Հրազդանցի Մյասնիկ Կոստանյանը՝ նոր օլիգա՞րխ

Հրազդանցի Մյասնիկ Կոստանյանը՝ նոր օլիգա՞րխ

Հրազդանում աջ ու ձախ շինարարություն է ընթանում։ Հաճախ օբյեկտները կառուցվում են ուղիղ կանաչ տարածքներում, որոնք քաղաքում առանց այն էլ քիչ են, եւ դա առաջացնում է հրազդանցիների դժգոհությունը։ Մարդիկ բողոքում են, որ չեն ճանաչում իրենց քաղաքը, որ Հրազդանը կորցրել է ճարտարապետական տեսքը։ Մյուս կողմից՝ ավելանում է քաղաքի գլխավոր ճարտարապետ Մյասնիկ Կոստանյանի ունեցվածքը։ Նա շքեղ ավտոմեքենա է վարում, նրա անվան հետ են կապում քաղաքում գործող տարբեր ձեռնարկություններ։ «Սաղ քաղաքը ծախեցին»,- վրդովվում է մեր աղբյուրը։ Չնայած բազմաթիվ բողոքներին, ոչ մի կերպ չի լուծվում հողի աճուրդների հրապարակայնացման հարցը։ Հրազդանում ընդվզում է սկսվում գլխավոր ճարտարապետի այս կասկածելի գործունեության դեմ։ Վերջերս Միկրո թաղամասի խաչմերուկներից մեկում, որտեղ բազմաթիվ խանութներ ու տաքսի ծառայություններ կան, շինարարություն է սկսվել։ Ավտոպահեստամասերի խանութն սկսել է ընդլայնվել անհետացող գազոնի հաշվին։ Բնակիչները միահամուռ բողոքել են, եւ շինարարությունը դադարեցվել է։ Բայց մարդիկ չեն հավատում, որ այն չի վերսկսվի։ Մենք զանգահարեցինք Մյասնիկ Կոստանյանին, որպեսզի տեղեկանանք, թե ինչու է կանաչապատ տարածքում խանութի ընդլայնման թույլտվություն տվել, ինչ կարծիքի է Հրազդանի ճարտարապետական տեսքի մասին, ինչպես նաեւ, թե ինչ մեքենա է վարում, եւ ճի՞շտ են ասում մարդիկ, որ նա քաղաքում «բիզնեսներ» ունի։ Նա նախ վրդովվեց, թե ինչու պետք է մենք իրեն զանգեինք, իսկ «ճարտարապետական տեսք» բառակապակցությունը լսելով, շուտասելուկի պես հայտնեց, որ խորհրդակցության է, ու շտապ անջատեց հեռախոսը։ 



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ