Տնտեսության վիճակը ծանր է, բայց Կարայանի նախարարությունը լավատես է

Տնտեսության վիճակը ծանր է, բայց Կարայանի նախարարությունը լավատես է

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն օրերս թվեր հրապարակեց, որոնք վկայում են, որ վերջին 3 տարում էական ակտիվացում կա տնտեսական կյանքում, դրական դինամիկա։ Արտահանումը, ըստ դրանց, այս տարի աճել է 21 տոկոսով։ 2014-ին, նախորդի համեմատ, այն 0,8 տոկոս էր։ Ներքին առեւտրաշրջանառությունն անցյալ տարվա համեմատ 12,6 տոկոսով է աճել, իսկ 2014 թվականին՝ գրեթե կրկնակի։ 10,9 տոկոսով ավելի ծառայություններ են մատուցվել այս տարի, եւ 6 տոկոսով ավելի տնտեսական ակտիվություն է արձանագրվել։ Այն 2014 թվականից դանդաղ, բայց հաստատուն աճում է՝ տարեկան շուրջ մեկ տոկոս։



Ամենատպավորիչն արդյունաբերության թվերն են։ 2014 թվականին, նախորդ տարվա համեմատ, մենք ունեցել ենք 0 տոկոս աճ, իսկ այսօր 12,4 տոկոսանոց ավելացում ենք գրանցել։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մոնիտորինգի արդյունքում պարզվել է միտումը՝ հունվար-հունիս հատվածում, օրինակ, արդյունաբերական աճն ապահովել են սնունդ, խմիչք եւ սիգարետ արտադրողները։ Մոնիտորինգ, որի ծածկույթը 100 տոկոս չէ, բայց մեզ նյութ է տալիս միտումը հասկանալու։



«Դինամիկ աճ ունենք մանածագործականներում, հագուստի, կաշվի, այսինքն՝ մշակող արդյունաբերության բոլոր ճյուղերում։ Մեր արդյունաբերության աճը, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանների, առավելապես ոչ թե հանքարդյունաբերության, այլ մշակողի հաշվին է, որն էլ մեր քաղաքականության թիրախն է»,- ասում է նախարարության ռազմավարական ծրագրավորման վարչության պետ Արտակ Բաղդասարյանը։ Ինչո՞ւ այս զարգացումը շարքային քաղաքացին կենցաղում, իր մաշկի վրա չի զգում։ «Ես չէի համաձայնի, որ նկատելի չէ։ Թվերն արտահայտում են մեր տնտեսության ակտիվությունը, տնտեսական գործակիցները, բոլոր ճյուղերի թողարկումը։



Կառավարությունը ֆիքսել է, որ մենք աճի կայունությունը պետք է ապահովենք։ Մենք տեսնում ենք, որ տարվա սկզբից էլ մենք ունենք լավ ցուցանիշներ, եւ եթե մենք կարողանանք կայունությունն ապահովել, նույնիսկ կարճաժամկետում, ասենք՝ երեք տարվա մեջ, մենք կկարողանանք արձանագրել դրա ազդեցությունը բնակչության կենսամակարդակի վրա։ Ամեն դեպքում, աճը չի կորի»։ Շարունակում է բացակա մնալ շինարարությունը՝ մինուս 10 տոկոս, գյուղատնտեսությունը՝ մինուս 1,4։ Արտահանման աճը, ըստ պաշտոնյայի, վերաբերում է սննդամթերքի արտադրությանը՝ դրա բոլոր ուղղություններով։ «Չէի առանձնացնի, թե որ, քանի որ մենք բոլորի մասով էլ աճի դինամիկա ունենք, նաեւ շուկաների առումով»։ Ծառայությունների արտահանման գծով աճը տեղի է ունեցել առաջին հերթին զբոսաշրջության, ծառայությունների, արտահանման գծով՝ ունենք 24 տոկոս, նախորդ ամսվա 18 տոկոս աճի դիմաց։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ