Սպիտակի քաղաքապետը դիմել է ոստիկանություն

Սպիտակի քաղաքապետը դիմել է ոստիկանություն

Սպիտակի բնակիչները անհանգստացած են։ Արդեն մի քանի օր է, քանդում են վերելակների գործարանի շենքը, որը ամուր, սեյսմակայուն կառույց է։ Նրանք վստահ էին, որ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն է տվել քանդման թույլտվությունը։ Երեկ մեզ չհաջողվեց խոսել քաղաքապետի հետ։ Նրա պարզաբանումները ստացանք այսօր։ Սպիտակի քաղաքապետը հայտնեց «Հրապարակին», որ վերելակների գործարանի շենքի տանիքը իրոք քանդում են, սակայն ինքը տեղյակ չէ, թե ովքեր են քանդողները։ «Քաղաքապետարանը չի տվել թույլտվություն։ Ձեզ ահազանգողները թյուրիմացության մեջ են։ Ես հիմա դիմել եմ ոստիկանություն, պարզելու համար, թե ով է քանդում։ 2008 թվականին Սպիտակի ավագանին ուղերձով դիմել էր սեփականատիրոջը՝ Զանգեզուրի Պղնձամոլիբդենական կոմբինատի ղեկավարությանը, հայտնելով, որ նպատակահարմար չենք գտնում շենքի քանդումը։ Ես ինքս եմ ասել, որ ունենք ահռելի արտադրական մակերեսներ, որոնք կարելի է օգտագործել, մյուս կողմից ես դեմ եմ, որ այս կառույցը չաշխատի, կանգնի ու փչանա», - ասում է Գագիկ Սահակյանը։



2008 թվականին Զանգեզուրի Պղնձամոլիբդենական կոմբինատը գնեց Սպիտակի վերելակների գործարանը։ Ըստ քաղաքապետի, կոմբինատը հարկային պարտավորությունները կատարում էր, սական շենքը չէր օգտագործվում։ Այն ժամանակ կոմբինատի ղեկավարությունը հայտնել է քաղաքապետին, որ պատրաստվում է ապամոնտաժել շենքը։ «Ես բանավոր ասել եմ՝ ոչ, մենք ունենք ավագանու համապատասխան որոշումը, որով արգելում ենք շենքը քանդել», - ասում է Գագիկ Սահակյանը։ Մեր հարցին, թե ինչ ծրագիր ունի այդ դեպքում այս կառույցի վերաբերյալ, նա ասաց, որ չի կարող ծրագիր ունենալ, քանի որ վերելակների գործարանը կոմբինատի մասնավոր սեփականությունն է։ Բայց ինքը առաջարկ ուներ․ «Ես դիմել եմ Վահան Համազասպյանին, - ասաց Սպիտակի քաղաքապետը, - որը արևային կայաններով է զբաղվում, որպես գիտնականի, որ նա միջնորդություն ներկայացներ այդ տարածքում արեվային կայանների արտադրություն հիմնելու։ Ես էլի շատ բաներ ունեմ առաջարկելու, որ այստեղ արտադրական զոնա կառուցեն, բոլորին եմ առաջարկում՝ եկեք, այստեղ բիզնես ներդնենք»։



Սյուզան Սիմոնյան