միջից այդ ցենզուրան, ուրեմն, չկա։ Բայց հետո կրկնակի հիասթափվեցինք։ Ֆիլմի խորհուրդն այն է, որ մարդիկ գան, տեսնեն, ծանոթանան նրանց հետ, ում վերացական ատում են։ Մենք երեկ «Կինոմոսկվայի» հյուրերին բաժանել ենք հայտարարությունը, որով տեղյակ էինք պահում կատարվածի մասին, բայց մեզ համար գլխավորը ծրագրի վերականգնումն է»,- ասաց Հովհաննես Իշխանյանը։ «Ծիրանի այգիների» ռեժիսոր Փուրիա Հեյդարին շատ զարմացած է։ Անցյալ տարի Ազգային կինոկենտրոնը համաձայնություն է տվել, որ Իրանի հետ համատեղ այս ֆիլմն արտադրեն, իսկ այսօր, երբ նա այն արդեն նկարել է, հրաժարվում են ցույց տալ։ «Մենք ֆիլմ ենք արտադրում, պետությունն աջակցում է, որ ֆիլմն արտադրվի, ու հետո այդ նույն պետությունը չի թողնում, որ ֆիլմը ցույց տան»,- ասում է նա։ Ի դեպ, «Ծիրանի այգիները» 43 կինոփառատոների է մասնակցել, բազմաթիվ մրցանակներ է ստացել, բայց «Ոսկե ծիրանն» արժանի չի գտել այն ներառել մրցութային ծրագրում, «գցել» է արտամրցութային ցանկ, որ մի կերպ գլուխն ազատի, իսկ վերջում այստեղից էլ է դուրս գցել։ Փուրիայի եւ Ղազարեի հետ դեն շպրտվեցին նաեւ բազմաթիվ այլ ֆիլմեր, եւ սա ոչ մի սահմանների մեջ, ինչպես ասում են, չի տեղավորվում։ Սփյուռքահայ արվեստագետներ Հրայր Ելմեսկյանի՝ Վահե Օշականին նվիրված ֆիլմը, Նիկոլ Բեզջյանի «Լույսի տաճարը» նույնպես հատուկ ցանկում էին։ Եվ այս մարդիկ անմեղ տուժածներ են, փաստորեն։




Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ