Ամբոխահաճո ելույթներ

Ամբոխահաճո ելույթներ

Երբ ֆեյսբուքյան ֆիդային «թուրքի արյուն» է տենչում, ուրախանում ադրբեջանցի երեխայի մահով, հայհոյում հակառակորդին, դեռ կարելի է ըմբռնումով մոտենալ «պլեբսի» ատելությանն ու հայրենասիրության նսեմ դրսեւորումներին։ Բայց երբ պետական ծառայող ու ֆեյսբուքյան աստղ Գագիկ Սուրենյանը՝ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետն է ուրախանում Ստամբուլի ջրհեղեղով ու «տարոսը» մաղթում Բաքվին, սկսում ես մտածել, որ մենք տարրական կուլտուրայի, դաստիարակության, լավն ու վատը, չարն ու բարին իրարից զատելու խնդիր ունենք։ Հասկանում ես նաեւ, որ պատերազմի 25 երկարուձիգ տարիներն այնպիսի ավերածություններ են գործել մեր հոգիներում, որ դրանից ազատվելը հեշտ չի լինելու, եւ դրա համար համառ ջանքեր են հարկավոր ու պետական հստակ ծրագիր։ Որովհետեւ երբ հակառակորդի երեխայի մահը հաճույք է պատճառում, ուրեմն մենք հատել ենք ինչ-որ անթույլատրելի սահման, որից անդին մարդ էակն այլեւս գործ չունի, մենք կենդանական աշխարհի տիրույթն ենք մտել։ Այս առումով երեկ ինձ հաճելիորեն զարմացրեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խոսքը՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ։ «Ամեն անգամ, երբ ունենում ենք զոհեր, ես ցավ եմ ապրում: Յուրաքանչյուր մարդու կյանք ինձ համար բարձրագույն արժեք է, եւ կապ չունի, թե այդ երիտասարդները որ կողմից են զոհվում»,- ասել է նա: Կարծում եք՝ Բաբլոյանը չգիտի՞, որ հակաադրբեջանական ելույթներն ու արյունախում կոչերը հետեւորդների հսկայական բանակ կապահովեին իր համար, ինչպես Սուրենյանի ստատուսն է հազարից ավելի «հավանող» ունեցել։ Էժան պոպուլիզմն ամենահեշտն ու ամենագայթակղիչն է քաղաքական գործչի համար։ Խաղաղության, հումանիզմի, հաշտության ոչ պոպուլյար թեման է բարդ ու անընդունելի, բայց նաեւ՝ ազնիվ ու գնահատելի։