Արթուր Վարդանյանի և խմբի դատական գործը մտնում է ակտիվ փուլ

Արթուր Վարդանյանի և խմբի դատական գործը մտնում է ակտիվ փուլ

Յուրաքանչյուրի մեղադրանքը copy-paste է արված մյուսներից, չորրորդ կամ հինգերորդ բառից հետո նույն տեքստն է գնում, եւ այսպես՝ 20 անգամ։ Խոսքն Արթուր Վարդանյանի եւ խմբի գործի մասին է։ 20 ամբաստանյալներ եւ ընդամենը երեք հոդված՝ հանցավոր համագործակցություն ստեղծել-մասնակցելը, ապօրինի զենք ձեռք բերել-կրելը, իշխանությունը յուրացնելը։ Այս փաստն ինքնին զավեշտ է, ինչպես եւ ԶԼՄ-ներով տիրաժավորված անվանումը՝ Արթուր Վարդանյանի բանդայի գործ։ Այն մոտ 40 հատորից է կազմված, եւ այսօր էլ, երբ արդեն դատարանում է, ոչ բոլոր մանրամասներն են հրապարակվում։ Նույնիսկ փաստաբանները հակված չեն բացահայտել դրանք։ ԱԱԾ քննիչները փորձել են սարսափներ նկարագրել մեղադրական եզրակացության մեջ, նախագահի նստավայրի, ԱԺ-ի, Սահմանադրական դատարանի, կառավարության, Հանրային հեռուստաընկերության շենքի վրա ծրագրված հարձակումներով վախեցնել մեր քաղաքացիներին։ Նորմալ երկրում նման տողեր կարդալուց հետո մարդիկ ատելությամբ կլցվեին հանցագործների նկատմամբ, բայց ՀՀ քաղաքացիների մեծ մասն անթաքույց հրճվանքով է կարդում այդ եզրակացությունը։



Ծերունի ավազակնե՞րը



Անգամ ազատամարտիկներ Էդուարդ Ներսիսյանին եւ Խաչիկ Ավետիսյանին է այսօր դժվար պատկերացնել զինյալի կամ «բանդիտի» կերպարում։ Առաջինը՝ Ապարը, կալանավայրում կաթված է ստացել, կորցրել է վերջին ատամները, տառապում է հեպատիտ C-ով: Իսկ երկրորդն իր բաժին տառապանքը լիուլի ճաշակել է ադրբեջանական բանտերում։ Էլ ի՜նչ ասենք «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ 73-ամյա Գառնիկ Մարգարյանի կամ պաշտպանության նախկին փոխնախարար 70-ն անց Վահան Շիրխանյանի մասին, որը կալանավայրում անցկացրած մոտ երկու տարում կորցրեց ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը եւ անգամ չի կարողանում ոտքի կանգնել, երբ դատարանն է գալիս։ Հայտնի է, որ նրա նախկին պաշտպան Հայկ Ալումյանը վերջին նիստերից մեկում միջնորդել էր թույլ տալ ծեր գնդապետին չկանգնել դատավորների գալուց։ Ալումյանին հեռացրին գործից, ներգրավեցին հանրային պաշտպան՝ Շիրխանյանի կամքին հակառակ։ Իսկ հանրային պաշտպաններն այս գործով ԱԱԾ քննիչներից էլ քիչ են խոսում։ Հանրային պաշտպան Անժելա Հակոբյանը, օրինակ, որը պաշտպանում է խմբի անդամ, Արեւիկ համայնքի բնակիչ Արթուր Եղիազարյանի շահերը, ասում է, որ իր պաշտպանյալն իրեն խնդրել է հարցազրույց չտալ։ Հայտնի ազատամարտիկներ Վլադիմիր Առաքելյանին, Գառնիկ Մարգարյանին, Վահան Շիրխանյանին նույն մեղադրանքներն են առաջադրվել, ինչ Արթուր Վարդանյանի խմբի անդամներին։



Տաքսիստին մեղադրանք են առաջադրել հակիրճ ցուցմունքների համար



Հիմնական մեղադրյալը «բանդայի պարագլուխ» Արթուր Վարդանյանն է, որին մեղադրում են 2015թ. ապրիլից մինչեւ նոյեմբեր Հայաստանում հանցավոր խումբ ստեղծելու եւ ղեկավարելու մեջ։ Կարելի է ասել, որ մյուս 19 ամբաստանյալներից շատերի մեղքն Արթուր Վարդանյանի հետ ծանոթանալը, նրա հետ հանդիպելն ու խոսելն է։ Արդյո՞ք նրանք տեղյակ են եղել Արթուր Վարդանյանի ծրագրերից եւ ի՞նչ չափով։ Ամբաստանյալների փաստաբանները վստահեցնում են, որ գործում նման ապացույցներ չկան։ Փաստաբան Մնացական Ղազարյանը վարորդ Վահագն Սալնազարյանին է պաշտպանում, որը խմբի անդամներին փողով տաքսի ծառայություններ է մատուցել։ Փաստաբանը համոզված է, որ Սալնազարյանը հասարակ տաքսու վարորդ է եղել եւ Արթուր Վարդանյանի ծրագրերի մասին պատկերացում չի ունեցել։ Մնացական Ղազարյանը միջնորդել էր դատարանին փոխել Սալնազարյանի խափանման միջոցը, կալանքը փոխարինել գրավով, բայց դատարանը մերժել էր միջնորդությունը։ Գործով եւս երկու տաքսիստ են անցել։ Նրանք ցուցմունքներ են տվել, համագործակցել քննության հետ, իսկ Վահագն Սալնազարյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Ահա ինչու, ըստ փաստաբանի, երեք տաքսիստներից միայն նրան են մեղադրանք առաջադրել։ «Վահագն Սալնազարյանն չի դրսեւորել հակաօրինական վարքագիծ, նա խմբի վարժանքներին չի մասնակցել, ծրագրերի իրականացման կամ դերերի բաշխման մեջ ներգրավված չի եղել, այն, որ նա հակիրճ է պատասխանել քննիչի հարցերին, չպետք է մեկնաբանեն նրա դեմ»,- ասում է Մնացական Ղազարյանը։



2016-ի նոյեմբերին վարույթ է ընդունվել, բայց դատաքննության փուլը նոր է սկսվել



Դատավարությունը սկսվել է հունվարից եւ ընթանում է մեծ ձգձգումներով։ Կարծես այդ ձգձգումները եւս պատժամիջոց լինեն «բանդիտների» համար։ Հունվարին 3-ին նիստ է եղել, փետրվարին ոչ մի նիստ չի նշանակվել, մի նիստ մարտին է անցկացվել, ապա մոտ 3 ամսով հետաձգվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու պատրվակով։ Հունիսին նիստերը վերսկսվել են, վերջինը հուլիսի 21-ին էր, որը հետաձգվեց հայր Անտոնի առողջության վատթարացման պատճառով։ Հաջորդը նշանակվել է հուլիսի 28-ին։ Փաստորեն, անցյալ տարվա նոյեմբերին գործը դատարանի կողմից վարույթ է ընդունվել, բայց դատաքննության փուլ է մտել միայն հուլիսի 21-ին։ Ապարի՝ ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը գտնում է, որ ձգձգումները դիտավորյալ չեն եւ պայմանավորված են գործի մեծ ծավալով։



«Աղջիկները հաց էին սարքում, տաք էր, խոսում էինք, էլի»



«Շատ ցուրտ ձմեռ էր, ազատամարտիկները սոված-ծարավ, փողոցում, նեղացած գործող իշխանությունից։ Մեկն իր օգնության գումարը չի ստացել, մյուսը, օրինակ՝ Ապարը, ուզում էր տունն առաջ տալ, չեն թողնում։ Նա նույնիսկ լսողություն չունի, որ լսեր, թե ինչ է խոսում Արթուր Վարդանյանը։ Ես հարց եմ տալիս նրան․ ի՞նչ ես լսել, ասում է՝ խոսում էին, էլի, ես չէի էլ լսում, աղջիկները ճաշ էին պատրաստում, տեղը տաք էր։ Էդ ինվալիդ մարդուց ի՞նչ բանդիտ»,- պատմում է Կարմեն Պողոսյանը։ Քրեական գործում կան նյութեր, որոնց համաձայն՝ Ապարն իբր 30 հոգանոց խմբի պարագլուխ է եղել։ Ընդ որում՝ այս 30 հոգու անունները չկան։



Ազատամարտիկների դեմ ձայնագրություններ են հավաքել



Մեր տեղեկություններով, ապացույցների թվում բազմաթիվ ձայնագրություններ կան, որոնք կատարել է Արթուր Վարդանյանը։ Փաստաբան Պողոսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ առանց կոնկրետացնելու, թե ինչ ձայնագրությունների մասին է խոսքը։ «Ապացույցների հետազոտման փուլում մենք դրան կանդրադառնանք»։ «Ես միշտ եմ ասել, որ սա շինծու քրգործ է, Արթուր Վարդանյանին, որպես նեկտար, գցել են ժողովրդի մեջ, որ «մեղուներին» հավաքեն, մի քանի քաղաքական հակառակորդների էլ կալանավորել են, որ, իբր, իշխանությունը պետք է յուրացնեին։ Բա խեղկատակություն չէ՞, որ մեղադրական եզրակացության մեջ, օրինակ, գրել են, որ 20 հոգով պետք է գնային՝ հեռուստաաշտարակը գրավեին, բայց ովքե՞ր են այդ 20 հոգին, գրված չէ»,- եզրակացնում է Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը։ Նրա պաշտպանյալին մեղսագրվում է, որ նա 2015թ. մայիսից հետո անձնապես ծանոթանալով Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, ստանձնել է մասնակցել նրա ղեկավարած հանցավոր համագործակցությանը` մեծ թվով պայթուցիկ է ձեռք բերել, նպատակ ունենալով զավթել իշխանությունը։ Մինչդեռ, ըստ փաստաբանի, Գառնիկ Մարգարյանը նույնիսկ դուրս է հրավիրել Արթուրին Եղվարդի իր առանձնատնից, ասելով՝ հոկտեմբերի քսանյո՞թ եք ուզում սարքել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ