«Նաիրիտը» 200 աշխատող ունի, որոնց գործը պահպանությունն է

«Նաիրիտը» 200 աշխատող ունի, որոնց գործը պահպանությունն է

«Նաիրիտ» գործարանում հրդեհը դեռ չմարած՝ առողջապահության նախարարությունն շտապեց հանգստացնել ծխի սարսափազդու տեսարանից տագնապած երեւանցիներին, թե վառվող քիմիական նյութերը վտանգավոր չեն առողջության համար՝ այնուամենայնիվ, խորհուրդ տալով փակել դուռ-լուսամուտ՝ կրակի արգասիքներից պաշտպանվելու համար։ Իսկ ԱԻՆ մոնիտորինգի մասնագետները հավաստիացնում էին, որ տեղում վերցրել եւ ուսումնասիրել են օդի փորձանմուշները, որոնցում վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել:



Նախարարությունների ասածը «հիմարություն» է



Կարինե Դանիելյանը, օրինակ, հայտնեց, որ «ուսումնասիրել է նմանատիպ երեւույթներ այլ վայրերում, եւ ամենուրեք նշվում է, որ նման հրդեհների ժամանակ թունավոր գազեր են արտանետվում»։ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ավելի կտրուկ է արտահայտվում․ «Նախարարության պնդումը հիմարություն է, ես ինքս չեմ հասկանում, թե ոնց կարող են այդ նյութերը վտանգավոր չլինել։ Լաքեթինոլը, որն այրվում էր, կաուչուկի արտադրության կողմնակի պրոդուկտներից է, կարելի է ասել՝ թափոն է հանդիսանում, հետեւապես, պետք է պարունակի պոլիմերացված քլորոպրեն, բոլոր այն նյութերը, որոնք ավելացնում են կաուչուկի պոլիմերացման ժամանակ, լուծիչներ, կանիֆոլ, որ պարտադիր է, տոլուոլ եւ այլն։ Դրանց միաժամանակ այրումից անպայման տոքսիկ նյութեր են առաջանում։ Բացի այդ, քանի որ թերայրում է գնում, առաջանում է շմոլ գազ, որը թունավոր է»։



Տնօրենը հերքում է «անտերության» վարկածը



«Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը տհաճությամբ է խոսում կատարվածի մասին, վստահեցնում է, որ հեղուկ նյութերի պահեստն անտերության մատնված չի եղել։ Նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն օգոստոսի 28-ին «Հրապարակին» հայտնել էր, որ 10 տարի առաջ անվտանգության կանոններ էին սահմանել՝ շոգի պայմաններում լաքեթինոլը պահելու համար ազոտ էին ներարկում տարաների մեջ կամ աղաջուր էին լցնում տարայի վրա, որպեսզի հրդեհ չլիներ։



- Արդյոք հիմա է՞լ են այդպես պահպանում։



- Պահպանում էին այնպես, ինչպես համապատասխան փաստաթղթերում նշված է։



- Այսինքն՝ բետոնապատ ռեզերվուարներո՞ւմ։



- Այո։



- Իսկ աղաջուր կամ ջուր տարաների վրա լցնո՞ւմ եք։ Գուցե ջուրը չորացե՞լ էր։



- Ոչ։ Ես Ձեզ հեռախոսով ի՞նչ պատասխանեմ։ Գրավոր գրեք։



Կառավարությունը կտրե՞ց գորդյան հանգույցը



Ավելի հակասական են կարծիքները պատասխանատվության մասով։ Նախկին նաիրիտցիներից ոմանք, ինչպես, օրինակ, Թամարա Միրազիզյանը, կասկածում են, որ մեղավոր է կառավարությունը։ «Ինչքան մտածում ենք, համոզվում ենք, որ կատարվածը կառավարությանն էր ձեռնտու։ Սրի մի հարվածով «Նաիրիտի» գորդիան հանգույցը կտրեց»։ Համացանցում հրդեհի կադրերը եւ հարազատ գործարանը վերեւից դիտելիս Թամարան լաց է եղել։ «Էնքան լավ կանաչ տարածքներ ունեինք, էդ ի՞նչ են արել։ Դարձրել են Ադանայի ավերակները։ Ինչքան էլ մեր կառավարությունը չուզենար նախկին վարչապետների արածը ջրի երես հանել, բայց նման ձեւով հարց լուծելը հանցագործություն եմ համարում»։ Տիկինը չի հավատում պտտվող վարկածներին, թե «մեղավորը» շոգն էր կամ ինքնաթիռները, որոնց ձայնը ցնցել է օդը, եւ դետոնացիան պայթյուն է առաջացրել։ «Ավելի շոգ օրեր էլ են եղել, ինքնաթիռներ էլ միշտ անցել են։ Սա պատահական բան չէ»,- ասում է նա։



Տարիների ընթացքում կուտակված լաքն իդեալական վառելանյութ է



Հին աշխատողները պատմում են, որ հրկիզված արտադրամասը նախատեսված է եղել որպես հեղուկ նյութերի պահեստ։ Տարածքը մոտ 5-6 հեկտար է։ Այստեղ պահվում էին այլ երկրներից մատակարարվող քիմիական հեղուկները՝ տոլուոլ, բենզոլ, ացետոն։ Նաեւ «Նաիրիտի» պատրաստի արտադրանքն էին պահեստավորում, որը պետք է դուրս գար գործարանից։ Լաքեթինոլը, որը որպես ջրամեկուսիչ լաք եւ փտումից պահպանող նյութ օգտագործվում է նավաշինության մեջ, նախկինում ուղարկվում էր Ռուսաստան։ Լաքեթինոլի ջրապաշտպանիչ հատկությունների շնորհիվ դրանով նաեւ ավտոտնակների տանիքներ են պատում։ Հետագայում, ճգնաժամի պատճառով, «Նաիրիտի» պատվիրատուները հրաժարվեցին գնել արտադրանքը, եւ դյուրավառ այս հեղուկի մեծ քանակություն կուտակվեց պահեստում։ 2006 թ. հեղուկների պահեստը հրկիզվեց, բայց նաիրիտցիներն իրենց ուժերով հանգցրին կրակը։ Դրանից հետո նյութերը պահել են բետոնե ռեզերվուարների մեջ։ Իսկ նախկին տնօրենի հավաստմամբ, այդ դեպքից հետո «Նաիրիտում» հիմա 200 աշխատող կա, այդ թվում՝ անվտանգության ծառայություն է գործում։ Հեղուկ նյութերի պահեստը պետ ունի՝ Կարո Ավանեսյան, որն այս պաշտոնում է վերջին 10 տարիներին։ Նրա հետ կապվել չկարողացանք։ Գործարանից պատասխանեցին, որ նա կրակի օրն ու գիշերը տեղամասում է եղել եւ այժմ տանը հանգստանում է։ Աշխատողների հիմնական գործառույթը չաշխատող գործարանի պահպանումն է։ Այդ դեպքում ինչո՞ւ դա չի հաջողվել։ Հարցերը ոչ միայն հետաքննիչներին են վերաբերում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ