Ոչ որակի հաշվին

Ոչ որակի հաշվին

Գործունեության ոլորտը փոխած եւ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվող զրուցակիցս ուշագրավ մանրամասներ պատմեց ոլորտից։ Սա թերեւս այն փոքրաթիվ ասպարեզներից է, որը շահել է ԵԱՏՄ մտնելու մեր որոշումից, քանզի ռուսական շուկան մի դանայան տակառ է, որը պատրաստ է կուլ տալ հայկական ցանկացած գյուղմթերք։ Եվ արտահանման ծավալներն այդ առումով անվերջ մեծանալու միտում ունեն։ Միայն թե արտադրես ու հասցնես ռուսական շուկա։ Այս առումով, անշուշտ, առավելապես շահում են մթերողներն ու գյուղմթերքը փոխադրողները, որոնք էժան գնում են գյուղացուց, թանկ վաճառում սպառողին։ Բայց դա թերեւս ամենուր է այդպես։ Առավել մեծ խնդիր է բնակլիմայական աղետներից՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն, պաշտպանությունը։ Այդ առումով վաղուց ժամանակն է հրաժարվել հակակարկտային կայաններից եւ անցնել ցանցային պաշտպանության։ Ներդնել գյուղատնտեսության ապահովագրություն։ Կաթիլային ոռոգման համակարգեր ստեղծել։ Սրանք էլ հարուստ երկրի «հաճույքներ» են։ Մի կարեւոր տենդենց էլ կա, որի դեմն առնելու եղանակը զրուցակիցս չգիտեր։ Հայկական գյուղմթերքի պահանջարկի աճին զուգահեռ, գյուղացին տրվում է արհեստական ու վտանգավոր ճանապարհներով բերքն ավելացնելու գայթակղությանը։ Իսկ դա նշանակում է, որ քիմիային զոռ են տալիս՝ փչացնելով մթերքի որակը եւ մեծացնելով իրենց եկամուտները։ Սա շատ նման է տարիներ առաջ տեղի ունեցած պրոցեսին, երբ հայկական հռչակավոր կոնյակի համբավից օգտվելով՝ ամեն նկուղում սկսեցին կոնյակ քաշել ու տանել Ռուսաստան։ Արդյունքում՝ վարկաբեկվեց մեր կոնյակի բրենդը, եւ դժվարացավ խմիչքի իրացումը Հայաստանի սահմաններից դուրս երկրներում։ Ո՞վ պետք է հսկի գյուղմթերքի որակը, եւ ինչպե՞ս պետք է կանգնեցվի հայկական միրգ-բանջարեղենի որակազրկումը։