Ինչու է ՌԴ-ում առգրավվել հայկական ձուկը. ՊԵԿ-ը մեկնաբանում է իրավիճակը

Ինչու է ՌԴ-ում առգրավվել հայկական ձուկը. ՊԵԿ-ը մեկնաբանում է իրավիճակը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել Սոչիի օդանավակայանում ՀՀ-ից տեղափոխված 280 կգ քաշով ձկան առգրավման դեպքի մասին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ պարզաբնման մեջ, մասնավորապես, նշվում է.



«Տեղեկացնում ենք, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի ներսում գտնվող օդանավակայանների միջև բեռնափոխադրումներ և/կամ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մաքսային որևէ գործառնություն իրականացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ «ՀՀ՝ «ԵՎրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2015 թվականի հունվարի 2-ից ՀՀ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջազգային օդանավակայաններում վերացվել է մաքսային հսկողությունն օդային այն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների նկատմամբ, որոնք տեղի են ունենում անմիջականորեն ՀՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև:



Հետևաբար, խնդրո առարկա 280 կգ քաշով ձուկը, ՀՀ-ից օդային ճանապարհով ՌԴ տեղափոխվելիս, մաքսային ձևակերպումների կամ հսկողության ենթակա չի եղել: Տվյալ դեպքում գործ ունենք, ոչ թե մաքսային, այլ՝ անասնաբուժական հսկողության հետ, որի իրականացումը դուրս է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասությունների շրջանակից»: