Կառավարությունը հոգնել է, բայց առաջիկա ծրագրերը մեծ էներգիա են պահանջելու

Կառավարությունը հոգնել է, բայց առաջիկա ծրագրերը մեծ էներգիա են պահանջելու

Կառավարության երեկվա նիստի օրակարգն աննախադեպ ծանրաբեռնված էր՝ 62 հարց, մեծ մասը՝ չզեկուցվող։ Գործադիրի ղեկավարը հարցերի վրայով անցավ ուղիղ 32 րոպեում։ Վարչապետն շտապում էր Գյումրի, նաեւ գուցե իրոք հոգնել է, երազում է արձակուրդի մասին, եւ այդ երազանքի ազդեցության տակ «դրայվը» մարում է։ 



Կարեն Կարապետյանն աշխուժացավ եւ սկսեց հարցեր տալ միայն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ելույթի ժամանակ։ Նախարարը բերել էր նախագիծ, որի մասին խոսվում է դեռ մայիսից՝ միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքի մասին։ Այդ առաջադրանքի շրջանակներում կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերը կբաժանվեն շրջանների, ըստ խոշոր քաղաքների՝ կսահմանվեն օպտիմալ երթուղիներ, ելնելով ուղեւորահոսքից՝ կորոշվի տրանսպորտային միջոցի տեսակը։ Այս ամենով զբաղվելու է նախարարությունը, իսկ Երեւանի տրանսպորտի խնդրի կարգավորումը քաղաքապետարանի գործն է։ Հայաստանում 90 բնակավայրեր երթուղային տրանսպորտ չունեն։ Ներկայում երթուղային ցանցերը ձեւավորում են տարբեր ՏԻՄ եւ պետական մարմիններ, որոնք չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը, չվացուցակները կազմվում են ինչպես պատահի, կան եկամտաբեր եւ ոչ եկամտաբեր գծեր, որոնց սպասարկման համար հայտարարված մրցույթներին ոչ ոք չի ցանկանում մասնակցել։ Նոր համակարգը ենթադրում է վերացնել բոլոր այս բացերը, նաեւ «գծատեր» հասկացությունը, ինչպես ասաց Վահան Մարտիրոսյանը նիստից հետո իրեն պաշարած լրագրողներին։ Վարչապետի հարցին, թե արդյոք տեխնիկական առաջադրանքի շուրջ խոսե՞լ են բոլոր շահառուների հետ, տրանսպորտի նախարարը պատասխանեց, որ, այո, հայկական ընկերությունների հետ խոսել են, իսկ առաջիկայում հայտարարվելիք մրցույթի պահանջներն այնպիսին են լինելու, որ միջազգային ընկերությունները եւս կարողանան մասնակցել միասնական օպերատորի մրցույթին։ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը բերել էր «Մատենադարան» ինստիտուտը, որը ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունի, հիմնադրամի վերակազմավորելու վերաբերյալ նախագիծը։ Նախարարը նշեց, որ այդ կարգավիճակում կբարձրանա Մատենադարանի ինքնավարությունը։ Առաջին անգամ իրավական ակտով ամրագրվում է, որ Մատենադարանի տիրապետմանը հանձնված գույքը հանդիսանում է պետության բացառիկ սեփականություն։



Ի դեպ, Մատենադարանի՝ հիմնադրամ դառնալու մասին «Հրապարակն» ավելի վաղ էր հայտնել՝ նշելով, որ հիմնադրամ դառնալուն զուգահեռ փոփոխություններ կլինեն նաեւ Մատենադարանի խորհրդի կազմում՝ անդամների թիվը կկրճատվի, եւ մեր չհերքված տեղեկություններով՝ խորհրդի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը։



Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց «Մաքուր Հայաստան» ծրագրի գործողությունների ժամանակացույցը։ Աղբահանությունը Հայաստանի ամենաչլուծվող հարցերից է։ Բոլոր կառավարիչները փորձել են մոտենալ այս խնդրին։ Աղբ վերամշակող գործարաններ կառուցելու տարատեսակ նախագծեր են ընդունվել 2012 թվականից մինչ օրս։ Ճապոնացիների են փորձել ներգրավել, չեխերի, իսկ 2013 թվականին աղմկեցին, թե պլաստիկ թափոնների վերամշակման ծրագիր է իրականացվելու ՄԱԿ-ի Միջազգային զարգացման գործակալության տրամադրած 540 հազար դոլարով։ Բայց բոլոր նախաձեռնումները մնում էին կամ թղթի վրա, կամ փորձնական փուլում, իսկ աղբի թվաբանությունն աճում էր։ ՄԱԿ-ի տվյալներով, 2013 թվականին Հայաստանում 5 հազար տոննա պոլիէթիլենային տարա էր կուտակված։ Լոքյանն էլ իր հաշվարկն է անում։ Նախարարությունը հաշվարկել է, որ Հայաստանում 2 հազար 300 աղբավայր կա։ Դրանց մեծ մասը վերացվելու է, մաքրվելու է կամ ցանկապատով է շրջապատվելու։ Առաջին արդյունքները, եթե հավատանք նախարարին, տեսանելի կլինեն տարեվերջին։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ