Հոգեբանին սպանողին չեն գտնում

Հոգեբանին սպանողին չեն գտնում

Հոգեբան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանին նրա աշխատասենյակում դանակահարած անձն ազատության մեջ է։ Քննչական կոմիտեն ոստիկանությանը հանձնարարել է հայտնաբերել նրան, սակայն առայժմ դա չի հաջողվում։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, հայտարարվել է հետախուզում։ Երեկ հրապարակվեց կասկածյալի անունը, անգամ լուսանկարը՝ Հրանտ Համբարձումյան, 34 տարեկան։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, իսկ քրեական գործը հարուցվել է միայն հուլիսի 19-ին։ Տվյալներ ունենք, որ Պողոսյանի վերջին աշխատավայրի՝ «Այգ» հոգեբանական կենտրոնի աշխատակիցները հուլիսի 19-ին նրան տեսել են դրսում եւ վախեցել։ Չի բացառվում, որ մարդիկ պարզապես խիստ տպավորված են այս աննախադեպ դաժան սպանության տեսարանով, եւ նրանց թվացել է, թե հանցագործին են տեսնում։



Հիշեցնենք, որ պրոֆեսոր Պողոսյանը բազմաթիվ արյունահոսող վերքեր է ստացել գլխի եւ վերին վերջույթների շրջանում։ Նա երեք օր մնացել է Հերացու անվան կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում, անգիտակից վիճակում։ Կարճ ժամանակով է միայն ուշքի եկել, ապա՝ հուլիսի 20-ի առավոտյան մահացել։ Հայտնի է, որ մարդասպանը պրոֆեսոր Պողոսյանի հաճախորդներից է եղել, ում հետ պրոֆեսորը հոգեբանական սեանսներ է անցկացրել։ Հարձակման շարժառիթը հայտնի չէ։ Հիմնական վարկածն այն է, որ հարձակվողը հոգեկան խնդիրներ է ունեցել։ Ըստ այլ տվյալների, հաճախորդը դժգոհ է եղել պրոֆեսորից եւ «պատժել» է նրան։ Ըստ Քննչական կոմիտեի, Ռուբեն Պողոսյանը «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։ Քննիչը որոշում է կայացրել Համբարձումյանին որպես մեղադրյալ է ներգրավվել 112-րդ հոդվածի 2-րդ մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ կապված անձի ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ։ 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ