Երիտասարդն արյան քաղցկեղ է ստացել ապրիլյան պատերազմից հետո

Երիտասարդն արյան քաղցկեղ է ստացել ապրիլյան պատերազմից հետո

Մատաղիսում ծառայած Գառնիկ Բագրատյանը բանակից վերադարձել է ծանր լեյկոզով։ Հարազատները նկատել են, որ տուն գալու օրվանից նա ջղագրգիռ է, դեպրեսիվ պահվածք ունի։ Մի քանի օր անց քթից եւ բերանից արյուն է հոսել։ Բժիշկներն արյան քաղցկեղ են հայտնաբերել՝ սուր լեյկոզ։ Պատճառը, ըստ նրանց, կարող էր ուժեղ վախը լինել։ Տղայի հարազատները սա հնարավոր են համարում, քանի որ Գառնիկը մասնակցել է ապրիլյան պատերազմին եւ կարող է ուժեղ վախ ապրած լինել։ «Մեզ ասացին՝ գեներով կարող է անցած լինել լեյկոզի հակումը, բայց մեր ազգում նման հիվանդություն չի եղել, բացառվում է,- ասում է տղայի հայրը` Արմեն Բագրատյանը։- Կամ էլ ասացին՝ սթրեսից, վախից կարող է լինել։ Ես չեմ կարող ասել, թե ինչ վախ է, նույնիսկ որ նոր եկել էր, կանչեցին «վաենկամատ», չէր ուզում շփվել իրենց հետ, մենք հանկարծակիի ենք եկել»։ Հիմա որդին հիվանդանոցում է։ 



Երեկ հայրն ստացել է հետազոտության պատասխանը՝ արագացված սուր լեյկոզ։ Ընտանիքը շոկի մեջ է։ Թե որքան կարժենա բուժումը, դեռ չգիտեն։ «Պարզ է, որ թանկարժեք բուժում է պետք։ Բանակ գնալուց առաջ նա չի ունեցել հիվանդություն, մի անգամ, սկզբում բրոնխիտով պառկել է հոսպիտալում, բուժվել է ու ծառայության ընթացքում էլ ոչ մի պրոբլեմ չի ունեցել»,- ասում է հայրը։ Բուժման դիմաց վճարելու փող ընտանիքը չունի, եւ համացանցում դրամահավաք է կազմակերպվել, հաշվեհամար է բացվել (Ամերիա բանկում Մկրտչյան Լիլիթի անունով։Գումար փոխանցելու համար՝
1570026843530100 դրամական փոխանցումների համար,1570026843530101 դոլարով փոխանցումների համար1570026843530146 եվրոյով փոխանցումների համար և1570026843530158 ռուբլիով։)։



Պաշտպանության նախարարությունը ոչնչով չի միջամտում տղայի ճակատագրի հարցում։ «Մենք դեռ չենք դիմել»,- ասում է հայրը։ Թեպետ սոցիալական ցանցերում տեղեկությունն արդեն գրվել է, եւ ՊՆ աշխատողները դա կարդացած կլինեն։ Հայրը պատմում է, որ անգամ ապրիլյան քառօրյային մասնակցելու վերաբերյալ նշումը զինգրքույկում ջնջել են։ «Նշումը կա, բայց ուրիշ գույնի գրիչով գիծ է քաշված վրայով, ջնջված է։ Ինքը հենց ապրիլի 1-ին բարձրացել է պոստեր ու 4 ամիս մնացել այնտեղ, պոստի պատասխանատուն է եղել։ Ինչ է տեսել, ինչ չի տեսել՝ ինքը մեզ բան չի պատմում։ Չի ուզում խոսել բանակի մասին։ Ասում է՝ իմ ուղեղից հանել եմ, ինձ ոչ մի բան մի հարցրեք»,- պատմում է Արմեն Բագրատյանը։



Գառնիկը 21 տարեկան է, զորացրվել է հունվարին։ ՊՆ խոսնակին հարցրինք, թե կարո՞ղ է ընտանիքը հույս ունենալ, որ դիմելու դեպքում ՊՆ-ից օգնություն կստանա։ Նա ասաց, որ նման ընտանիքներին ՊՆ-ն միշտ օգնել է։ «Բայց դա պարտադիր չէ, եթե հաստատված չէ ծառայության կապը հիվանդության հետ, լինում են գենետիկ հիվանդություններ եւ այլն»։ Նաեւ հայտնեց, որ թեման զեկուցել է ղեկավարությանը, բայց քանի որ գտնվում է Վրաստանում, մեզ կպատասխանի օգոստոսի 30-ին, երբ վերադառնա։
Այս օրերին ընտանիքն ապրելու է հույսով, որ նախկին զինծառայողին դեռ կարելի է փրկել։ Բայց եթե ոչ մի բժիշկ չհանդգնի պաշտոնապես հաստատել լեյկոզի եւ ապրիլյան պատերազմի միջեւ կապը, ապա տղան մնալու է ճակատագրի եւ անծանոթ մարդկանց բարեգթության հույսին՝ նեղված, հիվանդ, կյանքից դուրս շպրտված։



Նկատի ունենալով բժիշկների կախյալ վիճակը ՊՆ-ից, նման ընթացքը շատ ավելի հավանական է թվում։ Հայտնի է, որ անգամ ոչ բանակային տարիքի տղաները՝ 16-18 տարեկան, մեր առողջապահական հաստատություններում ուղղակի չեն կարողանում հետազոտություններ անցնել եւ իրենց առողջական վիճակի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ստանալ։ Այդ ամենը վերահսկում է ՊՆ-ն։ Հետո էլ զարմանում են, որ զինծառայողների թվաքանակը տարեցտարի ընկնում է, որ երիտասարդները խուսափում են բանակային ծառայությունից, իսկ պրոֆեսիոնալ զինվորականները խրձերով ազատման դիմումներ են դնում պաշտպանության նախարարի սեղանին։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ