ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝  6%

2017 թ. օգոստոսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%, տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:



2017 թ. երկրորդ եռամսյակի ավարտին 12-ամսյա գնաճը կազմել է 1.1%, որը 0.3 տոկոսային կետով գերազանցել է երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով սպասվող մակարդակը: Իսկ հուլիսին արձանագրվել է 2.6% գնանկում՝ պայմանավորված գյուղմթերքների գների սեզոնային անկմամբ, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ նվազել է՝ հուլիսի վերջի դրությամբ կազմելով 0.9%:



Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման հեռանկարները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում գները դրսևորել են կայունացման միտումներ: Ելնելով դրանից՝ ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չի ակնկալում:



Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. երկրորդ եռամսյակի փաստացի արդյունքներով պահպանվել են տնտեսական բարձր ակտիվությունն ու ներքին պահանջարկի վերականգնման տեմպերը, ինչին, իրականացվող զսպողական հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում, շարունակում է նպաստել ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը:



Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա. 2017 թվականի վերջում այն կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքում, իսկ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ: ԿԲ խորհուրդը գտնում է, որ, կանխատեսվող սցենարով մակրոտնտեսական զարգացումների պարագայում, դրամավարկային պայմանները որոշ ժամանակ կպահպանվեն խթանող:



Միևնույն ժամանակ, տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:



Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017 թ. օգոստոսի 25-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2017 թ. երրորդ եռամսյակի ծրագրում):