Հայաստանում երթուղայինների միասնական ցանց է գործելու

Հայաստանում երթուղայինների միասնական ցանց է գործելու

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին մի քանի կարեւոր որոշումներ։ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը բերել էր <<Մատենադարան>> ինստիտուտը, որը ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունի, հիմնադրամ վերակազմավորելու վերաբերյալ նախագիծը։ Նախարարը նշեց, որ այդ կարգավիճակում կբարձրանա Մատենադարանի ինքնավարությունը։ Առաջին անգամ իրավական ակտով ամրագրվում է, որ Մատենադարանի տնօրինության եւ տիրապետմանը հանձնած գույքը հանդիսանում է պետության բացառիկ սեփականություն։ Ի դեպ, Մատենադարանի հիմնադրամ դառնալու մասին «Հրապարակը» ավելի վաղ էր հայտնել՝ նշելով, որ հիմնադրամ դառնալուն զուգահեռ փոփոխություններ կլինեն նաեւ Մատենադարանի խորհրդի կազմում՝ անդամների թիվը կկրճատվի, եւ մեր տեղեկություններով՝ խորհրդի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը։ 



Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Կառավարության հաստատմանը ներկայացրեց «Մաքուր Հայաստան» ծրագրի գործողությունների ժամանակացույցը։ Նիախատեսված է, որ տարեվերջին կաղբավայրերի մեծ մասը կմաքրվի, դրանց ցանկապատում կիրականացվի, կունենանք մոտ 120 աղբավայր, շաբաթօրյակներ կանցկացվեն։



Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը առաջարկեց մինչեւ տարեվերջ երկարացնել տեսչական ստուգումների կասեցման որոշումը, որը գործում էր մինչեւ հուլիսի 1-ը, քանի որ տեսչական մարմինների օպտիմալացումը դեռ չի ավարտվել։ Կարայանը նաեւ առաջարկեց «Գրին ֆարմեր» ընկերությանը, որը 230 աշխատատեղ է ստեղծելու, ԱԱՀ-ի գծով արտոնություն տալ՝ հետաձգելով 3 տարով եւ ազատել մաքսատուրքից։



Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ հաստատմանը ներկայացրեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը։ «Կանխատեսելու ենք ուղեւորահոսքերը, դրանց համապատասխան որոշվելու է մարզային երթուղիների չվացուցակ»,-ասաց նախարարը։ Վարչապետը հետաքրքրվեց, թե ովքեր են այդ նախագծի շահառուները եւ արդյոք նրանց հետ քննարկվել է, նա էլ պատասխանեց, որ Հայաստանի գործող տրանսպորտային ընկերությունների հետ խոսել է, նաեւ հայտնեց, որ շուտով կհայտարարվի մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային ընկերությունները։



Սյուզան Սիմոնյան