«Դեպի երազանք» նոր ֆիլմի սցենարիստը վստահ է՝ այն շատ կսիրվի

«Դեպի երազանք» նոր ֆիլմի սցենարիստը վստահ է՝ այն շատ կսիրվի

Հուլիսի 31-ին «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կմեկնարկի նոր հեռուստանախագիծ, որը կոչվում է «Դեպի երազանք»: Մենք զրուցեցինք 25 մասանոց ֆիլմի սցենարիստ Արփի Վանյանի հետ:



-Արփի, մի քիչ կպատմե՞ք նախագծի մասին. Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի գաղափարը, ինչի՞ մասին է պատմությունը...:



- Այն պատմություն է երազանքի մասին... Գաղափարը պրոդյուսեր Արմեն Պետրոսյանինն է /Մենչ/ : Նա երկար ժամանակ ուզում էր այն իրականացնել, սակայն կյանքի կոչեց միայն այն պահին, երբ հասկացավ, որ գտել է գլխավոր հերոսուհուն



.... Երիտասարդ Նարեին մեծ ու անծանոթ քաղաք է բերել մոր կորուստը, հուսահատ հոր օտար ափեր մեկնելն ու իր մե՜ծ երազանքը՝ երգը... որը հանգիստ չի տալիս, որն ուղեկցում է ամենուր, հնչում արյան ամեն մի բջիջի մեջ ...:



-Այս պատմությունով, փաստորեն, հեռուստադիտողը հնարավորություն կունենա հասկանալու, թե ինչ է կատարվում «կուլիսներից այն կողմ»:



-Այո, պատմությունը մոտ է իրականությանը: Գլխավոր հերոսուհին հավաքական կերպար է, ում անցած ճանապարհի միջոցով ցույց կտանք երգիչ–երգահան–պրոդյուսեր հանդիպումները։ Ընդ որում` կունենանք հայտնի մարդիկ, որոնք կմարմնավորեն իրենք իրենց, օրինակ` կայացած երգիչ Միհրան Ծառուկյանը, դիզայներ Ֆաինա Հարությունյանը, երգիչ Արսեն Սաֆարյանը, որն իրական կյանքում էլ ակումբ ունի, հերոսուհին աշխատանքի է անցնում հենց նրա ակումբում։ Մենք փորձում ենք ցույց տալ, որ կան և՛ լավ, և՛ վատ պրոդյուսերներ, երգահաններ։ Ամեն բան դյուրին չէ, և մինչև վերջ գնում է նա, ով չի կոտրվում, ով սայթաքելուց հետո կարողանում է ոտքի կանգնել, ով, որքան էլ դժվար լինի, չի դավաճանում իր երազանքին:



-Այսպիսով ո՞րն է ֆիլմի ասելիքը, մեսսիջը։



- Երբ հավատում ես երազանքիդ, ամբողջ տիեզերքը կանգնում է կողքիդ և օգնում, որ այն իրականանա... Երազանքիդ ճանապարհին պետք է լինես վճռողական, քանզի վճռողականությունը օգնում է երկար ճանապարհ անցնել՝ առանց թևաթափ լինելու: Եվ ,ի վերջո, պետք չի ամաչել կյանքի թողած սպիներից, որովհետև դրանք վկայում են, որ էլ ցավ չկա, որ վերքը սպիացել է: Սպին դա ուժեղների տրիումֆի դաջվածքն է:



-Ովքե՞ր են մարմնավորում գլխավոր հերոսներին:



-Սիրված, ճանաչված դերասաններ՝ Քրիստինե Եղոյանը, Կարեն Ասլանյանը,  Յուլյա Ֆինկը, Շուշան Երիցյանը, Գագիկ Մադոյանը, Լևս Դավթյանը,  Տաթև Սարգսյանը, Նարեկ Հայկազյանը, Ծովինար Մարտիրոսյանը և այլք:



-Արփի, ձեր բոլոր նախագծերը հաջողություն են ունեցել, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հեռուստաֆիլմից։



-Հավատացած եմ, որ այն շա՜տ կսիրվի հեռուստադիտողի կողմից: