PR-շչիկներն իրենց իրավունք են վերապահել գնահատել ազատ մամուլը

PR-շչիկներն իրենց իրավունք են վերապահել գնահատել ազատ մամուլը

Լրագրողների եւ նրանց սպասարկող կառույցների՝ PR ծառայությունների միջեւ մրցույթներն ու տարատեսակ մրցանակաբաշխությունները ժամանակի նշանն են։ Կան կազմակերպություններ, որոնք պարբերաբար նման միջոցառումներ են անցկացնում՝ ներկայանալի հյուրերով, ոլորտի «վաստակավորներով», ֆուրշետով, տեսախցիկներով՝ ձեռքի հետ ապահովելով սեփական գովազդը։ Աստղիկ Ավետիսյանի ղեկավարած «Հայկական Փի Ար» ասոցիացիան դրանցից է։ Դաշտում երեւալու համար կազմակերպությունն արդեն երկրորդ տարին է՝ մրցանակաբաշխություն կոչվող գովազդային ակցիա է անցկացնում։ Եվ արդեն երկրորդ տարին է՝ Աստղիկ Ավետիսյանի կազմակերպած միջոցառման հովանավորն ամենաանթափանց ու անհաղորդ ընկերությունն է՝ ռուսահպատակ Beeline-ը։ Գաղտնիք չէ, որ այս կազմակերպության ղեկավարությանն անգամ մի հասարակ դիմում հասցնելը եւ, օրինակ, ինտերնետ կրիչից դժգոհելն անհավանական հերոսություն է։ Beeline-ի գրասենյակներից բոլոր դժգոհներին մի հերթապահ հեռախոսահամար են տալիս, որը հավաքելով՝ ժամերով գերի ես ընկնում Beeline-ի սարդոստայնում, արդյունքում բողոքդ տեղ չի հասնում, իսկ եթե որոշում ես մի կենդանի աշխատող գտնել՝ քո հարցերին պատասխանող, ապա Կաֆկայի «Դղյակը» վեպի հերոսի պես դատապարտվում ես անպտուղ դեգերումների։ Եվ, ահա, այս կազմակերպության ղեկավարը մամուլին վերաբերող մրցանակաբաշխություն է հովանավորում ու իր իսկ հովանավորած միջոցառման հաղթողն է դառնում։ Անցյալ տարի Beeline-ը եւ Աստղիկը որպես նպատակ հայտարարեցին Հայաստանում հանրային կապերի ոլորտի լավագույն ծրագրերի գնահատումը։ Ժյուրիի կազմում ընդգրկվեցին «Առավոտի» խմբագիրը, Քոչարյանի մամուլի քարտուղարը, Առաջին լրատվականի այն ժամանակվա ղեկավար Գեւորգ Ալթունյանը, այլ իշխանական դեմքեր։



Պարգեւատրվողների ցանկը ժյուրիին համարժեք էր՝ տարվա մամուլի քարտուղար՝ Արծրուն Հովհաննիսյան, տարվա հրապարակային գործիչ՝ Արմեն Աշոտյան, լավագույն գործակալություն՝ «Մեդիամաքս» լրատվական, որը նշանավոր է թերեւս միայն նրանով, որ Քոչարյանը միայն «Մեդիամաքսին» էր հարցազրույցներ տալիս, տարվա պետական կառույց՝ նախագահականի մամուլի հետ կապերի բաժին, հատուկ մրցանակ՝ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանին եւ այլն։ Եթե անցյալ տարվա մրցանակաբաշխությունն Աստղիկի ու նրա ընտրած ժյուրիի սիրո խոստովանությունն էր նախագահականին ու ՀՀ բարձրագույն իշխանությանը եւ գոնե որոշ չափով թեմայի մեջ էր, քանի որ գնահատում էր հիմնականում յուր ոլորտը՝ PR-ը, ապա այս տարի ակնհայտորեն դուրս է եկել իր շրջանակից, գնահատել է ազատ մամուլը։ Ընտրությունն ավելի քան կանխատեսելի է. «Արմենպրես»-ը, որն ամենակարդացվող թերթի՝ «Հայաստանի Հանրապետության» երկվորյակն է, «Ճամփորդ» շաբաթաթերթը, որը լցված է հասարակական տրանսպորտում, եւ ցանկացած ուղեւոր այն կարող է վերցնել, բայց մարդիկ ձրի էլ չեն վերցնում, եւ օրվա վերջում ավտոբուսների արկղերը թերթի համարներով լիքն են մնում, ու անթաքույց պրոռուսական «Սպուտնիկ Արմենիան», որը, պետք է ընդունել, որակապես վատը չէ։ Բայց, գործընկերության սկզբունքներից դրդված՝ չենք ուզում խորանալ «հաղթողների» ուղղվածության, ծագման եւ հատկապես որակի հարցերում։ Էականը ոչ թե հաղթողների ընտրությունն է, այլ այն, որ «PR-շչիկները», որոնք դե յուրե, ազատ մամուլի ծառաներն են, բայց դե ֆակտո վերջինիս հակառակ կողմում են, որոնց առաքելությունը գործնականում պաշտոնյաներին լրագրողներից պաշտպանելն է, նրանց ազատ շփմանը խոչընդոտելը, հետեւապես` մեդիադաշտի կայացմանը խանգարելն է, իրենց իրավունք են վերապահել գնահատել ազատ մամուլը։ Նրանք կարող են, իհարկե, առավել հրապարակային գործչի ընտրել կամ լավագույն մամուլի քարտուղարին։ Բայց ո՛չ «տարվա լրատվամիջոցը»։



Սա նույնն է, թե, ասենք, սրճարանի մատուցողները կամ հյուրանոցի մաքրուհիները գնահատեն հյուրերին, իրենց հաճախորդներին, նրանց համար խրախուսական մրցանակներ սահմանեն, նրանց գլուխը շոյեն։ Այդ մենք պետք է որոշենք, թե ով է լավագույն PR մասնագետը, լավագույն մամուլի քարտուղարը, գնահատենք, թե որքանով են նրանք օգնում մեզ ու թեթեւացնում մեր հոգսը։ Թեպետ, մյուս կողմից էլ, շատ լրջացնել «PR-շչիկների» գործոնը, հիմարություն է։ «PR»-ը հեքիաթ է, ինչպես գովազդը, եւ իրականության դեմ անզոր է, իսկ իրականությունն այն է, որ ազատ մամուլի զարգացումը Հայաստանում` արագ կամ դանդաղ, միեւնույն է, այլընտրանք չունի։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ