Կառավարությունը հաշվում է Սևանից գողացած ջրի փողերը

Կառավարությունը հաշվում է Սևանից գողացած ջրի փողերը

Երեկ կառավարության նիստում հաստատվեց Սեւանից 2017 թվականին լրացուցիչ 100 մլն․ խմ ջրառից գոյացած հասույթի վերաբերյալ որոշումը։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն առանց թվեր նշելու հայտնեց, որ էներգետիկ համակարգի ընկերությունները լրացուցիչ ջրառից հասույթ են ստանալու, որն ուղղելու են հատուկ գանձապետական հաշվին։ Իսկ իրենք արդեն կորոշեն, թե ինչպես են ծախսելու փողերը։ «Հուլիսին ԱԺ-ն ընդունեց համապատասխան օրենք, որով թույլատրվեց բաց թողնել լրացուցիչ՝ մինչեւ 100 մլն․ խմ ջուր։ Նախատեսվում է, որ նախարարությունը կբացի հատուկ գանձապետական հաշիվ, որի վրա կկենտրոնանա այդ ձեռնարկությունների ամբողջ հասույթը՝ հանած շահութահարկը։ Երկամսյա ժամկետում մեր նախարարությունը կմշակի օրենքից բխող նպատակային ծրագիր եւ կներկայացնի կառավարության հաստատմանը»։ Գումարները պետք է փոխանցվեն մինչեւ սեպտեմբերի 30-ը։ Ինչո՞ւ է նախարարությունը որոշելու, թե ինչպես են ծախսվելու գումարները, մոտավորապես ինչ գումարի մասին է խոսքը՝ նախարարը ոչինչ չասաց։ Ենթադրվում է միայն, եւ այս մասին նշված է որոշման մեջ, որ ծախսերը բխելու են «Սեւանի էկոհամակարգի վերականգնման» տարեկան միջոցառումների նպատակներից։ 



Սեւանից լրացուցիչ ջրառը թույլատրող օրենքը հանրությունը ծանր տարավ, իսկ բնապահպանական 72 կազմակերպություններ դիմեցին նախագահին, ԱԺ, բոլոր պատկան մարմիններ՝ այն կանխելու խնդրանքով։ Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը, ի դեմս Ջրպետկոմի, ձեւական քննարկումներ անցկացրեց բնապահպանների հետ, որոնց ընթացքում ուղղակի խայտառակ եղավ։ «Մեր մասնագետները, էքսպերտները լուրջ հիմնավորումներ էին դրել Ջրպետկոմի առաջ, բայց քննարկումների արդյունքում պարզվեց, որ որոշումը հիմնավորված չէր, Ջրպետկոմը խճճվեց իր հիմնավորումներում,- հիշում է բնապահպան, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը։- Մասնավորապես, Ջրպետկոմը երկու հակասական կարծիք էր տվել Ազատի ջրամբարի լցվածության վերաբերյալ՝ պնդելով, որ այն հավելյալ ջուր ունի, որը կարելի է ուղղել Քաղցրաշենի ոռոգման համակարգ։ Մյուս դեպքում, հիմնավորելով Սեւանա լճից հավելյալ 100 միլիոն խմ բաց թողնելու որոշումը, այս կառույցի նախագահն ասել էր, որ Ազատի ջրամբարում մոտ 17 մլն․ ջրի պակաս կա»։ Ըստ Ինգա Զառաֆյանի, կառավարության այս նոր որոշումն առաջին ակտի շարունակությունն է, նույնչափ չհիմնավորված։ «Դա ընդհանուր ձեւակերպումների բառակույտ է, հասկանալի չէ, թե ինչ է պատկերացնում էներգետիկ նախարարությունը՝ ասելով Սեւանի էկոհամակարգի վերականգնում։ Ոչ ժամանակացույց է ներկայացված, ոչ խնդիրներ են նշվում, ոչ մի կոնկրետ տվյալ։ Այս գործելաոճը հասկանալի չէ եւ տարատեսակ ռիսկեր է պարունակում»,- ասաց նա։ Բնապահպանը չցանկացավ շեշտել «կոռուպցիոն» բառը, բայց ոչ ոք չի կասկածում, որ էներգետիկ ընկերություններից ստացված գումարները դեռ հազարումի հաշվապահական վերաձեւումներով կանցնեն, դրանց ճակատագիրը կորոշվի չինովնիկական անթափանց պատերի հետեւում, առանց բնապահպանների, ակտիվիստների կամ էկոլոգիայի ոլորտում կանոնադրական խնդիրներ ունեցող ՀԿ-ների ու, որպես փաստ, կհրամցվի հանրությանը, որին նման որոշումներ ընդունելիս մասնակից չեն դարձնում, բայց որից, չգիտես ինչու, անընդհատ վստահություն են պահանջում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ