Ժողովրդի հետ

Ժողովրդի հետ

Ընթերցողն առավոտից մի քանի անգամ զանգել էր՝ «անպայման պետք է խմբագրի հետ խոսեմ»։ Խոսքն սկսեց ավանդական՝ «Ես ձեր մշտական ընթերցողն եմ» նախադասությամբ ու սկսեց ապացուցել՝ տարբեր հոդվածներից մեջբերումներ անելով։ Նախաբանից հետո անցավ օրվա «թեմային»՝ հրդեհներին․ «Հիշո՞ւմ եք՝ Մարզահամերգային համալիրն այրվեց, Կարեն Դեմիրճյանն անձամբ էր ղեկավարում հրդեհը հանգցնելու գործը։ Ամբողջ հայ ժողովուրդը ցնցված էր նրա արցունքներից։ Մարդն ասաց՝ ամեն գնով վերականգնելու ենք, ու արեց»։ Ապա անցում կատարեց մեր օրեր․ «Դուք այս հրդեհների օրերին Սերժ Սարգսյանին կամ Կարեն Կարապետյանին որեւէ հրդեհի օջախում տեսա՞ք։ Իսկ վրացական իշխանավորները հրշեջների հետ իրենց անտառն էին մարում։ Որտե՞ղ են մերոնք, ինչո՞վ են զբաղված, ի՞նչ ավելի կարեւոր գործ ունեն, որ չեն գնում «Խոսրով», «Նաիրիտ», «Խուստուփ»։ Բայց «Բազե» ճամբար են գնում, Սոչի, Բադեն-Բադեն, մոտորանավակ են քշում»։ Հաջորդ անցումն ավելի զարմանալի էր․ «Ես շատ հարգում եմ Ազատ Արշակյանին, բայց չեմ հասկանում նրա վերջին հարցազրույցը։ Ի՞նչ է նշանակում՝ Կարեն Դեմիրճյանին չպետք է ազգային հերոսի կոչում տային։ Կարեն Դեմիրճյանն իրական հերոս էր՝ իր ազգի, երկրի հոգս ու ցավով տառապող»։ Ի վերջո, քաղաքացին միայն մի բան է ուզում իր իշխանավորից, որ իր հետ կիսի կյանքի դառնություններն ու ուրախությունները, ցույց տա, որ ապրում է շարքային քաղաքացու նման ու նրա հոգսերով, չօտարվի ու չմեծամտանա։ Հազարավոր սխալ քայլեր կարող է անել պաշտոնյան, բայց մի փոքրիկ ուշադրություն, մի ճշգրիտ քայլ, մի ապրումակցում, եւ նա արդեն յուրային է՝ իրենցից մեկը։ Առանձնապես մեծ ճիգ չէր պահանջվի պաշտոնյաներից, որ աղետի գոտի դարձած արգելոց կամ «Նաիրիտ» այցելեին, իսկ ինչքա՜ն շատ բան կփոխվեր դրանից։