Մեր արվեստագետները՝ հայրենիքից հեռու

Մեր արվեստագետները՝ հայրենիքից հեռու

Նարեկացի արվեստի միությունում 25 տարի անց հանդիպում էր փարիզաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ահարոնյանի հետ: Նա ժամանել էր սիրելի կնոջ՝ Կարինեի հետ, ինչպես ինքը նշեց՝ իր ստեղծագործությունների առաջին և անաչառ քննադատի:



Ընդհանրապես կա մի ընդհանրություն աշխարհի մեծ բեմերը նվաճած հայազգի արվեստագետների մոտ. նրանք բոլորն այնքան անմիջական ու պարզ վարքագիծ ունեն հանդիսատեսի հետ շփման հարթակում,ակամայից հիշել էի աշխարհահռչակ օպերային երգչուհի Ջուլիետ Գալստյան-Էվերտսի հետ տարիներ առաջ իմ այնքան հաճելի ու անմիջական հարցազրույցը: Վերստին համոզվում ես, որ մեծամտությունն ու գոռոզությունը հարիր է միայն տեղաբնակ՝ իրենց արվեստագետ հռչակած միջակություններին:



Արթուր Ահարոնյանի ջերմ երեկոն անցավ փոքրաթիվ հանդիսատեսի հետ անմիջական զրույցներով՝ համեմված անզուգական կատարումներով: Երեկոյին ներկա էր նաև կոմպոզիտորի մեծ ուսուցիչը՝ Տիգրան Մանսուրյանը, ում տան երբեմնի սպասված հյուրն էր դեռ երիտասարդ ուսանող Արթուր Ահարոնյանը:



Արթուր Ահարոնյանը ծնվել է 1962թ. Երևանում։ 1986թ. ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։ Միաժամանակ սովորել է նույն կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնում՝ Էդուարդ Բաղդասարյանի, այնուհետև Տիգրան Մանսուրյանի դասարաններում։ 90 ականների սկզբին երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով շատ հայ արվեստագետներ հանգրվանեցին օտար ափերում, Արթուր Ահարոնյանը ևս 1993թ. հաստատվեց Փարիզում: Այո, լավագույն արվեստագետները հեռանում են, օտար ափերում բախտ որոնում…



Արթուր Ահարոնյանն այսօր ֆրանսիական մի շարք քաղաքների կոնսերվատորիաներում հրավիրված կոմպոզիտոր է, ուր կարդում է հայ երաժշտությանը նվիրված դասախոսություններ։ Իբրև դաշնակահար ելույթներով հանդես է եկել Եվրոպայի մի շարք երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 2002 թվականից Փարիզի Դարյուս Միյոի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Նա Հայաստանի Կոմպոզիտորների Միության, Ֆրանսիական Հեղինակների և Կոմպոզիտորների Միության (SACEM) անդամ է։



Արթուր Ահարոնյանի ստեղծագործական ցանկը ընդգրկում է դաշնամուրային գողտրիկ պիեսներից և գործիքային տարբեր կազմի ստեղծագործություններից մինչև սիմֆոնիկ և կոնցերտային մեծ կտավի ստեղծագործություններ։



Երեկոյի ընթացքում հնչեցին նրա ստեղծագործություններից մի քանիսը գեղեցիկ էկրանավորմամբ. առանձնակի հուզականությամբ տարանջատենք թերևս նրա՝ «Ջոնաթանի Բալլադը» սիմֆոնիկ պոեմը, ըստ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» պատմվածքի, որի պրեմիերան եղել է 2004թ. Փարիզի «Մոգադոր» թատրոնում, Ֆրանսիայի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ։ Ստեղծագործության հայաստանյան պրեմիերան՝ տասը տարի անց՝ 2014թ.-ին է եղել՝ Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի կատարմամբ, Սերգեյ Սմբաթյանի ղեկավարությամբ։ Կոմպոզիտորը հանդիսատեսին խոստացավ այս անզուգական ստեղծագործության շարունակականություն:



Հնչեցին նաև ինքնատիպ ոճի «Գեղջկական Պատկերներ»՝ գրված 2006թ. «Հայաստանի Փոքրիկ երգիչների» համար՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա։ Նշենք նաև կոմպոզիտորի մի քանի կոնցերտի մասին, որոնք համաշխարհային ճանաչում են վայելում.



«Ջութակի առաջին կոնցերտ», որի պրեմիերան տեղի է ունեցել 2007թ. Կաննում, Կաննի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, Ֆիլիպ Բենդերի ղեկավարությամբ, մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան։



«Կոնցերտ Տրիպտիկ» սաքսոֆոնի, մարիմբաֆոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ գրված 2008-2015թթ., բաղկացած երեք մասերից՝ «Դիվերտիսմենտ», «Բալլադ» և «Գեղջկական Սկերցո», որոնք բազմիցս հնչել են ֆրանսիական տարբեր քաղաքներում։



«Ջութակի երկրորդ կոնցերտ»՝ ջութակի, լարային նվագախմբի և մեկ հարվածայինի համար, որը գրվել է «Ամստերդամ Սինֆոնիետտա» նվագախմբի պատվերով, իսկ պրեմիերան տեղի է ունեցել 2011թ. Ամստերդամի «Մյուզիկգբաու» սրահում, մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան։



Ուրախալի է լսել հայազգի ևս մեկ տաղանդավոր արվեստագետի միջազգային ճանաչման և հաջողությունների մասին, իհարկե նաև ցավալի, որ այդ ամենը տրվում է ոչ թե հայրենիքում, այլ նրա սահմաններից շատ հեռու: Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ Արթուր Ահարոնյան դաշնակահարը երևանյան հանդիսատեսին նույնպես առաջիկայում կուրախացնի իր ստեղծագործություններով և դաշնամուրային անզուգական կատարումներով:



Վարդինե Իսահակյան